«Դոլմաման»` հունգարական փառատոնին

07/09/2010

Սեպտեմբերի 10-13-ը Հունգարիայի Սոլնեկ քաղաքում անցկացվելու է «Գուլյաշի» միջազգային փառատոն, որին մասնակցելու է նաեւ Երեւանում գործող «Դոլմամա» ռեստորանը:

Դեռեւս 1600-ականներին գուլյաշը, որ մեծամասամբ հունգարական ծագում ունի, համարվում էր չոբանների ուտելիք: Այն որոշակիորեն նման է հայկական խաշլամային, բացառությամբ այն հանգամանքին, որ հունգարացիներն այդ ճաշատեսակի մեջ ներմուծեցին նաեւ իրենց ազգային խոհանոցին հատուկ տաքդեղը` «պապրիկան»: «Գուլյաշը հունգարացիների ավանդական ուտելիքն է, որն առանձնահատուկ է հենց այդ պապրիկայի շնորհիվ: Այն բավական կծու է»,- նկատեց «Դոլմամա» ռեստորանի տնօրեն Ժիրայր Ավանյանը: «Փառատոնին մասնակցելու հրավերը մենք ստացանք Սոլնեկի քաղաքապետարանից: Բավական հետաքրքիր էր հրավերի տեքստը, որտեղ ասվում էր. «Ձեր ներկայությունը միջազգային այս արարողությանը կավելացնի հետաքրքրություն»: Մենք էլ որոշեցինք ընդունել հրավերը»,- ասաց Ժ. Ավանյանը: Նրա խոսքով` իրենց ներկայացրած գուլյաշը փոքր-ինչ կտարբերվի հունգարականից, քանի որ իրենք կարտոֆիլի փոխարեն օգտագործելու են սերկեւիլ: «Մեր հաջողության վրա ես չեմ կասկածում: Այնտեղ մեզ հաստատ սիրելու են»,- նշեց «Դոլմամա» ռեստորանի տնօրենը: Հայ խոհարարները, բացի գուլյաշից, հունգարացիներին կհյուրասիրեն նաեւ «Դոլմամայի» հայտնի դոլման, որը, ռեստորանի տնօրենի համոզմամբ՝ տարբերվում է մյուս դոլմաներից: «Դոլմամայի դոլման ոչ թե աղացած մսով է, այլ` ծեծած: 13 տարի առաջ, երբ բացում էի «Դոլմաման», մտածում էի, որ ռեստորանը պետք է անվանը համարժեք լավ դոլմա ունենա: Տանը պատրաստած դոլման կարելի է ուտել առանց դանակի, եւ այն ռեստորանային դարձնելու համար որոշեցի, այսպես ասած` մարմին տալ»,- ասաց Ժ. Ավանյանը: Իսկ թե ինչո՞ւ է ռեստորանը կոչվում «Դոլմամա», զրուցակիցս ժպտալով ասաց. «Դոլման էլ ա լավ բան, մաման էլ: Երկու լավ բաների համարժեքն է»: