Կինոգետ, մշակութաբան, Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը ամռանը հաճախ է այցելում Երեւան: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նա համարում է տարածաշրջանային ամենահաջողված կինոփառատոնը, որը հետաքրքիր է աշխարհին հենց իր ռեգիոնալ ֆորմայով: Մասնակցելով «Ոսկե ծիրանի» աշխատանքներին, նա, իր խոսքերով ասած` մի կողմից՝ Հայաստանը որպես կինոդաշտ է ուսումնասիրում, մյուս կողմից` իր նախնիների հայրենիքի հետ է ծանոթանում: Իր հայ պապին` դիվանագետ Ալեքսանդր Բեկզադյանին, Ռուսաստանի մշակութաբանության ինստիտուտի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը չի տեսել (նրան բոլշեւիկներն են գնդակահարել): Հայտնի կինոգետը, սակայն, հաճախ է հիշատակում իր հայկական արմատներն ու փորձում օգտակար լինել հայկական կինոյին` համարելով, որ ամենաօգտակար քայլը սթափ վերլուծությունն է:
– Հայաստան կատարած Ձեր նախորդ այցի ժամանակ նկատել էիք, որ ժամանակակից հայկական կինոն հետաքրքիր չէ աշխարհին: Եվ, որ հայկական նոր ֆիլմերում ավելի շուտ ինքնասիրություն, քան որակ կա: Այս տարի պատկերը փոխվե՞լ է:
– Մեծ իմաստով` ոչ: Կինոն ընդհանրապես բարդ մեխանիզմ է, որն իր ստեղծման ընթացքում կարող է խիստ տարբեր շահեր հետապնդել: Կինոն մարդիկ են ստեղծում, եւ ամեն մեկն էլ իր անձնական շահն ունի: Եթե նպատակը գեղարվեստական որակն է, ապա մի տիպի կինո է ստեղծվում, եթե նպատակը կոմերցիոն հաջողությունն է` բոլորովին այլ կինո: Իսկ երբ կարեւոր է դառնում ազգային ինքնության որոնումներն ու այդ ինքնության պրեզենտացիան, լրիվ ուրիշ կինո է ծնվում: Կարող եմ ասել միայն, որ կինո պետք է նկարահանեն տաղանդավոր մարդիկ, որոնք հստակ պատկերացում ունեն` ինչ են ստեղծում եւ ում համար: Ցավոք, դա ոչ միշտ է տեղի ունենում: Կինոյում հայտնվում են մարդիկ, որոնք համոզմունքներ չունեն ու պատրաստ են ցանկացած աշխատանք կատարել: Իհարկե, կան մարդիկ, որոնք ինչ էլ որ նկարահանեն, միեւնույն է, նրանց նկարածը աղբարկղում չի հայտնվի, սակայն դա ավելի շուտ բացառություն է, քան օրինաչափություն: Հիմնականում կինո են նկարահանում դիլետանտները, որոնց թվում է, թե ամեն ինչ կարող են անել: Եվ նրանց արածը, ամոթի զգացումից բացի, այլ բան չի արթնացնում: Ես դժվարանում եմ ասել, թե այդ գործոններից որոնք են ազդում հայկական կինոյի վրա, քանի որ տարվա մեջ ընդամենը մեկ անգամ եմ այցելում Հայաստան ու լավ ծանոթ չեմ տեղական կինոինդուստրիայի մանրամասներին:
– Իսկ ի՞նչ կարծիքի եք արդյունքի, այսինքն՝ ֆիլմերի մասին: Մենք տարեկան 1-2 կինոֆիլմ ենք արտադրում, եւ հայտնի է, որ Դուք անպայման ծանոթանում եք դրանց հետ: Անցյալ տարի, օրինակ, հենց Ձեր խորհրդով Մոսկվայի կինոփառատոնի մրցույթում ներկայացվեց «Խճճված զուգահեռներ» ֆիլմը:
– Չնայած, որ այդ ֆիլմը շատ թերություններ ունի, այսուամենայնիվ, ես այն հետաքրքիր համարեցի: Ֆիլմը համատեղ արտադրություն է, իսկ կոպրոդուկցիաները միշտ էլ հետաքրքիր են, քանի որ տարբեր մշակույթների խաչաձեւումներ են ներկայացնում: Իսկ դա այսօր ակտուալ է: Իհարկե, «Խճճված զուգահեռները» դժվար է հաջողված ֆիլմ անվանել, սակայն այնտեղ զարմանալի ուշագրավ հայտնագործություններ կան: Օրինակ, լավ դերասանուհին ու էթնոգրաֆիկ տարրերը: Խոսելով հայկական կինոյի այսօրվա համաշխարհային հաջողությունների մասին, կարող եմ նշել Հարություն Խաչատրյանի անունը: Ուզեք թե չուզեք, այսօր միայն նա է լայնորեն ներկայացվում աշխարհում: Իսկ մնացած ֆիլմերը, որոնք արտադրվում են Հայաստանում, կարելի է ակադեմիական անվանել: Դրանք հատուկ ընդգծված բացասական վերաբերմունք չեն առաջացնում, սակայն չեն էլ ցնցում: Կարծում եմ, հայկական կինոյի հիմնական խնդիրը երիտասարդ սերնդի անգործությունն է, որը, կինոարտադրության փոքր ծավալի ու արդեն վաղուց աշխատող ռեժիսորների դիմադրության պայմաններում, ոչ մի կերպ չի կարողանում «ճեղքել» պատը: Դա բարդ պրոցես է:
– Ի՞նչը կարող է այդ «փակ» համակարգից դուրս գալու ելքը դառնալ:
– Առաջընթաց երաշխավորող ելքերից մեկը ազատ կինոպրոդյուսերական ընկերություններին ապավինելն է: Մասնավորապես` կարելի է համագործակցել մոսկվահայերի հիմնադրած կինոարտադրող ընկերությունների հետ:
– Հաջողակ մոսկվահայ կինոարտադրողները` «Պարադիզը», «Ցենտրալ Պարտյորշիպը», նման փորձեր անել չեն շտապում: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը:
– Մոսկվահայ պրոդյուսերների մոտ Հայաստանի հետ աշխատելու ցանկություն չկա, նրանք նախընտրում են ռուսական (նաեւ` համաշխարհային) շուկայում գլոբալ կոմերցիոն հաջողություն ունենալ: Պատճառը միայն մեկն է. այդ ընկերություններին չի հետաքրքրում բուն հայկականը: Սակայն, կարծում եմ, որ եթե լավ նախագիծ լինի, նրանք կաջակցեն: Ամեն դեպքում հայկական կինոյի գլխավոր պրոբլեմը ոչ միայն ներքին կինոինդուստրիայի բացակայությունն ու տեղական ֆիլմերի սակավ քանակն է, այլեւ` հարեւանների հետ ունեցած բարդ փոխհարաբերություններն են: Չեմ կարող ասել, թե որքանով է ճիշտ հույսը միայն Մոսկվայի վրա դնելը: Մեկ օրինակ բերեմ. երբ ես փորձում էի համաֆինանսավորում ստանալ «Նոկիա» ընկերությունից` ռուս-ֆիննական ֆիլմի նկարահանման համար, ինձ շատ բարեհամբույր պատասխանեցին, որ «Նոկիան» չի զբաղվում ֆիննական պրոյեկտներով, քանի որ իրենց դիրքորոշման համաձայն` «Նոկիան» ոչ թե ֆիննական, այլ միջազգային ֆիրմա է: Այդ պատճառով էլ իրենք արդեն կոնտրակտ են կնքել Հոլիվուդի հետ` աջակցելով «Չարլիի հրեշտակների» նոր սերիային: Նույն դիրքորոշումն ունեն նաեւ մոսկվահայ պրոդյուսերները, որոնք ոչ թե հայկական այլ համաշխարհային ֆիրմաներ են ներկայացնում: Այդ դիրքորոշումը երկսայրի սուր է. մի կողմից՝ օգնում է դիմակայել գլոբալիզացմանը, մյուս կողմից` խոչընդոտում է պատմական հայրենիքի հետ կապ պաշտպանելուն:
– Իսկ ինչպիսի՞ դեր կարող են ունենալ Հայաստանում պետական կառույցները, հաշվի առնելով, որ առանց պետական աջակցության գրեթե ոչ մի ֆիլմ չի նկարահանվում:
– Ցանկացած ֆիլմ նախեւառաջ պրոդյուսերական պրոյեկտ է (նույնիսկ այն դեպքում, երբ ֆիլմի պրոդյուսերը պետությունն է): Իսկ լավ պրոդյուսերն, առաջին հերթին, ցանկանում է հաշվարկված, գրագետ սցենար ունենալ: Սցենարի մշակման փուլը սակավ ծախսատար է (համեմատած կինոարտադրության այլ փուլերի հետ), սակայն միեւնույն ժամանակ` ամենաբարդն է: Այդ փուլը կարող է (եւ պետք է) երկար տեւի: Այն շատ ժամանակ ու քիչ փող է պահանջում: Եթե հասկանում ես հստակ սցենարի առաջնահերթությունը, կարողանում ես պակասեցնել ընդհանուր ծախսերը: Դա փաստ է, որի գիտակցումը փորձի ու պրոֆեսիոնալիզմի հետ է գալիս: Իսկ երբ թվում է, որ թղթի վրա գրվածը երկրորդական է (դե գրած է, էլի՜, միեւնույն է նկարահանման հրապարակում շատ բան փոխվելու է ու իմպրովիզացիա է արվելու), ֆիլմի բյուջեն ամեն նկարահանման օրվա հետ` անկասելի աճում է: Արդյունքում ունենում եք թանկ ֆիլմ, որի գլխավոր պրոբլեմը չմշակված սցենարն է: Իսկական պրոֆեսիոնալները գիտեն նաեւ, որ ֆիլմի բյուջեի աճը ուղղակիորեն կապվում է ֆիլմի գեղարվեստական որակի հետ: Երբ բյուջեն գերազանցվում է, արդեն հնարավոր չի լինում նախատեսված հաջողությունն ակնկալել: Ֆիլմն արդեն այն չէ, այն չեն նաեւ արձագանքներն ու կոմերցիոն հաջողությունը: Չմշակված սցենարով ստեղծված ֆիլմը ծախսատար ու անորակ է: Բայց դա հասկանում ես հետո, երբ արդեն ուշ է որեւէ բան փոխելը: Այնպես որ, ավելի լավ է շատ ժամանակ ծախսել սցենարի ոսկերչական գծագրման վրա, որպեսզի հետո չափսոսաս: Իսկ եթե ֆիլմի պրոդյուսերը պետական կառույցն է, ապա այն պետք է որքան կարելի է շատ սցենարների պատվեր անի: Եվ ընտրելիս էլ` ընտրի լավագույնները:
– Այսօրվա Հայաստանում դա անհնար է:
– Ռուսաստանում, օրինակ, հազարավոր սցենարներ են գրվում, եւ ըստ վիճակագրական տվյալների` ֆիլմ է դառնում 100 սցենարներից մեկը: Սցենարների բազմափուլ ընտրության ցանցի շնորհիվ միայն կարելի է կինեմատոգրաֆիական ապրանքի որակի աճ տեսնել: Ես հասկանում եմ, որ փոքր Հայաստանում դա դժվար է անել: Միգուցե հարկավոր է այդ ցանցը կառուցել միջազգային կառույցների նմանությամբ ու օգնությամբ: Ասենք` եվրոպական համակարգի մասը դառնալով: Կամ էլ` ինչպես օրինակ փորձում է անել «Ոսկե ծիրանը», համահայկական կինոցանց ստեղծելով:
– Համահայկական ցանցի ստեղծումը իրատեսակա՞ն գաղափար է:
– Դա հետաքրքիր գաղափար է: Եթե նախկինում ֆիլմերի կրկնօրինակումը թանկ գործ էր, ապա հիմա ֆիլմերի թվանշանային կոպիաների պատրաստումն ու տարածումը այնքան է էժանացել, որ զուտ ֆինանսական առումով` խնդիր չէ: Համահայկական ցանցը կարող է ստեղծվել, պարզապես այդ ուղղությամբ աշխատել է պետք: Միայն «Ոսկե ծիրանը» դա չի կարող անել, քանի որ կազմակերպիչների ուժերն ու հնարավորությունները սահմանափակ են: Իսկ ընդհանրապես Հայաստանում ապրելն ու միաժամանակ աշխատելը բարդ է: