Միակ մխիթարանքը Մեդվեդեւի կինն է

04/09/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հայաստան կատարած պետական այցից կարճ ժամանակ անց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկօրյա պաշտոնական այցով երեկ մեկնեց Բաքու։ Հայաստանի «վերլուծական միտքը» (հիմնականում` պետպատվերի շրջանակներում գործող), սեփական երկրի խնդիրները մի կողմ դրած, մանկական նախանձով սկսեց հետեւել ու մեկնաբանել այդ այցի յուրաքանչյուր մանրամասն ու յուրաքանչյուր խոսք՝ նույն մանկական ոգեւորությամբ զուգահեռներ անցկացնելով ՀՀ կատարած այցի հետ ու «բացահայտելով» ադրբեջանական այցի անիմաստությունը։

«Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի այցելությանն Ադրբեջան, ապա այն հակիրճ կարելի է բնորոշել որպես այցելություն՝ հանուն այցելության։ Խնդիրն այն է, որ ՌԴ նախագահի այցելության ծրագրում չկա որեւէ կետ, որը որոշակի կարեւորություն հաղորդեր այս այցին»,- panorama.am-ին ասել է նորահայտ քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ ավելացնելով, որ ՌԴ նախագահն այցելել է հարեւան երկիր՝ պարիտետը պահպանելու համար։ Ասել է թե, որ ադրբեջանցիները «քիթները չկախեն»՝ տիպիկ կովկասյան նեղացկոտություն դրսեւորելով հյուրընկալության հարցում։ Իհարկե, Ա. Մինասյանին, մյուս քաղաքագետներին եւ նրանցից մեկնաբանություն խնդրող լրագրողներին կարելի էր հարցնել՝ եթե այցն այդքան աննշան էր եւ անիմաստ, ինչո՞ւ եք անդադար քննարկում այն։ Իրականում, սակայն, Մեդվեդեւի այցն այնքան էլ անիմաստ չէր։ Իհարկե, այցի ընթացքում եղան «թիթիզ» ու ֆորմալ պահեր՝ Մեդվեդեւին շնորհվեց Բաքվի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, կազմակերպվեց ճաշկերույթ, ՌԴ-ին վերադարձվեցին մաքսանենգներից բռնագրավված 5 սրբապատկերներ, հնչեցին ստանդարտ ելույթներ։ Սակայն ուշադրության արժանի իրադարձություններ նույնպես արձանագրվեցին։ Օրինակ՝ ստորագրվեց ռուս-ադրբեջանական պետական սահմանի մասին պայմանագիր։ Սակայն մյուս պայմանագիրը շատ ավելի կարեւոր է եւ դարձել էր Մեդվեդեւի այցի մասին պատմող ռեպորտաժների հիմնական կետը։

Ինչպես գրում է ռուսական «Կոմերսանտը», ՌԴ նախագահի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը եւ ռուսական «Գազպրոմը» պայմանագիր են կնքել՝ Ռուսաստան մատակարարվող բնական գազի ծավալների մեծացման մասին։ Փաստաթղթի համաձայն, 2011թ. գազի ծավալները կհասնեն տարեկան 2 միլիարդ խորանարդ մետրի, իսկ 2012 թվականից՝ կգերազանցեն այդ ցուցանիշը։ «Կոմերսանտը» հիշեցրել է, որ Ադրբեջանը մասնակցում է եվրոպական Nabucco նախագծին, որը ռուսական South Stream գազամուղի մրցակիցն է։ Սակայն ռուսներն արդեն այնքան լավ են վերաբերվում ադրբեջանցիներին, որ այդ փաստը նրանց այլեւս չի անհանգստացնում։ «Կան տարբեր նախագծեր, եւ մենք չենք կարող ու չպետք է խոչընդոտենք մեկս մյուսին։ Ռուսաստանը եւ Ադրբեջանը խոշոր խաղացողներ են, ռեսուրսների մատակարարներ, հետեւաբար` մենք պետք է պայմանավորվենք եւ կոոպերացվենք»,- ասել է Դ. Մեդվեդեւը։

Այն, որ էներգակիրների գործոնը շատ ավելի կարեւոր է «դարավոր եղբայրությունից» ու «օրհնված սհաթներից», ոչ ոքի համար նորություն չէ։ Հետեւաբար, չպետք է զարմանալ, որ «գազային համերաշխության» ֆոնին Հայաստանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող երկիրը Հայաստանի ռազմավարական գործընկեր երկրի համար հանկարծ բարձրացնում է իր կարգավիճակը, թեկուզ առայժմ բանավոր։ Այսպես, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ադրբեջանին անվանել է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր եւ նշել, որ այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերն ավելի կամրապնդեն բարեկամական հարաբերությունները։ Եվ վերջապես՝ ընդգծելով, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցել են տնտեսական ոլորտում, Մեդվեդեւն ասել է, որ անվտանգության հարցերը կարեւոր բաղադրիչ են ժամանակակից աշխարհում։

Այսքանից հետո ասել, թե Մեդվեդեւի այցը ինքնանպատակ էր, առնվազն ինքնախաբեություն է։ Այդ դեպքում նրա` Հայաստան կատարած այցն ինչո՞վ էր այդքան կարեւոր։ Կոնկրետ ի՞նչ օգուտ ունեցավ Հայաստանն այդ այցից՝ Գյումրիի ռազմաբազայի ժամկետի անհասկանալի երկարաձգումից բացի։ Այս հարցին որեւէ կոնկրետ, «խելքը գլխին» պատասխան ոչ ոք այդպես էլ չտվեց։ Ի դեպ, Մեդվեդեւը Բաքվում ընդգծել է, որ հայկական կողմի հետ տվյալ համաձայնագրի ստորագրումը չի փոխում համաձայնագրի ոչ մի սկզբունքային պայման։ «Այն միայն մեկ բան է նշանակում. բազայի ժամկետը կերկարացվի մի քանի տարով»,- ասել է նա։

Իհարկե, մեր որոշ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ կարող են մեկը մյուսին հերթ չտալով ասուլիսներ հրավիրել ու լուրջ դեմքով հայտարարել, որ Ադրբեջանին ռազմավարական գործընկեր ճանաչելով՝ Ռուսաստանը չի դավաճանում մեզ՝ դե յուրե ռազմավարական գործընկերոջը (ինչպես խոսում էին C 300 կայանքների վվաճառքի մասին)։ Իսկ ինչ վերաբերում է գազային հարաբերություններին, ապա քաղաքակիրթ աշխարհում փողն առաջին տեղում է, եւ շատ նորմալ է, որ ռուսները ցանկանում են Ադրբեջանից գազ գնել։

Հետաքրքիր մի զուգադիպությամբ, երեկ մի տեղեկություն էլ տարածվեց, որը կրկին վերաբերում է Ռուսաստանին, Հայաստանին եւ գազին։ «2010-ին Բելառուսի, Մոլդովայի ու Հայաստանի հետ շարունակվելու է անցումը շուկայական գնագոյացման, եւ այդ պատճառով էլ մենք գների աճ ենք սպասում այդ տարածաշրջաններում»,- ըստ «ՀըԽ»-ի, երեկ հայտարարել է «Գազպրոմ» ընկերության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կրուգլովը։ Այն դեպքում, երբ ընդամենը 5 ամիս առաջ «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը հավաստիացնում էր, որ մոտ ապագայում գազի գնի թանկացում չի լինի։ Մյուս կողմից, սակայն, զարմանալ պետք չէ. Կարեն Կարապետյանը կարող էր եւ չիմանալ։ Ռուսները Հայաստանի հետ ընդհանրապես հաշվի չեն նստում, որովհետեւ հաշվի նստում են այն պետությունների հետ, որոնք քիչ թե շատ անկախ են եւ որոնցից ինչ-որ ակնկալիքներ ունեն։ Մեր դեպքում ռուսներն այլեւս ոչ մի ակնկալիք չունեն, քանի որ բոլոր ակնկալիքներն այսօր իրականություն են դարձել, ստացել են այն, ինչ ցանկացել են։ Ամենացավալին այն է, որ մենք ոչ թե նեղվում ենք մեր այս կախյալ, «ֆորպոստային» վիճակից, այլ գոհունակությամբ խոսում դրա մասին։ «Ռուսական ներդրումները Հայաստանում այսօր հասնում են 2.75 միլիարդ դոլարի։ Ռուսաստանը Հայաստանի համար շատ կարեւոր առեւտրատնտեսական գործընկեր է։ Այն Հայաստանի հիմնական ներդրողն է։ Ռուսաստանը նաեւ հայկական արտադրանքի սպառման գլխավոր շուկան է։ Հայաստանում այսօր գործում են ռուսական կապիտալով 1400 ընկերություններ»,- Մեդվեդեւի այցի նախօրեին «Ռոսիա 24» ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում անթաքույց հպարտությամբ ասում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անուղղակիորեն խոստովանելով դառը իրականությունը։ Եվ այս իրավիճակում հայկական կողմից սփոփանքի համար երբեմն զավեշտի հասնող դետալների վրա դատողություններ են հնչում։ Օրինակ, հայաստանյան լրատվամիջոցներից մեկը հարց է տվել մի քաղաքագետի. «Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Բաքու: Արդյոք պատահակա՞ն էր, որ այդ այցելությունից առաջ, սեպտեմբերի 1-ին, ՌԴ առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւան այցելեց Մոսկվայի մարշալ Բաղրամյանի անվան թիվ 481 միջնակարգ դպրոց»: Պատասխանը չի զիջում հարցին. «Լինում են դեպքեր, երբ փաստերն ինքնին այնքան խոսուն են, որ որեւէ մեկնաբանություն ուղղակի ավելորդ է: ՌԴ նախագահի Բաքու այցելությունից առաջ Սվետլանա Մեդվեդեւայի այցը Մարշալ Բաղրամյանի դպրոց նման դրսեւորումներից մեկն է»: Մեկնաբանություններն իրոք ավելորդ են։ Եթե ՌԴ առաջին տիկինը հայկական ազգանվան հետ կապ ունեցող մեկ-երկու տեղ էլ այցելի, կարելի է ընդհանրապես հրաժարվել անկախությունից եւ դառնալ ՌԴ երկրամաս՝ ի նշան դարավոր եղբայրության եւ երախտագիտության։