Մոտեցել է սահմանին

02/09/2010

«Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- ըստ թուրքական «Dogan» գործակալության` Կարս կատարած այցելության ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Խոսելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին` նա հայտարարել է, որ, նախեւառաջ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է կարգավորվի ղարաբաղյան հիմնախնդիրը: «Հարցի առնչությամբ շատ ջանքեր ենք գործադրում: Խաղաղության եւ կայունության հաստատման համար անհրաժեշտ է, որպեսզի լուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությունը: Բարօրության հաստատման համար անհրաժեշտ է բացել սահմանները: Անցած տարի արձանագրությունները ստորագրվեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության հաստատման նպատակով: Այդ փաստաթղթերի ստորագրմամբ լուրջ եւ դրական զարգացումներ գրանցվեցին: Արեւելյան սահմանի բացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Դրանց արդյունքների մասին հայտնի կդառնա կայանալիք հանդիպումներից հետո: Ես շրջում եւ ուսումնասիրում են սահմանները: Բոլոր սահմանների պես կարեւոր է նաեւ Արեւելյան սահմանադուռը: Մենք շարունակելու ենք այդ առնչությամբ մեր աշխատանքները: Եվ Աստված տա, խաղաղություն հաստատենք կովկասյան տարածաշրջանում»,- ասել է Դավութօղլուն: Այս հայտարարությունից հետո նա Իգդիրի նահանգապետ Ամիր Չիչեքի հետ ուղեւորվել է դեպի Ալիջանի սահման, որը Հայաստանի հետ ամենամոտ անցակետն է: