Չարչրկված խոսակցություններին, թե սահմանադրական հանրաքվեի ձախողումից
հետո կհետեւի վարչապետի հրաժարականը, ի վերջո, արձագանքեց նաեւ Անդրանիկ
Մարգարյանը. «Չեմ տալու, նման հարց ընդհանրապես չի քննարկվել: Կոալիցիան
կառավարության ծրագրում ունի սահմանադրական փոփոխություններ կատարելու
պարտավորություն, որն անում ենք, բայց հանրաքվեի դրական կամ բացասական
արդյունքի համար հետեւանքները քաղաքական չեն լինելու: Այլ խնդիր է, որ
նրանք որպես քաղաքական կուսակցություններ պարտավոր են քարոզարշավն այնպես
տանել, որ ժողովուրդը հանրաքվեին անպայման դրական պատասխան տա: Մենք
կփորձենք այդ աշխատանքը կազմակերպել»: Հարցին, թե սահմանադրական
փոփոխություններին «ոչ» ասելն արդյոք չի՞ նշանակի «ոչ» ներկա
իշխանություններին, Ա. Մարգարյանը պատասխանեց. «Չէի ասի»: Ի դեպ, երեկ ԱԺ
նախագահ Արթուր Բաղդասարյանի մոտ հանրաքվեի կազմակերպչական աշխատանքների
վերաբերյալ խորհրդակցություն էր, որտեղ, ըստ որոշ լուրերի, պետք է
քննարկվեր նաեւ ամենակարեւոր` հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները
կազմակերպող շտաբի ղեկավարի հարցը: Քանի որ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել
է շտաբի ղեկավար նշանակել չվարկաբեկված ու հանրության մեջ որոշակի կշիռ
ունեցող մեկին, լրագրողները հետաքրքրվեցին` Ա. Մարգարյանը նման թեկնածուի
առաջարկ ունի՞: «Շտաբը ձեւավորված է` առայժմ առանց նախագահի: Դեռ
քննարկում ենք` քաղաքական, տեխնիկական, քարոզչական խնդիրներ լուծելու
համար նախագահի անհրաժեշտություն կլինի՞, թե՞ ոչ: Յուրաքանչյուր
կուսակցություն իր ներկայացուցիչներին արդեն գործուղել է աշխատելու, եւ
այսօր այդ հերթական խմբերից մեկի հանդիպումն է եղել Արթուր Բաղդասարյանի
մոտ»,- վստահեցրեց Ա. Մարգարյանը` այդպես էլ չնշելով չվարկաբեկված ու
հանրության մեջ որոշակի կշիռ ունեցող մեկի անունը: