Տարին մեկ ամսով հետ ընկավ

04/09/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

– Օրերս մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Գյուղնախարարությունում դարձյալ ստուգումներ են իրականացվում, այս անգամ ոչ թե Վերահսկիչ պալատի, այլ` Ոստիկանության 6-րդ վարչության կողմից: Խոսվում է նոր ֆինանսական չարաշահումների եւ օրենքի խախտման դեպքերի մասին:

– Նման խնդիր չկա, որեւէ բացահայտում կամ ֆինանսական չարաշահման դեպքեր չկան: Մի քանի դեպքեր նախկինում եղել են Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումների մասով: Նոր ստուգումներ մեր նախարարությունում որեւէ իրավապահ մարմնի կողմից բացարձակ չկան: Եթե լինում են ինչ-որ փաստեր կամ խնդիրներ, գալիս են նայում են այդ կոնկրետ երեւույթի հետ կապված: Բայց հիմա նման խնդիր չկա:

– Գյուղնախարարությունն այս տարվա առաջին 6 ամիսների կտրվածքով միակն էր, որ բավականին մեծ անկում արձանագրեց` 13,1 տոկոս: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

– Ընդհանրապես այս տարի աշխարհի շատ երկրներում է նկատվել գյուղատնտեսական ոլորտի անկում: Դա գալիս է տարվա բնակլիմայական պայմաններից: Եթե թվերով խոսենք, ապա անցյալ տարի ունեցել ենք 161 հազար տոննա պտուղ, իսկ այս տարի կանխատեսվում է լավագույն դեպքում 50–70 հազար տոննա, անցյալ տարի հավաքել ենք 370 հազար տոննա հացահատիկ, այս տարի լավագույն թվերով կունենանք 280 հազար տոննա: Սա նշանակում է, որ անկման տարի է, որի հիմնական պատճառը բուսաբուծությունն է: Այս տարվա 6 ամսվա կտրվածքով մենք կենդանական ծագման ապրանքների, կոնկրետ ասենք, ձվի մասով մոտ 30 տոկոս աճ ունենք: Բայց բուսաբուծության ոլորտում վիճակն այլ է: Տարին սկսվեց ցրտահարությամբ, եւ դրանից հետո էլ եղան երկարատեւ հորդառատ անձրեւներ: Այս ամենը թույլ չտվեցին, որ մենք ժամանակին բերք ունենանք, եւ տարին հետ ընկավ մոտ մեկ ամսով: Ակնկալում եմ, որ մինչեւ տարեվերջ, խաղողի, բանջարեղենի բերքի եւ մսի իրացման ծավալների աճի հետ, տարին կփակենք նորից անցյալ տարվա մակարդակով:

– Որպես ոլորտի անկման հիմնական պատճառ՝ նշում եք եղանակային պայմանները: Բայց այսօր գյուղերում վիճակը առանց այդ էլ մտահոգիչ է: Շատերը հիասթափվել են հողից, քանի որ ծախսը շատ է, եկամուտը` չնչին: Եղած բերքն էլ չեն կարողանում նորմալ գներով իրացնել, երբեմն էլ պարզապես փչանում է, եւ թափում են, ինչպես եղավ նախորդ տարի, օրինակ, Շիրակի մարզի մի շարք գյուղերում:

– Այդ խնդիրներն իրականում կան: Կոնկրետ ցորենի մասով մարդիկ հրաժարվում են, չեն ուզում մշակել: Եթե 2005թ. ցանվել է մոտ 125.000 հեկտար ցորեն, ապա այս տարի իջել է 82.000-ի: Դրա պատճառն, իհարկե, մի քանի գործոններ են, բայց հիմնականն այն է, որ չկա լավ եւ որակյալ սերմ: Խնդիր կա նաեւ իրացման, պարարտանյութերի եւ ոռոգման բարձր գների հետ, կամ ոռոգելու հնարավորություն չլինելու հետ: Սրանք նպաստում են, որ մարդիկ բերք չստանան: Այդ պատճառով էլ մենք հիմա կոնկրետ քայլեր ենք իրականացնում: Կառավարությունը հատկացրեց 558 մլն դրամ, եւ մենք փորձում ենք ՌԴ-ից սերմ ներկրել, ինչպես նաեւ՝ էլիտար սերմ գնել տեղական սերմնաբույծներից: Դա 1-ը 2-ի հարաբերակցությամբ վերադարձնելու պայմանով` կբաշխենք գյուղացիներին: Կարտոֆիլի բարձր գինն ու բերքի պակաս լինելը դարձյալ պայմանավորված է եղանակային պայմաններով: Մենք այս տարի չունեցանք վաղահաս կարտոֆիլ, որի պակասը լրացրեցինք մոտ 250 տոննա Իրանից եւ Վրաստանից ներմուծելով, որպեսզի կարողանանք զսպել գները:

– Բայց գները չզսպվեցին: Վերջին տարիների կտրվածքով գյուղմթերքների նման գնաճ չի եղել:

– Հավատացեք, որ եթե չլիներ այդ 250 տոննայի ներկրումը, շատ ավելի բարձր գներ կունենայինք, որովհետեւ մեզ մոտ բերք չկար:

– Իսկ ներկայիս գները Ձեզ համար մտահոգիչ չե՞ն:

– Իհարկե մտահոգիչ են, բայց ես պարբերաբար հետեւում եմ նաեւ այլ երկրներում տիրող իրավիճակին: Տեսնում եմ, որ այս տարի համատարած բերքի պակաս կա: Օրինակ Ռուսաստանը կանխատեսում էր հավաքել մոտ 95 միլիոն տոննա հացահատիկ, բայց այսօրվա դրությամբ հավաքել է ընդամենը մոտ 40 միլիոն տոննա: Դրա համար էլ հիմա այնտեղ աժիոտաժ է, թե սով կլինի, եւ մարդիկ խանութներից մեծաքանակ առեւտուր են անում: Բայց ես կարծում եմ, որ մեզ մոտ հստակ մեխանիզմներ են կիրառվում, որպեսզի նման պրոբլեմ չլինի: Այս տարի ակնկալում ենք, որ կունենանք մոտ 500 հազար տոննայի չափով կարտոֆիլ, որից հանրապետությունում սպառվում է 250-300 հազար տոննան: Բնականաբար կունենանք ավելցուկ, եւ կարտոֆիլի գները հաստատ կիջնեն, չեն կարող չիջնել:

– ՎՊ-ի կատարած ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր, որ նախարարության կողմից պետությանը հասցվել է բավականին մեծ վնաս: Մի շարք համայնքներում փոշիացվել էին ջրարդիացման համակարգերի շինաշխատանքների համար պետությունից տրված գումարները: Վերականգնվե՞լ է վնասը, եթե այո` ապա ի՞նչ միջոցներով:

– Նախ՝ ասեմ, որ այդ ստուգումները եղել են մինչ իմ նախարար նշանակվելը, բայց գումարի վերականգնման ժամանակացույցը կազմվել է իմ օրոք: Նշվել են այն ընկերությունները, որոնք իրականացրել են այդ աշխատանքները, եւ ապա հաշվարկվել է թերությունների պատճառով առաջացած վնասը: Եթե եղել է հնարավորություն, ապա այդ կազմակերպությունները վնասը վերականգնել են իրենց աշխատանքով, իսկ մյուս մասն էլ գումարներով է վերականգնվել բյուջե, եւ մեզ ներկայացվել են համապատասխան անդորրագրեր: Հիմա խնդիրն ամբողջությամբ լուծված է:

– Հակադաբաղային պատվաստանյութի հետ կապված գումարային չարաշահումներն էլ կատարվել էին հենց Ձեր պաշտոնավարության օրոք, եւ ըստ լուրերի` Ձեր գիտությամբ էլ մենաշնորհ է ձեւավորվել, քանի որ երկրորդ տարին անընդմեջ հաղթում էր միեւնույն` չարաշահում թույլ տված ընկերությունը:

– Բացարձակ մենաշնորհի խնդիր չկա: Վակցինայի ձեռքբերման համար գնումների գործակալության հայտարարած մրցույթին մասնակցել էր միայն 1 կազմակերպություն եւ շահել մրցույթը իր ներկայացրած գնով: Հենց այդ ժամանակ էլ ես բարձրաձայնեցի, որ դա նույն կազմակերպությունն է, եւ ներկայացրած գինն էլ նախորդ տարվանից ավելի բարձր է: Վարչապետի վերահսկողական ծառայությունը կանչեց այդ կազմակերպության տնօրենին, լսեց նրա հիմնավորումները, որոնք չընդունվեցին, եւ այդ ինքնարժեքը հաշվարկող փաստաթղթում կազմակերպիչը հանեց իր շահույթը, կատարվեց փոփոխություն, ապրանքի գինն էժանացավ, եւ նա նորից հաղթեց:

– Հենց այդ բացահայտումներից հետո էլ տարածվեցին Ձեր` աշխատանքից ազատման վերաբերյալ խոսակցությունները, որոնք օրերս կրկին ակտիվացել են: Տեղեկություններ կան, որ Ձեզ եւս, «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ մյուս նախկին նախարարների օրինակով, կտեղափոխեն` զբաղվելու ներկուսակցական աշխատանքներով:

– Նման բան չկա: Բայց ես իմ կուսակցության զինվորն եմ, եթե իմ կուսակցությունը որոշի, որ ես պետք է գնամ ու ամենահեռավոր տարածաշրջանում իրականացնեմ իմ աշխատանքները, ես դա կանեմ: Իմ կուսակցության ղեկավարն իմ առաջ միայն աշխատելու խնդիր է դրել, դրա համար էլ ես անկաշկանդ եմ: