Հայ ազգային կոնգրեսը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` սեպտեմբերի 17-ի հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու թույլտվություն չստանալու կապակցությամբ: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանն արգելել է ՀԱԿ-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել: Ըստ ՀԱԿ-ի հայտարարության` համաձայն օրենքի՝ զանգվածային միջոցառման անցկացման արգելումն այլ միջոցառման անցկացման պատճառաբանությամբ կարող է լինել միայն այնպիսի միջոցառումների դեպքում, որոնց վերաբերյալ օրենքով սահմանված կարգով տրվել է իրազեկում: «Բոլորը հավասար են օրենքի առաջ, եթե քաղաքապետարանը ցանկանում է այնպիսի միջոցառում անցկացնել, որը կարող է հիմք ծառայել այլ միջոցառումների արգելման համար, պետք է օրենքով սահմանված կարգով իրազեկեր այդ միջոցառման մասին, ինչը չի արել: Այսպիսով, արգելման մասին քաղաքապետարանի որոշումը բացարձակ ապօրինի է»,- ասված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ: «Բոլորիս հասկանալի է, որ գործելով ապօրինության դաշտում` Երեւանի քաղաքապետարանը եւ նրա վճիռը հաստատող դատարաններն ուղղակի կատարում են Սերժ Սարգսյանի հրամանները: Իրականում հենց գործող բռնապետական ռեժիմն է, որ պատրաստ է մանր աֆերիստի մեքենայություններով դիմել ամենաճղճիմ քայլերի` քանդել եւ 2 տարի շարունակ քանդած վիճակում պահել Ազատության հրապարակը, բացումից հետո կազմակերպել անհեթեթ միջոցառումներ, փչացնել Ազատության հրապարակի տեսքը մանկապարտեզի խաղալիքներով ու կարուսելներով, ըստ էության` թաքնվել մանուկների կենդանի վահանի հետեւում, միայն թե թույլ չտալ միացյալ ընդդիմությանն անցկացնել հանրահավաք հայկական ժողովրդավարության օրրանում՝ Ազատության հրապարակում,- ասված է հայտարարության մեջ,- Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքից սարսափելով՝ իշխանությունները նաեւ ընդունում են, որ չեն տիրապետում իրավիճակին երկրում եւ ներքաղաքական ճգնաժամը կարգավորված չեն համարում: Իշխանություններն իրենց գործողություններով ցույց են տալիս, որ փաստորեն պատրաստ են խախտել երկրի Սահմանադրությունը եւ օրենքները, Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիան, խաթարել երկրի միջազգային վարկը, միայն թե թույլ չտան Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքը»: