ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը բավական կարճ ժամանակահատվածում այցելեց իրար թշնամի երկու երկրներ` Հայաստան եւ Ադրբեջան: Ի՞նչ տվեցին տարածաշրջանին այդ այցելությունները: Ո՞ր ուղղությամբ կարող է զարգանալ ղարաբաղյան գործընթացը: «168 Ժամի» այս եւ այլ հարցերի է պատասխանում դեսպան, Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Կազիմիրովը, ով 1992-96թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավարն էր, եւ Լեռնային Ղարաբաղի հարցերով` ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը:
– ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում մի շարք կարեւոր պայմանագրեր ստորագրվեցին, այդ թվում` ՀՀ-ում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետների եւ պայմանների մասին: Հարավային Կովկասի հիմնախնդիրներով զբաղվող որոշ փորձագետներ դրա մեջ տեսան ուժերի բալանսի խախտում հօգուտ Հայաստանի: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում նման տեսակետին:
– Թերեւս ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացում առկա լարվածության եւ Բաքվի կողմից սպառնալիքների պատճառով փորձագետներն ավելի մեծ ուշադրություն դարձրեցին ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետների երկարացմանը եւ դրանց ֆունկցիաների որոշմանը, քան մյուս համաձայնագրերին ու պայմանավորվածություններին: Խոստովանեմ, որ ինձ զարմացրին փորձագետների կարծիքների այդքան մեծ տարբերությունները. ոմանց համար այստեղ առանձնապես ոչ մի նոր բան չկա, բացի ժամկետների երկարաձգումից, մյուսների համար ճիշտ հակառակը` սա ուժերի բալանսի խախտում է: Թվում է, թե նման տարակարծությունը պլյուս է, սակայն մյուս կողմից` սա նաեւ մինուս է, որովհետեւ դա նշանակում է, որ այդ գնահատականների մեջ քիչ չէ սուբյեկտիվությունը, անգամ հուզական վերաբերմունքը. բացակայում է կշռադատված գնահատականների միասնական առանցքը: Սա ինչ-որ չափով նման է հուսալքության գրկից էյֆորիայի մեջ ընկնելուն: Ես ձեռնպահ կմնայի նման ծայրահեղություններից, քանի որ երկուսն էլ դեմոբիլիզացնում են: Սա, անշուշտ, կարեւոր, նշանակալից քայլ է, սակայն սրա իրական նշանակությունը ի հայտ կգա ոչ հեռու ապագայում:
– Ադրբեջանը, պարբերաբար մոռանալով ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին իր իսկ հայտարարությունները, որոնցով, որպես կանոն, հանդես է գալիս բարձր մակարդակով հանդիպումների ընթացքում, դիմում է սպառնալիքների եւ խոստանում հարցը լուծել ուժային միջոցներով: Ավելին, պարբերաբար խախտում է հրադադարի պայմանագիրը. համենայն դեպս` ղարաբաղյան աղբյուրներն ամեն օր հայտնում են Ադրբեջանի կողմից հարյուրավոր նման խախտումների մասին: Ըստ Ձեզ` որքանո՞վ են լուրջ պատերազմը վերսկսելու սպառնալիքները: Ի՞նչ կարող է կամ ի՞նչ պետք է անի Մոսկվան ռիսկերի նվազեցման համար:
– Իր ուժերի նկատմամբ ինքնախաբեությունը դարձել է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության տոհմական նշանը. այն դրսեւորվում է բոլոր ադմինիստրացիաների օրոք: Ուժ գործադրելու սպառնալիքները Հելսինկյան եզրափակիչ ակտի աղաղակող խախտում են: Ադրբեջանի այս պահվածքին միանգամայն համապատասխան է նաեւ լարվածություն ստեղծելն ու այն խորացնելը` շփման գծի երկարությամբ միջադեպերի միջոցով: Ընդ որում` Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն երկար տարիներ բառացիորեն ամեն օր հրապարակում է հայերի կողմից հրադադարի պայմանագրի խախտման մասին ամփոփագրեր, ձեւացնում է, թե մտահոգված է դրանով եւ դժգոհ: Բայց այդ դեպքում ինչո՞ւ Բաքուն ոչ մի բան չի առաջարկում միջադեպերը հարթելու ուղղությամբ: Ավելին, նա վաղուց արդեն չի պահպանում 1995թ. փետրվարի` հրադադարի ռեժիմը ամրապնդելու մասին համաձայնագիրը: Պերճախոս է նաեւ Ադրբեջանի` առաջին գծից դիպուկահարներին հեռացնելուց հրաժարվելը: Պատերազմի վտանգի մասին հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ: Բաքուն կուզենար բլից-կրիգ անել, սակայն նա հասկանում է, որ դա գրեթե անիրագործելի է, եւ վախենում է հետեւանքներից: Ոչ այնքան զոհերից ու ավերածություններից, որքան իր համար ակնհայտորեն տհաճ քաղաքական ու տնտեսական հետեւանքներից, այն էլ, երբ պարզ չէ ռազմական գործողությունների ելքը: Մոսկվան, ինչպես նաեւ Վաշինգտոնն ու Փարիզը, որքան ես եմ հասկանում, պետք է քաղաքական-դիվանագիտական միջոցներով գործեն` կանխարգելելու վտանգը, ոչ թե հետին թվով, երբ խելքներին փչի, եւ ոչ միայն լուռ դիվանագիտությամբ: Շատ օգտակար եմ համարում ԵԱՀԽ Մինսկի խմբի համանախագահների` Ալմաթիում արած հայտարարությունը, որտեղ ակնհայտորեն երեւում է ռազմատենչների քննադատությունը եւ առաջարկվում է ամրապնդել հրադադարի ռեժիմը: Ես այդպես էլ Բաքվի կողմից հավանություն չլսեցի այս հայտարարության մասին:
– Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ պարբերաբար փորձում են մտնել Թուրքիան եւ Իրանը: Թուրքիայի հարցում ամեն ինչ պարզ է, նա Ադրբեջանի ամենամոտ գործընկերն է: Ձեր կարծիքով` Իրանի ինչի՞ն է պետք ավելորդ գլխացավանքը, երբ ինքն է գտնվում «անհասկանալի» քաղաքական դրության մեջ:
– Եվ Թուրքիան, եւ Իրանը տարբեր ժամանակներում եւ տարբեր կերպ մասնակցել են Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը: Թուրքիան ի սկզբանե ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի մեջ է, սակայն զրկել է իրեն ավելի ակտիվ դերակատարությունից իր միակողմանի մոտեցումների պատճառով: Իրանն ակտիվ էր 1992թ., սակայն Շուշիի անկումից հետո նվազեցրեց ակտիվությունը: Այդուհանդերձ, ռուսական միջնորդական առաքելությունը պատերազմի տարիներին հարաբերություններ էր պահպանում եւ Անկարայի, եւ Թեհրանի հետ, անգամ առաջարկում էր Ռուսաստանի հետ միասին հանդես գալ այս հակամարտության հարցով համատեղ հայտարարությամբ, սակայն երկուսն էլ հրաժարվեցին: Ինձ թվում է, որ Իրանը կարիք ունի ցույց տալու իր դրական դերակատարությունը միջազգային հարցերում, իսկ Թուրքիան փորձում է ճնշումների միջոցով բարձրացնել իր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Կարծում եմ` երկու երկրներն էլ կարող են օգտակար լինել, եթե հստակ եւ հրապարակայնորեն հանդես գան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին:
– Դուք երկար տարիներ զբաղվել եւ զբաղվում եք Ղարաբաղի խնդրով: Ձեր կարծիքով` որտե՞ղ փնտրել հիմնախնդրի կարգավորման բանալին, եթե ադրբեջանական եւ հայկական կողմերը հիմնական հարցի` Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունեն եւ ոչ մի քայլ չեն զիջում: Ինչպե՞ս եք պատկերացնում հակամարտության կարգավորման սխեման:
– Պարզ է, որ առայժմ ոչ Բաքուն, ոչ Երեւանն ու Ստեփանակերտը չեն կարող ընդունել հակամարտող կողմի դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի հարցում: Այդ պատճառով հարկավոր է այս հարցի որոշումը թողնել Ղարաբաղի բնակչությանը, այդ թվում եւ՝ այն ադրբեջանցիներին, ովքեր այնտեղ ապրում էին մինչեւ հակամարտությունը: Սա ամենատրամաբանականը կլինի. չի կարելի ժողովրդի ճակատագիրը որոշել առանց նրա մասնակցության եւ չի կարելի ժողովրդի կամքի արտահայտությունը հետաձգել 5 տարուց ավելի: Իմ պատկերացմամբ` հակամարտության կարգավորման սխեման ընդհանուր կոպիտ գծերով այսպիսին է. 1) Նախ եւ առաջ` իրավաբանորեն ձեւակերպել բոլոր երեք կողմերի պարտականությունները` հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հարցում, ինչպես նաեւ՝ համաձայնեցնել ԼՂ կարգավիճակի հարցում ժողովրդի կամքի արտահայտության ընդհանուր կարգը եւ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի որոշումը: 2) Մեկը մյուսից զավթված տարածքներից զորքերի փուլ առ փուլ դուրսբերում (բացի Քելբաջարի եւ Լաչինի շրջաններից) եւ բռնագաղթվածների աստիճանաբար, բացառապես կամովին վերադարձ ապառազմականացված ազատագրյալ տարածքներ, եւ 3) ԼՂ կարգավիճակի մասին քվեարկության անցկացում եւ վերոնշյալ երկու շրջանների ազատագրում (բացառությամբ Լաչինի միջանցքի): Սակայն կարեւոր է, որ ԼՂ ընտրողներն ունենան ԼՂ հնարավոր բոլոր կարգավիճակներից ընտրություն կատարելու լիակատար, ոչ թե սահմանափակ ազատություն: Կարեւոր է նաեւ, որ զուգահեռ քննարկվեն եւ լուծվեն Ադրբեջանում` Շահումյանի շրջանում, ինչպես նաեւ Բաքվում, Գյանջայում, Նախիջեւանում եւ այլուր ժամանակին ապրող հայերի` կրկին այնտեղ վերաբնակվելու, նաեւ Հայաստանում նախկինում բնակվող ադրբեջանցիների ՀՀ-ում վերաբնակվելու հետ կապված հարցերը (անկախ այն բանից, թե ով կվերադառնա, ով` ոչ): Իհարկե, այստեղ շատ բան կախված է դետալներից, որոնց ես չեմ անդրադառնում այս սխեմայում:
– Կարելի՞ է ենթադրել, որ եթե Դմիտրի Մեդվեդեւի` առաջիկայում Բաքու այցի ընթացքում Ադրբեջանը Ղարաբաղի հարցով չստանա իրեն բավարարող առաջարկներ, ապա կվերանայի ադրբեջանա-ռուսական հարաբերությունները` լուրջ փոփոխություններ անելով իր քաղաքական ուղղվածության մեջ` Ղարաբաղի հարցում փնտրելով իր կարծիքով ավելի արդյունավետ միջնորդի, եւ ինտենսիվ կդարձնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդհանուր առմամբ վերանայելու պահանջները:
– Ես չեմ հավատում այդ կտրուկ խոսակցություններին, քանի որ Ադրբեջանն ու Ռուսաստանը հարեւաններ են, որոնք օբյեկտիվորեն կարիք ունեն իրար հետ համագործակցության ամենատարբեր ոլորտներում: Եվ հետո, ՌԴ նախագահը Երեւան եւ Բաքու է մեկնում ոչ թե քննություն տալու եւ «քննողներին» բավարարելու համար: Միջնորդական դժվարին գործում հաջողության հասնելու երաշխիքը համբերատարությունն է եւ գլխավոր հարցում (հակամարտության խաղաղ կարգավորում) համառությունը, ինտելեկտուալ ճկունությունը, կոնկրետ դետալների մեջ հնարամտությունը: Այն քիչ բանը, որ ձեռք է բերվել այս հակամարտության կարգավորման հարցում, ձեռք է բերվել կամ Ռուսաստանի շնորհիվ, կամ էլ նրա ակտիվ մասնակցությամբ: Միեւնույն է, խնդիրը միջնորդների մեջ չէ, այլ կողմերի դիրքորոշումների: Պետք է քննադատել ոչ այնքան միջնորդներին կամ էլ միմյանց (ինչն արվում է նախանձելի պարբերականությամբ), այլ ավելի հաճախ ստուգել ինքներս մեզ` արդյո՞ք ամեն ինչ ենք արել հենց մենք: Բանը դեռ դրան չի հասել, իսկ կողմերը կարող էին դասեր քաղել իրենց իսկ սխալներից: