«ԱՄՆ-ի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ հակամարտության
կարգավորմանն ուղղված ջանքերը մնում են անփոփոխ: Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ
Մինսկի խմբի աշխատանքը եւ Հայաստանի ու Ադրբեջանի բոլոր ջանքերը, որոնք
ուղղված են առկա հակասությունների լուծմանը: Սակայն փոփոխություններ մեր
քաղաքականության մեջ չկան»,- անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի
ինքնորոշման իրավունքը պաշտպանելու կոչով նախագահ Ջորջ Բուշին 59
կոնգրեսականների հղած նամակին, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության
պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մքքորմաքը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի
Ներկայացուցիչների պալատի 59 կոնգրեսականներ սեպտեմբերի 28-ին ուղերձ էին
հղել նախագահ Ջորջ Բուշին՝ կոչ անելով պաշտպանել Լեռնային Ղարաբաղի
ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Քանի որ մենք պայքարում ենք հանուն
համայն աշխարհի մարդկանց ազատության, մենք պետք է շարունակենք նաեւ
աջակցել ռազմավարական առանձնահատուկ կարեւորություն ունեցող Հարավային
Կովկասում Արցախի ժողովրդի ազատ ապրելու ձգտումներին»,- իրենց ուղերձում
նշել են կոնգրեսականները: