ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 15-ի N 7-Ն որոշման համաձայն, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառի պետական կառավարման իրավասությունները վերապահվեցին ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը, իսկ անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրավասությունները` ՀՀ Բնապահպանության նախարարությանը (ԲՆ): ՀՀ ԲՆ իրավասությանն է հանձնվել 91.3 հազ. հա հատուկ պահպանվող անտառային տարածքներ` արգելոցներ (Խոսրովի անտառ, Շիկահող, Էրեբունի), ազգային պարկեր (Սեւան, Դիլիջան) եւ թվով 23 արգելավայրեր: Տարիների ընթացքում ՀՀ ԲՆ ենթակայությամբ գործող հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ աղմկահարույց դեպքեր ու չարաշահումներ բացահայտվեցին: Հայտնի է, որ պետական սեփականություն հանդիսացող արգելոցների տարածքներում բիզնես-ծրագրեր իրականացնելու գայթակղությանը մեր պետական պաշտոնյաները չէին դիմանալու: Այդ ոլորտի եկող-գնացող պաշտոնյաները բնական ռեսուրսներից օգտվեցին` ինչպես կարողացան, իսկ առհասարակ, ինչպես Բնապահպանության, այնպես էլ Գյուղնախարարության կառավարման նկատմամբ թույլ վերահսկողության արդյունքում բնությունից «քամվում» է ամենավերջին տերեւը: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ Վերահսկիչ պալատը 2009թ. ստուգումներ էր կատարել ՀՀ ԲՆ ենթակայության «Սեւան», «Դիլիջան» ազգային պարկերում, «Արգելոցապարկային համալիրում», «Շիկահող» պետական արգելոցում եւ «Սոսիների պուրակ» պետական արգելավայրում: Բնականաբար ՎՊ-ն արձանագրել էր թերություններ, չարաշահումներ եւ ՀՀ պետբյուջեից ՀՀ ԲՆ փոխանցված գումարների փոշիացում: Վերջերս էլ «Խոսրովի» անտառ արգելոցի «Գիլան» արգելավայրում շինարարական աշխատանքներ էին սկսվել, որոնք ժամանակավորապես կասեցվեցին բնապահպանների աղմուկից հետո: Ներկայումս այդ աշխատանքները դադարեցվել են փաստաթղթերն ուսումնասիրելու պատճառաբանությամբ, սակայն այն շուտով կմեկնարկի, որովհետեւ այդ ռեստորանաշինության համար ՀՀ Կառավարության համապատասխան որոշում գոյություն ունի: Այնպես որ, պետության համար ռազմավարական նշանակության արգելոցը` արգելոց, բայց մեր երկրում տիրող մթնոլորտում անհատի, մեծահարուստի կոմերցիոն շահը վեր է անգամ պետությանը, հանրությանը պատկանող կենսառեսուրսի պահպանումից:
Բացի ՀՀ Բնապահպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող անտառային տարածքներից` բնությունից, անտառային ռեսուրսներից հնարավորինս օգտվում է նաեւ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը: Նախ նշենք, որ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության իրավասությանն է հանձնվել 91.3 հազ. հա հատուկ պահպանվող անտառային հողերի 372.8 հազ. հա տարածքների կառավարումը, նշված գործառույթներն իրականացնում է իր աշխատակազմում գտնվող անտառային տնտեսության վարչության (2 բաժին) եւ «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության (19 «Անտառտնտեսություն» մասնաճյուղեր) միջոցով: Մեր տեղեկություններով` ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայությունն ակտիվ ստուգումներ է իրականացնում Գյուղնախարարության ենթակայությամբ գործող մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ-ում: «Հայանտառի» մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերահսկող մարմիններն անհավանական չափերի հասնող չարաշահումներ են հայտնաբերել: Ստուգումներն ավարտելուց հետո չի բացառվում, որ այդ փաստերը հանձնվեն ՀՀ Գլխավոր դատախազություն, այնուհետեւ «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի դեմ քրեական գործ հարուցվի: Բանն այն է, որ հեկտարներով անտառները վարձակալությամբ հանձնվել են տարբեր մարդկանց, որոնք էլ վերջիններս օգտագործել են արտադրական, գյուղատնտեսական նպատակներով: Մինչդեռ փաստաթղթերով «Հայանտառի» տնօրինությունը ՀՀ կառավարությանն այդ հողատարածքները ներկայացրել է իբրեւ հատուկ նշանակության անտառներ: Այս քայլը ենթադրում է, որ գյուղատնտեսական նշանակության անտառները պետք է ՀՀ բյուջեին գումարների մեծ հոսք ապահովեին, սակայն, ինչպես նշեցինք, փաստաթղթերով այդ անտառների նշանակությունը ներկայացվել է միանգամայն այլ կերպ: Այնպես որ` «Հայանտառի» տնօրենը տեւական ժամանակ է` պետական անտառները շահագործում է կոմերցիոն նպատակներով, սակայն ՀՀ բյուջե հարկային մուտք չի արվում: Միամտություն է կարծել, թե «Հայանտառի» տնօրինությունն այդ գործունեությունը ծավալել է առանց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի իմացության կամ, ինչպես ընդունված է ասել, «դաբրոյի»:
Նշենք, որ ՀՀ անտառային հողերը 1993թ. հաշվառման արդյունքներով կազմում են 459.9 հազ հա, որից 334.1 հազ. հա անտառածածկ տարածքներ են (հանրապետության տարածքի 11.2%-ը), այդ թվում` 283.6 հազ. հեկտարը բնական անտառներ են, իսկ 50.5 հազ. հեկտարը` արհեստական: Նաեւ տեղեկացնենք, որ Հայաստանի անտառները, ըստ պետական փաստաթղթերի` դասակարգվում են պաշտպանական, հատուկ եւ արտադրական նշանակության: Ենթադրվում էր, որ արտադրական նշանակության անտառների շահագործումը պետական ճիշտ կառավարման արդյունքում կարող էր երկրի սոցիալ-տնտեսական մակարդակի զարգացման համար էական գործոն լինել: Ի դեպ, ՀՀ Անտառի ազգային ծրագրում մանրամասն ներկայացվում է անտառային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու միջոցով երկիրը զարգացնելու ռազմավարական ծրագրերը, ինչպես նաեւ՝ անտառների կարեւորությունը ՀՀ ազգային անվտանգության հարցում: ՀՀ Անտառի ազգային ծրագրում բավական ոգեւորիչ տողեր են հատկացվել օրինական անտառօգտագործման արդյունքում եկամուտների ավելացման, անտառային ոլորտում ստվերայնության դեմ պայքարի, անտառին պատճառված վնասի հատուցման համակարգի կատարելագործման եւ այլ սիրուն-սիրուն բաների մասին: