Այս օրերին ադրբեջանական լրատվամիջոցները հեղեղված են սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում քննարկվելիք բանաձեւի մասին վերլուծություններով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը վեհաժողովի 64-րդ նիստի քննարկմանը կներկայացնի «Ադրբեջանի օկուպացված տարածքներում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի եւ մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշների պահպանման» մասին բանաձեւի նախագիծը: Արդեն մի քանի տարի է, ինչ այս հարցը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգում է: 2008 թվականին ՄԱԿ-ի անդամ երկրների քվեարկության արդյունքում հավանության արժանացավ Ադրբեջանի նախաձեռնած գրեթե նույնաբովանդակ բանաձեւը, որով կոչ էր արվում հայկական զորքերն անհապաղ դուրս բերել Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Այս նախագծի հեղինակները պահանջում են վերականգնել Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաեւ հարակից շրջաններից արտաքսված ադրբեջանցիների` նախկին բնակավայրերը վերադառնալու իրավունքը: Դրույթներից մեկով էլ առաջարկվում է համապատասխան գիտելիքներ ունեցող տարբեր ազգերի ներկայացուցիչների խումբ ուղարկել հակամարտության գոտի, որպեսզի նրանք հետաքննեն իրավիճակն ու հանդես գան զեկույցով: Նախագծի մտահոգիչ դրույթներից մեկն էլ այն է, որ նշված է, թե «հակամարտության գոտում ժողովրդագրական կազմի փոփոխությունները լրջորեն խոչընդոտում են բանակցությունների հիման վրա հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»: Սրան զուգահեռ, ադրբեջանական կողմը շարունակում է սպառնալ ու նորից խոսել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է. «Մենք կվերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Դրա համար բոլոր ռազմական կառույցները միավորված են միասնական հրամանատարության ներքո եւ գործում են գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով: Հարկ եղած պահին բոլոր ռազմական կառույցները կգործեն որպես միասնական բռունցք»: Նկատի ունենալով նաեւ ՄԱԿ-ում քննարկվելիք բանաձեւը, նա ասել է, որ «Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում Բաքվի դիրքերն ամրապնդվում են, սակայն, բանակցությունների ձախողման դեպքում կստեղծվի նոր իրավիճակ, եւ օրակարգում կհայտնվի խնդրի ռազմական ճանապարհով լուծման հարցը»: Պաշտոնական Բաքուն վստահ է, որ բանաձեւն այս անգամ էլ հավանության կարժանանա, մինչդեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ Արցախ կատարած այցի ընթացքում պատասխանելով բանաձեւի վերաբերյալ ուսուցիչներից մեկի հարցին` վստահեցրել է, որ անհանգստանալու կարիք չկա: Դիմելով ուսուցչին, ՀՀ նախագահն անուղղակիորեն բոլորին խորհուրդ է տվել զբաղվել իրենց գործերով. «Ձեր խնդիրը երեխա կրթելը, դաստիարակելն է, նրանց մեջ հայրենասիրական որակների ամրապնդումը, բարձր գիտելիքների նկատմամբ մեծ ցանկություն դաստիարակելն է: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ պատասխանատուները, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, լուծումներ կգտնեն»: Միաժամանակ ՀՀ նախագահը քննադատել էր Ադրբեջանի նման պահվածքը, սխալ համարելով այն, որ Ղարաբաղի հարցը ներկայացվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկմանը: Ի պատասխան այս հայտարարությանը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովն ասել է, որ «եթե հայկական կողմն անհանգստանում է Ադրբեջանի այդ նախաձեռնության կապակցությամբ, ապա նրան հարկավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ, ունենալ կառուցողական դիրքորոշում, սկսել բանակցություններ տանել, որը կբերի ադրբեջանական օկուպացված տարածքների ամբողջովին ազատագրմանը եւ փախստականների ու հարկադիր տեղահանվածների վերադարձը իրենց տները»: Բանաձեւի բովանդակության եւ դրա հնարավոր ընդունումից բխող խնդիրների վերաբերյալ փորձեցինք պարզել նաեւ ԼՂՀ նախագահի կարծիքը: Արցախում չեն կիսում ՀՀ նախագահի այն տեսակետը, թե անհանգստանալու կարիք չկա: Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ փոխանցեց, որ նման նախագիծ պատրաստելով, Ադրբեջանը շատ վտանգավոր խաղ է սկսել. «Ադրբեջանի նման պահվածքը եւս մեկ անգամ ճեղքվածք է առաջացնելու Ադրբեջանի եւ այլ երկրների միջեւ, ովքեր դեմ են նման գործելաոճին: Իսկ նման գործելաոճին դեմ են ԵԱՀԿ Մինսկի համանախագահող բոլոր երկրները: Բացի այդ, նման ձեւով Ադրբեջանը եւս մեկ անգամ փորձ է անում մի շատ վտանգավոր խաղ խաղալ, այսինքն՝ փորձում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության հարցը դիտարկել կրոնական հակամարտության տեսանկյունից: Դա, իհարկե, այդպես չէ, բայց կրում է իր մեջ վտանգներ, եթե հաշվի առնենք նաեւ վերջերս այդ ծայրահեղականության զարգացումը տարբեր պայթյունավտանգ տարածաշրջաններում: Կարծում եմ, որ նման պահելաոճը լուրջ ահազանգ պետք է հանդիսանա նաեւ Արեւմուտքի համար, որոնք ձգտում են, որ նման կրոնական մոլեռանդությունը չշարունակվի»: Ըստ Դ. Բաբայանի, Ադրբեջանը պարզապես օգտվում է մի իրավիճակից, որից օբյեկտիվ պատճառներով Հայաստանը չի կարող օգտվել. «Հիմա ակնհայտ է երրորդ աշխարհի եւ Արեւմուտքի միջեւ կրոնական հողի վրա ընթացող հակամարտությունը: Դա նաեւ Ռուսաստանում է վառ երեւում՝ հատկապես Հյուսիսային Կովկասում, Չեչնիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական ակտերից: Բացի այդ, տեսնում ենք, որ Աֆղանստանում եւ Իրաքում իրավիճակը շատ հեռու է կայուն լինելուց, հետեւաբար՝ Ադրբեջանը օգտվում է այդ իրավիճակից: Իսկ մենք չենք կարող դրանից օգտվել օբյեկտիվ պատճառով, որովհետեւ մահմեդական չենք: Ադրբեջանի կողմից նման ոճի կիրառումը ուղղակի դեմագոգիկ եւ օպորտունիստական քայլ է»: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը մեզ փոխանցեց նաեւ, որ չնայած կանխատեսվող վտանգներին, այնուամենայնիվ, իրենք կարծում են, որ Ադրբեջանը ոչ թե կհասնի հաջողության, այլ ավելի շատ կարժեզրկվի գերտերությունների աչքում: «Իսկ մեզ համար գուցեեւ ստեղծվում է մեր վարկանիշը բարձրացնելու լավ հնարավորություն»,- ասաց Դ. Բաբայանը:
ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն էլ վերոնշյալ նախագիծ-փաստաթուղթը որակեց՝ որպես անհավասարակշիռ, հուզական եւ անհիմն: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ եթե ՄԱԿ-ի նման հեղինակավոր կառույցն ընդունի փաստաթուղթն այս տեսքով, ապա պետք է արձանագրենք, որ միջազգային այդ ամենահեղինակավոր կառույցն այլեւս չի գտնվում իր բարձրության վրա: «Փաստաթղթի նախագծից առաջին տպավորությունն այն է, որ դա Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խնդիրը միջազգային ատյաններում եւս մեկ անգամ նենգափոխելն է: Փաստաթուղթն աչքի է ընկնում որոշ անտրամաբանական ձեւակերպումներով եւ անհավասարակշիռ շեշտադրումներով: Կարծես թե Ադրբեջանը ոչ թե Գլխավոր վեհաժողովի բանաձեւի, այլ ՍՄԿԿ Կոմկուսի քաղբյուրոյի որոշման նախագիծ է պատրաստել, եւ 1988 թվականն է, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումը համարվում է մի խումբ ծայրահեղականների կողմից սահմանադրական կարգի փոփոխությանն ուղղված հակաօրինական գործողություն»,- ասաց նա: Վ. Աթանեսյանը կարծում է, որ ՄԱԿ-ը չպետք է նման բանաձեւ ընդհանրապես քննարկի, որովհետեւ սա կոնֆլիկտի մի կողմի տեսակետն է: Բացի այդ, նա իր տարակուսանքը հայտնեց, որ նման փաստաթղթի ձեւավորմանը չեն մասնակցել շահագրգիռ մյուս կողմերը: «Զարմանալի է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, չեն մասնակցել նախագծի մշակմանը, այլ բանաձեւը հեղինակել է միայն ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը եւ Ադրբեջանի արտգործնախարարը: Դա անհավասարակշիռ, միակողմանի փաստաթուղթ է եւ չի կարող նպաստել բանակցային գործընթացի կարգավորմանը: Եթե ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան խնդիր ունի խոչընդոտել բանակցություններին, ապա սա այլ հարց է, իսկ եթե նպատակ ունի նպաստել, որ բանակցությունների դինամիկան պահպանվի կամ զարգանա, եւ կողմերը հասնեն փոխադարձաբար ընդունելի ձեւակերպումների, ապա պետք է ձեռնպահ մնա նման անհավասարակշիռ եւ հուզական փաստաթղթի անգամ շրջանառությունից: Ադրբեջանն արդեն իսկ պարտադրում է, որպեսզի մոնիտորինգային խումբը ոչ միայն ժամանի հակամարտության գոտի եւ ոչ միայն իր իսկ կողմից նշած «փաստերն» ուսումնասիրի, այլ նաեւ հաջորդ նստաշրջանում զեկուցի այդ մասին: Ադրբեջանն ընդամենը ՄԱԿ-ի անդամ շուրջ 200 երկրներից մեկն է: Ինչպե՞ս կարող է նա իր տեսակետը պարտադրել ՄԱԿ-ին, սա առնվազն անլուրջ մոտեցում է»,- ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավորը` փաստելով, որ, միեւնույն է` ինչ բանաձեւ էլ որ ՄԱԿ-ն ընդունելու լինի, դրանց իրականացման մեխանիզմները գտնվում են դարձյալ բանակցությունների հարթությունում, եւ մինչեւ ԼՂՀ իշխանությունները չարտոնեն այդ մոնիտորինգի խմբի ենթադրյալ մուտքը Լեռնային Ղարաբաղ, ապա նրանք այստեղ ոչ մի մոնիտորինգ էլ չեն կարող իրականացնել:
«Ես կարծում եմ նաեւ, որ ժամանակն է, որպեսզի մենք դիմենք ՄԱԿ-ին եւ պահանջենք մի շատ էական հարցի պատասխան. երբ Ադրբեջանը դարձել է ՄԱԿ անդամ երկիր, ի՞նչ սահմաններով է ճանաչվել: ՄԱԿ-ը ճանաչել է Ադրբեջանի անկախ Հանրապետությո՞ւնը, թե՞ Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությունը»,- ասաց Վ. Աթանեսյանը` նկատելով, որ այս հարցադրումներն էական են այնքանով, որ այսօրվա Ադրբեջանը խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, իսկ ԼՂ-ն կարող է Ադրբեջանի մաս կազմել միայն Խորհրդային Միության սահմանադրության ուժով, այլ իրավական փաստաթուղթ գոյություն չունի. «Եթե ՄԱԿ-ն ընդունում է Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությանը, ապա մենք պետք է արձանագրենք, որ այդ կառույցը հող է նախապատրաստում, որ վերականգնվի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը: Եթե դա իրատեսական է, ապա այդ ժամանակ էլ ԼՂ ժողովուրդը, համաձայն Խորհրդային Միության օրենքի, կորոշի իր կարգավիճակը` անկախ պետությո՞ւն է ինքը, Հայաստանի մա՞ս է, թե՞ ընդունում է Ադրբեջանի սահմանադրական իրավազորությունը»: Նշենք նաեւ, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նիստում նախագահող Լիբիան առաջարկել է Ադրբեջանի եւ Կոսովոյի վերաբերյալ հարցերը քննարկել նույն օրը: