«Մուղնի» հրատարակչությունը տպագրության է պատրաստում պրոֆեսիոնալ դիվանագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի «Դիվանագիտություն» վերտառությամբ ստվարածավալ աշխատությունը: Գրքի առաջին եւ հիմնական մասում հեղինակը մատչելի ձեւով, օգտագործելով իր արտասահմանյան աշխատանքի բազմամյա հարուստ փորձը, ներկայացնում է դիվանագիտական արվեստի կարեւոր ուղղությունների եւ առանձնահատկությունների հոգեբանական ասպեկտները: Դիտարկվում են դիվանագիտական հաղորդակցության հիմնական ձեւերը` բանակցությունները, զրույցները, հանդիպումներն ու փոխշփումները: Միջազգային հարաբերությունների եւ արտաքին քաղաքականության կոնկրետ գործունեության շրջանակներում հանգամանալից վերլուծության են ենթարկվում էմպաթիայի, ատրակցիայի, լոյալության եւ դիվանագիտության այլ կարեւոր պրոբլեմներ: Էթնոհոգեբանական առանձնահատկությունների կոնտեքստում հեղինակն անդրադառնում է խոսքային (վերբալ) եւ ոչ խոսքային (ոչ վերբալ) հաղորդակցության միջոցներին եւ դրանց նրբություններին: Դիվանագիտության բնագավառ մտնողների համար մեծ օգնություն կարող են հանդիսանալ այն գլուխները, որոնցում մանրամասն տրվում են դեսպանությունների ներքին օգտագործման փաստաթղթերի ձեւերն ու նմուշները, որոնք, ի դեպ, նա ուրիշ տեղ չի գտնի: Եվ այս բոլորը, առաջին անգամ ՀՀ-ում, ներկայացվում է անձի ու սոցիալական հոգեբանության տեսանկյունից: Պատահական չէ, որ անվանի հոգեբան Ալբերտ Նալչաջյանը գրքի առաջաբանում հետեւյալ հարցադրումն է անում. «Արդյո՞ք այս աշխատությունը չի կարելի դիվանագիտական հոգեբանության սկիզբը համարել մեր իրականության մեջ»: Դեսպան Ա. Նավասարդյանը գրքում ներկայացնում է հանրապետության միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության վերաբերյալ արտասահմանում եւ մեր մամուլում տարիների ընթացքում տպագրված իր հոդվածները: Դրանք նշված բնագավառներում Հայաստանի անցած 20-ամյա ուղու խորը, պրոֆեսիոնալ հմտությամբ արված վերլուծություններ եւ հրապարակախոսական նյութեր են:
Իսկ «XX դարի հայ անվանի դիվանագետները» շարքում ընթերցողը կծանոթանա մեր հայրենակիցներից մի քանիսի կյանքին ու գործունեությանը, ովքեր ոսկե էջեր են գրել խորհրդային դիվանագիտության պատմության մեջ: Շնորհակալ գործ, որն արժանի է խրախուսման ու քաջալերանքի: Գիրքն ավարտվում է Ա.Նավասարդյանի արտասահմանյան վերջին շրջանի հոդվածաշարով: «Դիվանագիտությունը» գրված է հանրամատչելի եւ գեղեցիկ լեզվով: Հեղինակին հատուկ նուրբ հումորով եւ ինքնատիպ ոճով: Տպագրվում է պրոֆեսիոնալ բարձրարժեք մի գիրք, որը, համոզված ենք, ըստ արժանվույն կգնահատվի դիվանագետների, քաղաքականությամբ հետաքրքրվողների եւ ընթերցասերների կողմից: