Վիճակագրական «երջանկության» մեխանիկան

02/09/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Սրանից մոտ 10 օր առաջ, երբ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, մենք, անկեղծ ասած, կարծում էինք, որ պետական պաշտոնյաներն ու իշխանամետ տնտեսագետները զերծ կմնան հիացական մեկնաբանություններից։

Պատճառն այն էր, որ պարծենալու տեղ այդքան էլ չունենք։ Ճիշտ է, պաշտոնական վիճակագրությունը կանխատեսվող 1.2%-ի փոխարեն արձանագրել է 4% տնտեսական աճ, սակայն նախորդ ամիսների համեմատ՝ աճի տեմպը գրեթե 2 անգամ նվազել է։ Եթե սրան էլ ավելացնենք ճգնաժամային տարվա համեմատ գյուղատնտեսության ոլորտի անկումը 23%-ով եւ 7%-ը գերազանցող գնաճը, ապա ուրախանալու տեղ ընդհանրապես չկա։ Սակայն, ի պատիվ մեր իշխանավորների, այս անգամ էլ կարողացան գտնել մեկ-երկու դրական ցուցանիշ եւ շեշտը դնելով դրանց վրա՝ տակից դուրս գալ։

Այդ ցուցանիշները վերաբերում են արդյունաբերությանը եւ արտաքին առեւտրին։ Արդյունաբերության մասին դեռ առանձին հոդվածով կխոսենք, այս անգամ սկսենք արտաքին առեւտրից։

Այսպես, վիճակագրության համաձայն, այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածում նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ Հայաստանից արտահանումն աճել է 43.3%-ով, իսկ ներմուծումը՝ 22.8%-ով։ Բացարձակ ծավալներով, սակայն, վիճակն անմխիթար է. հիշյալ ժամանակահատվածում ներմուծումը գրեթե 4 անգամ մեծ է արտահանման ծավալներից (2.036 միլիարդ դոլարը՝ 512.7 միլիոն դոլարի դիմաց)։ Սակայն, երբ անհրաժեշտ է «լավատեսական մթնոլորտ» ձեւավորել՝ առաջնորդվել ոչ թե կիսով չափ դատարկ, այլ կիսով չափ լիքը բաժակի տրամաբանությամբ, կարելի է անտեսել բացարձակ ցուցանիշները եւ խոսել միայն դրական դինամիկայի մասին։ Օրինակ, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հենց այդպես էլ արել է։ 2 օր առաջ նա լրագրողներին գոհունակությամբ հայտնել է, որ «արտահանման ծավալների աճը երկու անգամ գերազանցել է ներմուծման ծավալների աճը»։ Զուտ թվաբանության տեսանկյունից, իհարկե, ամեն ինչ ճիշտ է։ Սակայն որակական առումով ի՞նչ է իրենից ներկայացնում այդ աճը, եւ արդյոք կարելի՞ է դրանով ուրախանալ։

Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է դիտարկենք արտահանման կառուցվածքը։ Սակայն քանի որ առաջին 7 ամիսների համար դեռ չի հրապարակվել արտաքին առեւտրի մանրամասն վիճակագրությունը (ըստ ապրանքախմբերի), կօգտվենք առաջին կիսամյակի տվյալներից։ Ընդ որում, առաջին կիսամյակի տվյալներն ավելի տպավորիչ էին այս առումով. արտահանումն աճել էր 55.9%-ով եւ կազմել 442.8 միլիոն դոլար, իսկ ներմուծումը՝ 24.4%-ով՝ կազմելով «ընդամենը» 1.723 միլիարդ դոլար։

Սակայն մի կողմ թողնենք ներմուծումն ու ներմուծողներին եւ կենտրոնանանք արտահանման վրա։ Ի՞նչ է արտահանվել այս տարվա առաջին կիսամյակում եւ ինչի՞ հաշվին է գրանցվել 55.9% աճը։ Այս հարցի պատասխանը կարելի է գտնել ՀՀ Պետեկամուտների կոմիտեի կայքէջում՝ մաքսային վիճակագրության բաժնում։ Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտուրն ԱՏԳ ԱԱ-ի ապրանքախմբերով, I կիսամյակ» փաստաթղթում աղյուսակի տեսքով ներկայացված է մեր արտահանման կառուցվածքը՝ ըստ առանձին ապրանքախմբերի ծավալների։

36 անուն ապրանքներից մենք առանձնացրել ենք առաջին 10 ապրանքախմբերը, որոնց արտահանման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 353.4 միլիոն դոլար, այսինքն՝ ողջ արտահանման գրեթե 80%-ը։ Փաստորեն, հենց ստորեւ նշված ապրանքներն են մեր արտահանման «սյուները»։

Աղյուսակի ամենաներքեւում կարելի է տեսնել, որ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ առաջին 10 ապրանքախմբերի արտահանման ծավալները (մաքսային արժեքով) գրեթե երկու անգամ գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Սակայն ոգեւորվել չենք հասցնում, քանի որ առաջին իսկ տողի՝ հանքաքարի եւ պղնձի խտահանքի ցուցանիշները մի շարք տխուր մտքեր են ծնում։ Այս ապրանքախումբը իր տեսակարար կշռով ամենամեծն է մեր արտահանման կառուցվածքում։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի 25.4 միլիոն դոլարի փոխարեն այս տարվա ծավալները աճել են 3.8 անգամ՝ կազմելով 96.5 միլիոն։ Այս աճն էլ մեծ «ներդրում» է ունեցել արտահանման ընդհանուր ցուցանիշի վրա։ Ուշադրություն դարձնենք նաեւ բնեղեն ծավալներին. նախորդ տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 31.841 տոննա, իսկ այս տարի՝ 1.8 անգամ ավելի շատ՝ 57.603 տոննա։ Եվ առաջ է գալիս բնական հարց. ինչպե՞ս է ստացվում, որ նույն ապրանքախմբի արտահանման ծավալները բնեղեն արտահայտությամբ աճում են 1.8 անգամ, իսկ արժեքով՝ 3.8 անգամ։ Այս հարցին էլ, իր հերթին, կա տրամաբանական պատասխան՝ նշանակում է, որ գինն աճել է։ Փաստորեն, կարող ենք փաստել, որ ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող ապրանքատեսակի արտահանման աճը հիմնականում պայմանավորված է գների աճով։ Նույն երեւույթը, ինչպես տեսնում եք աղյուսակում, կրկնվում է արտահանման մեծ ծավալներ ունեցող ապրանքների մեծ մասի դեպքում։ Բացառություն է կազմում միայն ադամանդը, որի դեպքում մի տեսակ անհասկանալի պատկեր է։ Եթե հավատանք աղյուսակի տվյալներին (որոնք մենք չենք հնարել), ստացվում է, որ ադամանդի գները 3 անգամ նվազել են։ Սակայն դա այդպես չէ, եւ ըստ երեւույթին այստեղ գործ ունենք պարզապես տեխնիկական պատճառների հետ։ Քանի որ ադամանդի գծով մանրամասն այլ տեղեկություններ չունենք, մի կողմ թողնենք այն։ Մյուսների դեպքում, եթե ցանկություն ունեք, կարող եք ծանոթանալ ողջ ցանկին մաքսայինի կայքում։

Ավելացնենք նաեւ, որ արտահանման այս տարվա տպավորիչ ցուցանիշների ձեւավորման գործում իրենց համեստ լուման են ունեցել նաեւ ոչխարներն ու այծերը, իսկ ավելի կոնկրետ՝ դրանց առեւտրով զբաղվողները։ Այսպես, եթե հավատանք պաշտոնական թվերին, նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է ընդամենը 500 գլուխ ոչխար եւ այծ՝ 33.000 դոլարի դիմաց։ Իսկ այս տարի Հայաստանը «լքել» են 17.275 ոչխար ու այծ՝ հայրենի երկրի տնտեսության մեջ ներարկելով 1 միլիոն 124.000 դոլար։ Իհարկե, արտահանման ընդհանուր ծավալների մեջ սա չնչին տոկոս է կազմում, բայց հո՜ տպավորիչ աճի տեմպ է՝ 33-անգամյա աճ։ Իսկ եթե մեզ համար կարեւորը ոչ թե բացարձակ թվերն են, այլ աճի ցուցանիշների տարբերությունը, ուրեմն ոչխարների եւ այծերի պահով առավել եւս կարելի է հպարտանալ։