Ավարտում են

02/09/2010

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է Իրաքում ԱՄՆ բանակի մարտական գործողության ավարտի մասին: Նախօրեին հանդես գալով ժողովրդին ուղղված ուղերձով` Օբաման նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը հսկայական գին է վճարել, որպեսզի Իրաքի ժողովուրդը կարողանա իր ձեռքը վերցնել երկրի ապագան: Ըստ նրա, պատերազմի դադարեցումը համապատասխանում է ոչ միայն իրաքցիների շահերին, այլեւ լավ կլինի Ամերիկայի համար: Այսպիսով, սեպտեմբերի 1-ից երկրում կմնա 50 հազար ամերիկացի զինվորական, որոնց չի թույլատրվի մարտական գործողություններ իրականացնել, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի խնդրանքով նրանց կդիմի իրաքյան կառավարությունը: Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Պենտագոնի մարտական «Իրաքյան ազատություն» առաքելությանը փոխարինելու է գալիս քաղաքացիական առաքելությունը` «Նոր արեւածագ գործողություն» անվամբ, որում գլխավոր դերը խաղալու են ամերիկյան դիվանագետները: Հաջորդ մեկուկես տարվա ընթացքում շուրջ 50 հազար ամերիկացի զինվորականներ կներգրավվեն իրաքյան Զինված ուժերի ուսուցման, խորհրդատվության եւ զինման, տարբեր օբյեկտների պաշտպանության եւ իրաքյան տնտեսության վերականգնման նախագծերի ծրագրերում: Իրաքում մնացած ամերիկյան ուժերը երկիրը կլքեն մինչեւ 2011թ. վերջը: ԶԼՄ-ները նաեւ հայտնում են, որ Օբաման, պատրաստվելով հայտարարել Իրաքում ԱՄՆ-ի մարտական առաքելության ավարտի մասին, հեռախոսազրույց է ունեցել իր նախորդ` ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի հետ: Այս մասին հայտնել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոուդսը։ Խոսակցության մանրամասները հայտնի չեն: