– Մարինե, ՀԱԿ-ի գործունեության մասին բացասական կարծիքներ հայտնողները, առավել եւս նրանք, ովքեր հանդգնում են ՀԱԿ-ն անվանել «հին ընդդիմություն», ինչպես դու արեցիր, եւ առաջարկել նոր ընդդիմություն ստեղծել, անմիջապես ՀԱԿ-ի կողմից որակվում են որպես «իշխանության դրածոներ», «ականներ» եւ այլն: Փաստորեն այս հեռանկարը քեզ չի՞ վախեցնում: Դու մտավախություն չունե՞ս, որ քեզ կմեղադրեն ՀԱԿ-ում պառակտման գործընթացներ նախաձեռնելու մեջ:
– Իմ «ական» լինելու մասին խոսակցություններ, ճիշտն ասած, չեմ լսել։ Ինձ մեղադրում են ուրիշ բանի` «մոլորված լինելու» եւ ուրիշներին «մոլորեցնելու» փորձերի մեջ։ Իսկ ես, ի տարբերություն շատերի, ուղղակի ասում եմ էն, ինչ մտածում եմ։ Անցած երեքուկես տարիների ընթացքում, կանոնավոր հանդես գալով մամուլում, ես ձեռք եմ բերել շատ մեծ թվով ընթերցողներ, բայց ընթերցողների էդ բազմության մեջ իմ համար թանկ են նրանք, ովքեր ինձ սիրում են իմ անկեղծության համար եւ նրա համար, որ իմ տեքստերը մարդկանց ստիպում են մտածել։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Որովհետեւ երբ որ ես սկսեցի ՀԱԿ-ին քննադատել, զգուշացնել, որ Կոնգրեսը շարժումը դեպի փակուղի ա տանում, գտնվեցին մարդիկ, որ մոտենում ու ինձ ասում էին` «Մարինե, տխուր բաներ մի գրի, մենք ոգեւորության կարիք ունենք, ինչո՞ւ առաջվա պես չես ոգեւորում մեզ»։ Բայց ոգեւորությունը, որը խաբեության վրա ա հիմնված, շատ վտանգավոր բան ա։ Հենց էդ ա մոլորությունը։ Էդ մարդիկ` իմ ընթերցողների մի մասը, փաստորեն ուզում էին, որ ես խաբեմ իրանց։ Բայց ես երբեք չեմ խաբի ոչ ինքս ինձ, ոչ էլ իմ ընթերցողին։ Եթե սխալվել եմ, կասեմ սխալվել եմ, որ կարողանամ ուղղել իմ սխալն ու շարժվել առաջ։
– Թվում էր` դու ՀԱԿ-ի անվերապահ համակիրներից ես, եւ այն, ինչ ասում է ՀԱԿ առաջնորդը, անվիճելի ճշմարտություն է: Կասե՞ս, թե կոնկրետ ինչն է քեզ հիասթափեցրել:
– Նախ եւ առաջ ճշտեմ, որ ես երբեք չեմ հավատացել անվիճելի ճշմարտությունների կամ անսխալական մարդկանց։ Տեր-Պետրոսյանին էլ երբեք անսխալական չեմ համարել։ Ուղղակի համարել եմ ու հիմա էլ համարում եմ` խոշոր քաղաքական գործիչ։ Հիշում ես երեւի` ինչ հուսալքված վիճակ էր Հայաստանում 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո։ Երբ որ սեպտեմբերի 21-ին «Մարիոթ» հյուրանոցում Տեր-Պետրոսյանի ելութից պարզ դարձավ, որ ինքը վերադառնում ա քաղաքականություն, ես ոգեւորվեցի, որովետեւ մտածում էի, որ դրա արդյունքում Հայաստանը դուրս կգա քաղաքական ապատիայի վիճակից։ Ու ես չսխալվեցի` Հայաստանում իսկապես սկսվեց քաղաքական ու հասարակական մեծ աշխուժության մի շրջան։ Իսկ ամենակարեւորը` ես մտածում էի, որ Լեւոնի վերադարձով ու նախագահ դառնալով՝ կվերականգնվի քաղաքական համակարգը Հայաստանում։ Որովհետեւ անգամ Տեր-Պետրոսյանի ամենամոլի հակառակորդները կհամաձայնեն, որ Լեւոնը քաղաքական գործիչ ա, ոչ թե կրիմինալ դեմք կամ օլիգարխ։ Ավազակապետությունը կազմաքանդելու Տեր-Պետրոսյանի կարգախոսը ես հենց դրա համար եմ ողջունել` որպես քրեաօլիգարխիկ համակարգը քաղաքական համակարգով փոխարինելու ծրագիր, որովհետեւ առանց դրա ոչ մի առաջընթաց Հայաստանում հնարավոր չի։ Իհարկե, էն կարծիքը, որ հենց Տեր-Պետրոսյանն ա էդ քրեաօլիգարխիկ համակարգի հիմնադիրը, ինձ ծանոթ էր։ Ու ես գիտեի նաեւ, որ էդ կարծիքի մեջ ճշմարտության որոշակի բաժին կա։ Բայց ես մտածում էի, որ Տեր-Պետրոսյանի նման խելացի մարդը, 10 տարի մտածելու ժամանակ ունենալով, չի կարող գիտակցած չլինել սեփական սխալները։ Ու իհարկե, ես սպասում էի, որ Տեր-Պետրոսյանը դրանց մասին կխոսի, մասնավորապես ներողություն կխնդրի 96-ի համար։ Ներողությունը չհնչեց, ու դա ինձ տխրեցրեց, բայց խոստովանեմ` էն ժամանակ ես էս փաստի չարագուշակությունը թերագնահատեցի։ Մտածում էի` դա ուղղակի թելադրված ա պրագմատիկ հաշվարկով. ընտրությունների ժամանակ թեկնածուները սովորաբար սեփական առավելություններից են խոսում, ոչ թե սխալներից։ Բայց հիմա հասկանում եմ, որ սխալվում էի, եւ պատճառն ուրիշ էր. Տեր-Պետրոսյանը փաստորեն ինքն իրան համարում ա անսխալական։ Բոլորս հիշում ենք, թե ոնց 1997թ. գրված Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը քաղաքական ճգնաժամ առաջացրեց Հայաստանում ու պատճառ դարձավ առաջին նախագահի հրաժարականին։ Էդ հոդվածի գլխավոր միտքն էն էր, թե ինչքան մեր կողմից զիջումներն ու հայ-ադրբեջանական հաշտությունը ուշանան, էնքան մեզ համար վատ ա լինելու։ 10 տարվա լռությունից հետո հարմար պահ գտնելով ու վերադառնալով քաղաքականություն, Տեր-Պետրոսյանը նախ առաջ քաշեց ավազակապետությունը կազմաքանդելու նոր կարգախոսը, հարյուր-հազարավոր մարդկանց հույս տվեց, էդ կարգախոսով հանեց ոտքի, դրա միջոցով վերականգնեց սեփական իմիջը հասարակության մեջ, հետո արդեն, նորից հարմար պահը գտնելով, կտրուկ շրջադարձ կատարեց ու վերադարձավ իրա հին մտքին` հայտարարելով, թե իշխանափոխությունը մեզ ոչ մի բան չի տա, որովհետեւ Հայաստանը չի կարող զարգանալ, քանի դեռ ադրբեջանցիների հետ չի կնքվել հաշտություն։ Կարծես թե ընդամենը երկու տարի առաջ ինքը չէր իշխանափոխությունը Հայաստանի միակ փրկություն համարողը, կարծես թե դրան հասնելու ճանապարհին չէին եղել մարտի 1-ի զոհերը, չէին եղել քաղբանտարկյալները, չէին եղել հազարավոր մարդկանց զոհողությունները։ Կան մարդիկ, որոնք Տեր-Պետրոսյանի էս հատկանիշը` մի անգամ ասածից համառորեն չհրաժարվելը, համարում են սկզբունքայնություն։ Իսկ ես ուրիշ կարծիքի եմ։ Դա ոչ թե սկզբունքայնություն ա, այլ էգոիզմ` երբ որ 10 տարի առաջվա դիրքորոշմանդ ճիշտ լինելն ապացուցելը ավելի կարեւոր ա դառնում, քան քեզ հավատացած մարդկանց՝ ու նաեւ՝ ամբողջ Հայաստանի, ճակատագիրը։
– Ինչո՞ւ դու նման կտրուկ քննադատությամբ եւ նոր ընդդիմություն ստեղծելու կոչով հանդես չեկար ավելի շուտ, այն ժամանակ, երբ, ասենք, 2008թ. մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը չեկավ Մյասնիկյանի արձանի մոտ եւ չփորձեց կանխել այդ ողբերգական դեպքերը, կամ` երբ Լ. Տեր-Պետրոսյանը բացահայտ համագործակցություն էր առաջարկում իշխանությունների հետ եւ այլն:
– Մարտի 1-ին ես ինքս չեմ եղել Մյասնիկյանի արձանի մոտ, անհետաձգելի վիրահատության պատճառով հիվանդանոցում էի։ Հիվանդասենյակում հեռուստացույց կար, ու հիշում եմ` փողով էր, 100 դրամը մի ժամվա համար գցում էիր հատուկ հարմարանքի մեջ, ու քո տված փողի դիմաց վրադ էր թափվում ստի ու զրպարտության մի իսկական հեղեղ։ Էդ պայմաններում, երբ որ պաշտոնական քարոզչությունը ամեն ինչում մեղադրում էր ընդդիմությանն ու դրա առաջնորդին, իմ կողմից էդ մեղադրանքներին միանալը, չեմ կարծում, թե ազնիվ կլիներ։ Ես հիվանդանոցում բավական երկար մնացի, ու երբ որ դուրս եկա, նորից սկսեցի շփվել մարդկանց հետ, տեսա, որ մարդիկ չեն կոտրվել։ Ամռանը նորից վերսկսվեցին հանրահավաքները, ու շարժումը նորից գնում էր դեպի վերելք։ Բայց կատարվեց անհավատալին` վերելքի մեջ գտնվող էդ շարժումը 2008 թվի սեպտեմբերին Տեր-Պետրոսյանը ձեռքի մի հարվածով կանգնացրեց։ Գյուլի այցելության հետ կապված ՀԱԿ-ի հանրահավաքը նախ 2 անգամ հետաձգվեց, հետո, երբ որ տեղի ունեցավ, հարթակից ասացին, որ «աշխարհաքաղաքական փոփոխությունների» հետ կապված` հանրահավաքները դադարեցվում են։ Ես էսօրվա պես պարզ հիշում եմ էդ օրը, հիշում եմ՝ ինչ էր կատարվում Մատենադարանի մոտ կանգնած մարդկանց հետ։ Հոգեբանական շոկի մեջ էին բոլորը։ Հենց էդ օրվանից էլ շարժումը գնաց դեպի մարում, որովհետեւ ՀԱԿ-ը փաստացի դադարեց ընդդիմություն լինելուց։ Հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայտարարվեց առաջնահերթ խնդիր, իսկ էդ հարցում Տեր-Պետրոսյանը ողջունում էր Սերժ Սարգսյանի քայլերը եւ, ոնց որ ինքն ա մի քանի անգամ ասել, չէր ուզում դրանց իրագործմանը խանգարել։ Այսինքն` համագործակցությունը իշխանությունների հետ էն մասով, որ մասով որ Տեր-Պետրոսյանից էր կախված, իրականում կա` ընդդիմությունը փաստացի ինքնալուծարվել ա։ Ինչ վերաբերում ա «ազգային համաձայնության կառավարություն» կազմելու առաջարկին, որը Տեր-Պետրոսյանը արեց 2009թ. մարտի 1-ի հանրահավաքում, ես դրան անդրադարձել եմ իմ «Արտակարգ դրություն» հոդվածում, ասելով, թե դա նշանակում ա, որ ժողովրդին հերթական անգամ խաբեցին, ու որ պահանջվում ա քաղաքական նոր առաջնորդ։ Եղիազար Այնթապցու վիրավորական ու անհեթեթ պատմությանը նույնպես անդրադարձել եմ` գրելով, որ Սերժին լեգիտիմացնելու առաջարկ անելուց առաջ Տեր-Պետրոսյանը պարտավոր էր հարցնել ՀԱԿ անդամների կարծիքը, քանի որ մեկը` ես, ու համոզված եմ՝ իմ նման շատ-շատերը, համաձայն չէինք։
– Համաձայն որոշ վերլուծությունների` Տեր-Պետրոսյանի քաղաքական ծրագիրը ոչ թե իշխանափոխության հասնելն է, այլ` իշխանափոխությունը կանխելն ու Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը խոչընդոտելն է: Նաեւ` որ հերթական ընտրությունների ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմելու Սերժ Սարգսյանի հետ, ինչպես դա եղավ 1998-ին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի դեպքում: Ի՞նչ կասես այս մասին:
– Չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանի վերադառնալու հնարավորությունը իրական ա, եւ ՀԱԿ-ում դրան լրջորեն հավատում են, դրա համար են անընդհատ, փաստացի իշխող Սերժին թողած, Քոչարյանին քննադատում։ Ուղղակի, եթե ինքդ քեզ ընդդիմություն ես կոչում, ինչ-որ մեկին պետք ա քննադատե՞ս, թե՞ չէ։ Սերժ Սարգսյանին ՀԱԿ-ը փաստորեն դադարել ա քննադատել, քանի որ ներքին հարցերը հիմա երկրորդ պլան են մղվել, իսկ Սերժի արտաքին քաղաքական կուրսը ՀԱԿ-ի համար ընդունելի ա։ Եթե Տեր-Պետրոսյանը էդ կուրսը քննադատում էլ ա, ապա ոչ թե հակառակորդի, այլ ավելի ծայրահեղ հետեւորդի դիրքերից։ Ավելի պարզ ասած` Տեր-Պետրոսյանն ընդամենն ուզում ա, որ Սերժ Սարգսյանը վերջնականորեն չհրաժարվի հայ-թուրքական կարգավորման գործընթացից ու էդ գործընթացը շարունակելու համար` ղարաբաղյան հարցում զիջումների գնա։
Ինչ վերաբերում ա Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան, կամ որ նույնն ա թե` ՀԱԿ-Հանրապետական դաշինքի հնարավորությանը առաջիկա ընտրություններում… Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Բայց քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չի։
– Քո «Նոր ընդդիմության կառուցվածքը» հոդվածում գրել էիր. «…Նոր ընդդիմությունը չպետք ա հավաքվի մեկ լիդերի շուրջ, որովհետեւ հենց էդ հանգամանքը` մեկ լիդեր ունենալը, հանգեցրեց 2008-ի շարժման պարտությանը»: Իսկապե՞ս կարծում ես, որ 2008-ի շարժումը պարտություն է կրել: Չէ՞որ ՀԱԿ-ը պատրաստվում է սեպտեմբերից հանրահավաքների ալիք բարձրացնել ու հասնել իշխանափոխության: Չե՞ս հավատում նման հայտարարություններին:
– Բոլորի համար ակնհայտ ա, որ իշխանափոխության նպատակը ՀԱԿ-ի օրակարգից հանված ա։ 2008-ի աշնանը վճռական գործողություններով իշխանափոխության հասնելու ուղեգիծը Տեր-Պետրոսյանի կողմից դատապարտվեց, եւ ՀԱԿ-ը սկսեց սպասել ղարաբաղյան խնդրում կտրուկ զարգացումների։ Մի տարուց ավելի մարդկանց սպասման մեջ էին պահում` ասելով` շուտով կտրուկ զարգացումներ են լինելու, կտրուկ զարգացումներ են լինելու, բայց ոչ մի բան էլ չեղավ։ Երբ որ տեսան` չէ, ոչ մի բան չի լինում, սկսեցին խոսել իշխանության ներսում եղած ճաքերից, որոնք, ասում էին, ուր որ ա կլայնանան, եւ իշխանությունը ներսից կփլվի։ Բայց հիմա արդեն դրանից էլ չեն խոսում, մենակ մեկ-մեկ հիշատակում են ինչ-որ անորոշ ապագայում անհասկանալի նպաստավոր գործոնների մասին, որոնք հնարավոր կարող են դարձնել իշխանափոխությունը։ Ու բոլորի համար ակնհայտ ա, որ դա լուրջ չի, որ էսօրվա վիճակով ՀԱԿ-ի նպատակն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մի քանի պատգամավորական տեղ վերցնելն ա դարձել։ Բայց ասեմ, որ ՀԱԿ-ն ու 2008-ի շարժումը իմ համար նույն բանը չեն։ Շարժումը տարերային երեւույթ ա եւ իրա մեջ լիքը հնարավորություններ ա պարունակում, որոնց մի մասն ա միայն իրականանում։ 2008-ի շարժման շարունակությունը ՀԱԿ-ը եղավ` բրգաձեւ մի կառույց, որտեղ ներքեւի շարքերը ֆորմալ առումով ազատ են, բայց փաստացի ոչինչ չեն որոշում։ Հենց ՀԱԿ-ի բրգաձեւ կառույցի մեջ մտնելով էր, որ շարժումը պարտվեց։ Ու իմ համար շարժման պարտությունն անտանելի մի փաստ ա, որի հետ ես չեմ կարող հաշտվել։ Նոր ընդդիմությունը, որի մասին խոսում եմ, ես պատկերացնում եմ որպես 2008-ի շարժման չիրականացած հնարավորությունների իրականացում։ Իմ համար 2008-ի շարժման մեջ ամենաթանկը մարդկանց հավատն էր սեփական ուժերի նկատմամբ։ Չի կարելի թույլ տալ, որ էդ հավատը կորի, փոխարինվի հուսահատությամբ։ Էս վերջերս Լեւոն Զուրաբյանը կարծիք էր հայտնել, թե ոչ մի նոր ընդդիմություն հաղթանակի շանս չի կարող ունենալ, քանի որ նույնիսկ Կոնգրեսը, էդքան զանգվածային լինելով, հաղթանակի չհասավ, մենք հո ավելի շատ մարդ չե՞նք կարողանալու հավաքել։ Բայց խնդիրը շատ մարդ հավաքելը չի։ Երբ որ շատ մարդիկ հավաքվում են մեկ անձի շուրջը, հերիք ա էդ մեկ մարդը սխալ որոշում ընդունի կամ պարզապես հոգնի, մնացած հարյուր-հազարները փաստորեն դառնում են ոչինչ։ Ես իմ աչքերով եմ դա տեսել, ավելի սարսափելի բան անհնար ա պատկերացնել։ Ու որպեսզի սրա կրկնությունը բացառվի, նոր ընդդիմությունը պետք ա հավաքվի ոչ թե անձի, այլ գաղափարի շուրջը։ Դա նոր ազատականության գաղափարն ա, որը զարգացման նոր իմպուլս կտա Հայաստանի թե՛ տնտեսությանը, թե՛ հասարակությանը։ Ազատականության կենտրոնական արժեքը մարդն ա։ Հայաստանի գլխավոր ռեսուրսն էլ ա մարդը։ Եթե մենք կարողացանք օգտագործել էդ ռեսուրսը` կունենանք էն Հայաստանը, որին բոլորս արժանի ենք։