Վնասակար սովորություններ

02/09/2010

Երեկ հայտնի է դարձել, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել է Հայ Ազգային կոնգրեսի` սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին հայտը` փոխարենն առաջարկելով միջոցառումն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում: Ինչպես Երեւանի քաղաքապետարանի «հիմնավորումը», այնպես էլ` այդ որոշման վերաբերյալ ՀԱԿ-ի գնահատականը այնպիսին են, ինչպես նախորդ նման դեպքերում: Քաղաքապետարանը հերթական անհեթեթ հիմնավորումն է ներկայացրել` հայտարարելով, որ այդ օրը այլ «մշակութային միջոցառում» է նախատեսված, ՀԱԿ-ն էլ այդ որոշումը որակել է՝ որպես «ակնհայտ ապօրինի»: Իսկ ընդհանրապես, Երեւանի քաղաքապետարանի` ՀԱԿ-ի հանրահավաքներն արգելելու որոշումներն այլեւս շատ ծիծաղելի են: ՀԱԿ-ը վաղուց արդեն դադարել է իշխանությունների համար այնպիսի վտանգ ներկայացնել, որի պատճառով իշխանությունը գոնե ինքն իր համար կարդարացներ հանրահավաքները արգելելու քայլը: Այդ մասին են վկայում վերջին առնվազն մեկ տարվա քաղաքական գործընթացները եւ ՀԱԿ-ի գործելաոճը: Եվ չնայած Կոնգրեսը հայտարարում է, թե սեպտեմբերի 17-ի հանրահավաքով վերսկսում է հանրահավաքների շարքը, նույնիսկ ՀԱԿ-ում շատերը վստահ չեն, որ դրանք շարունակություն կունենան: Այնպես որ, տպավորություն է ստեղծվում, թե ՀԱԿ-ը, սովորության համաձայն, հանրահավաք է ցանկանում անցկացնել, իշխանություններն էլ, սովորության համաձայն, արգելում են դա: Եվ ամենակարեւորը` թե ընդդիմության, թե իշխանության քայլերում բացակայում է քաղաքական բաղադրիչը` նրանց գործողությունները վերածելով սովորական «խասյաթի»: