Չինաստանի հետ մի քանի միլիարդ դոլարանոց պայմանագրի ստորագրումից մեկ տարի չանցած՝ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը բացեց ռուս-չինական նավթամուղի ռուսական հատվածը։
Օգոստոսի 29-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը բացեց ռուս-չինական նավթամուղի 84 կիլոմետրանոց հատվածը, որը ձգվում է Արեւելյան Սիբիրի Սկովորոդինո քաղաքից մինչեւ Ռուսաստանի եւ Չինաստանի սահմանը։ Բացման պաշտոնական արարողությանը, որը տեղի ունեցավ Ամուրի երկրամասի Սկովորոդինո քաղաքում, մասնակցում էին նաեւ Չինաստանի Էներգետիկայի ազգային ադմինիստրացիայի տնօրեն Չանգ Գուոբաոն, ինչպես նաեւ՝ պաշտոնյաներ Չինաստանի Ազգային զարգացման եւ բարեփոխումների կոմիտեից, եւ Չինաստանի ազգային նավթային ընկերությունից (CNPC), որոնք ներգրավված են այս նախագծում։
Շահագործման հանձնված հատվածը, այսպես կոչված, «Արեւելյան Սիբիր-Խաղաղ Օվկիանոս» նավթամուղի մի մասն է եւ կառուցվում է նավթամուղային մոնոպոլիստ «Տրանսնավթ» պետական ընկերության կողմից։ Նավթամուղի կառուցման պամար հիմք է հանդիսացել ռուսական կողմից համաձայնությունը Չինաստանի՝ իր մեծությամբ երկրորդ պետական էներգետիկ ընկերության՝ CNPC-ի հետ։ Բացման արարողության վերջում Պուտինը վստահություն հայտնեց, որ չինական հատվածի կառուցումը կավարտվի մի քանի ամսից եւ հնարավոր կլինի մինչեւ տարվա վերջ Չինաստանին մատակարարել ռուսական նավթ։
Նավթամուղի ռուսական հատվածի շահագործմանը երկու կողմերն էլ անհամբերությամբ էին սպասում։ Չնայած նախկինում այդ երկրների հարաբերություններում առկա խնդիրներին՝ Պուտինը լուրջ ջանքեր է գործադրում իր արեւելյան հարեւանի հետ էներգետիկ եւ տնտեսական հարաբերությունները խթանելու ուղղությամբ։ 2009թ. հոկտեմբերին Չինաստան կատարած իր այցելության ընթացքում Պուտինը ստորագրեց շուրջ 40 առեւտրային պայմանագիր (3.5 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով) Չինաստանի նախագահ Հու Ջինթաոյի եւ իր գործընկեր Վեն Ջյաբաոյի հետ։ Այդ ամենի հիմքում էներգետիկ ոլորտում համագործակցությունն է։ Չինաստանի կողմից «Ռոսնավթ» պետական ընկերությանը տրամադրած 25 միլիարդ դոլար վարկի դիմաց Ռուսաստանը պարտավորվել է 20 տարի նավթ մատակարարել Չինաստանին։ 4000 կիլոմետրանոց նավթամուղը Ռուսաստանի տարածքում ձգվելու է Թայշեթից (Արեւելյան Սիբիր) մինչեւ Նախոդկա (Ռուսաստանի հեռավոր արեւելք), իսկ ռուս-չինական հատվածը՝ Սկովորոդինոյից մինչեւ Չինաստանի հյուսիս-արեւելյան մասում գտնվող Դայցին քաղաքը։ Ռուսաստանի կառավարությունը նշում է, որ այս նավթամուղով Չինաստանը տարեկան կստանա 30 միլիոն տոննա նավթ, իսկ հետագայում մատակարարումների ծավալը կհասնի 50 միլիոն տոննայի։
Նոր նավթամուղն ամենայն հավանականությամբ լիարժեք կսկսի շահագործվել 2011թ. սկզբից։ Բացի նավթի մատակարարումից, այս նախագիծն անկասկած նպատակ ունի սերտացնել երկկողմ հարաբերությունները։ Նավթի մատակարարումը կարող է նաեւ լրացուցիչ ազդակ հաղորդել ավելի լայնամասշտաբ, բայց փաստացի սառեցված գազային գործարքին (գազամուղը կառուցման փուլում է 2006 թվականից, բայց ավարտին չի հասցվել գնի հետ կապված անհամաձայնությունների պատճառով)։ Ներկայումս Չինաստանը գազ չի գնում Գազպրոմից, սակայն հնարավոր է, որ գազը սկսի մատակարարվել 2014-2015թթ.՝ նոր գազամուղի կամ տանկերների միջոցով։ Գնային բանաձեւի շուրջ կողմերը դեռ պետք է համաձայնության գան։ Ռուսաստանը ցանկանում է այստեղ նույնպես կիրառել եվրոպական քաղաքականությունը՝ գազի գինը շաղկապել նավթի գնի հետ։ Իսկ Չինաստանի տեսանկյունից՝ խողովակի կառուցման գլխավոր շարժիչ ուժը հիդրոկարբոնների նկատմամբ այս երկրի օր օրի մեծացող պահանջարկն է։
Ռուսաստանը պակաս շահագրգռված չէ խաղաղօվկիանոսյան գազամուղը դեպի Չինաստան ընդլայնելու հարցում։ Այն ձգտում է դիվերսիֆիկացնել էներգիայի արտահանման ուղիները եւ, ամենայն հավանականությամբ, ներկայումս դեպի Եվրոպա ուղղվող տարեկան 120-130 միլիոն տոննա մատակարարումների մի մասն ուղղել Ասիական եւ Խաղաղօկիանոսյան տարածաշրջան։ Դիվերսիֆիկացիան Ռուսաստանի համար ձեռնտու է մի քանի առումներով, որոնց թվում է այն հանգամանքը, որ փոխադրումն ավելի էժան է. Չինաստանն ավելի մոտ է սիբիրյան նավթավայրերին։ Բացի այդ, նավթամուղը Ռուսաստանին կօգնի խուսափել իր արեւմտյան խնդրահարույց հարեւաններից՝ Բելառուսից եւ Ուկրաինայից, որոնք պարբերաբար խնդիրներ են ստեղծում ռուսական նավթի եւ գազի՝ Եվրոպա տարանցման հարցում։ Նոր խողովակը կարեւոր քայլ է ռուս-չինական էներգետիկ համագործակցության խթանման տեսանկյունից, որի ծավալները 2010թ. վերջին կհասնեն 60 միլիարդ դոլարի։ Մյուս կողմից, այն խոսում է անհավասար տնտեսական փոխհարաբերությունների մասին։ Որոշ ռուս փորձագետներ քննադատում են այս նախագիծը՝ հավանություն չտալով այն իրողությանը, որ Ռուսաստանը իր բնական ռեսուրսները վաճառում է Չինաստանին՝ մի երկրի, որի հետ շատ դժվար է բանակցել նոր տեխնոլոգիաների մատակարարման հարցում։
IHS Global Insight
Մեծ Բրիտանիա