Տարածաշրջանի ամենանվաստունակ պետությունը

04/09/2010

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Բաքու կատարած այցով հողին հավասարեցրեց այն ոգեւորությունն ու հրճվանքը, որը ՀՀ իշխանություններն ու պետական քարոզչամեքենան ապրում էին նրա հայաստանյան այցից առաջ եւ հետո: Խնդիրը միայն այն չէ, որ ՀՀ-ի «պաշտոնական ռազմավարական գործընկեր» երկրի նախագահը Բաքվում հայտարարեց, որ Ադրբեջանը եւս ՌԴ-ի համար ռազմավարական գործընկերոջ նշանակություն ունի: Մեդվեդեւը բաց տեքստով ասել է, որ Գյումրիի ռազմակայանների` ՀՀ-ում գտնվելու ժամկետի երկարաձգումը, բացի տարածաշրջանում խաղաղություն ապահովելուց, որեւէ այլ գործառույթ չունի: Այն դեպքում, երբ ՀՀ-ի «քաղաքական միտք» կոչվածը մեկ ամիս շարունակ փորձում է համոզել, թե Ղարաբաղում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում ռուսական զորքերը եւս կմասնակցեն դրանց: Եվ մինչ ՀՀ-ում եթերային հաշվարկներ են անում այստեղ ստորագրված հայ-ռուսական պայմանագրերի օգուտների մասին, երեկ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը եւ ռուսական «Գազպրոմը» պայմանագիր են կնքել՝ ՌԴ մատակարարվող բնական գազի ծավալների մեծացման մասին: Ըստ այդմ, 2011թ. Ադրբեջանից արտահանվող գազի ծավալը կհասնի տարեկան 2 միլիարդ խորանարդ մետրի, իսկ 2012 թ.-ից՝ կգերազանցի այդ ցուցանիշը։ Սակայն ՀՀ-ին նվաստացնելու հարցում ռուսները սահմաններ չեն ճանաչում: Երեկ, այն պահին, երբ Բաքվում ստորագրվում էր նշված փաստաթուղթը, «Գազպրոմը» հայտարարել է, որ առաջիկայում բարձրացնելու է

ՀՀ-ին մատակարարվող գազի գինը: «2010-ին Բելառուսի, Մոլդովայի ու Հայաստանի հետ շարունակվելու է անցումը շուկայական գնագոյացման, եւ այդ պատճառով էլ մենք գների աճ ենք սպասում այդ տարածաշրջաններում»,- երեկ հայտարարել է «Գազպրոմի» փոխնախագահ Անդրեյ Կրուգլովը։ Այնպես որ, հայկական «վերլուծաքաղաքագիտական մտքին» ու գալուստսահակյանական մակարդակի գործիչներին առաջիկայում ծանր օրեր են սպասվում: