Դժգոհում են «Էյ-Ի-Ջի-ից»

02/09/2010

Ներտնային գազասպասարկմամբ զբաղվող «Էյ-Ի-Ջի» ընկերության աշխատակիցները գազ սպառողների տներն այցելելիս՝ զուգահեռաբար նրանց հորդորում են օգտվել «Բիլայնի» ինտերնետ ծառայությունից կամ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից: «168 Ժամը» բազմաթիվ դժգոհություններ է ստացել, որ այդ ծառայողների հորդորներն արդեն պարտադրանքի են հասնում: Ու երբ նրանք դժգոհում են, ծառայողները բացատրում են, որ այլ ելք չունեն, որովհետեւ իրենց տնօրինությունն է դա պարտադրել: Փորձեցինք պարզաբանություն ստանալ «Էյ-Ի-Ջի» ընկերությունից: Տնօրեն Իշխան Կարապետյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ բացի ներտնային սպասարկումից՝ իրենք այլ գործունեություն էլ են ծավալում, այդ թվում եւ՝ վերը նշված ծառայությունները: Հիշեցնենք, որ «ԷՅ-Ի-Ջին» թեեւ «ՀայՌուսգազարդից» անկախ, բայց իրականում այդ ընկերության ղեկավարներին պատկանող կազմակերպություն է: Եվ ներտնային գազասպասարկումից բացի, Ի.Կարապետյանի ասելով` զբաղվում է նաեւ վերը նշված ու ջրամատակարարման, ներկրման եւ շատ այլ ծառայություններով: Նույնիսկ խանութ ունի: