2007 թ. հոկտեմբերին ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահներ Յոզեֆ Բլատթերը, Միշել Պլատինին եւ Ռուբեն Հայրապետյանը դրեցին Հայաստանի ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի առաջին քարը:
Եվ երեկ տեղի ունեցավ ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, կառավարության անդամներ, ՀՖՖ գործկոմի անդամներ, հայաստանյան ֆուտբոլային ակումբների ղեկավարներ եւ այլք: Ակադեմիայում կմարզվեն 1000-ից ավելի երեխաներ, ովքեր ապագայում կհամալրեն մեր ազգային հավաքականները: Ազգային հավաքականների տեխնիկական այս կենտրոնը խոշորագույնն է Անդրկովկասում եւ լավագույններից մեկն է Եվրոպայում: Ազգային ու երիտասարդական հավաքականները, ի դեպ, արդեն սկսել են ուսումնամարզական հավաքներն ակադեմիայում: Բացման հանդիսավոր արարողության ընթացքում, անդրադառնալով կատարված աշխատանքներին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ ծախսվել է 12 մլն դոլար: «Կատարվել է մեր բոլորիս երազանքը, եւ Հայաստանն այսօր ստացել է նման չքնաղ մարզական կառույց: Սա ժամանակակից կենտրոն է, որտեղ մեր հավաքականները կարող են կազմակերպել իրենց ուսումնամարզական հավաքները: Ես ուզում եմ ներկայացնել նաեւ, թե որքան միջոցներ են ներդրվել եւ ում կողմից` ակադեմիան կառուցելու համար: Հիմնական ներդրումները` 7 մլն 475 հազար ԱՄՆ դոլարի չափով, կատարել է ՈՒԵՖԱ-ն: Այլ կերպ ասած` Եվրոպական ֆուտբոլային գերատեսչությունը հատկացրել է ընդհանուր գումարի 62 տոկոսը: ՖԻՖԱ-ն հատկացրել է 400 հազար դոլար (3,3 տոկոս), իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ծախսել է 4 մլն 125 հազար դոլար (34,4 տոկոս): Ընդհանուր առմամբ` ծախսվել է 12 մլն դոլար: Կառուցվել է 13 հազար քառ. մետր շինություն, 5 խաղադաշտ` լողավազաններով եւ այլն»,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը: «Եվրո-2016»-ին մասնակցելու են 24 հավաքականներ, եւ սա՝ ըստ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի, դրական ազդեցություն կունենա եվրոպական ֆուտբոլի վրա: «Եվրոպայի վերջին առաջնությանը չէին մասնակցում Անգլիան, Դանիան, Սերբիան, Հայաստանը: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք 24 բարձրակարգ հավաքական ընդունել: Բացի այդ, չես կարող քաղաքներից մեծ ներդրումներ պահանջել՝ ընդամենը 3 խաղի համար: «Եվրո-2016»-ի ընթացքում ֆրանսիական քաղաքները ընդունելու են 5-6 խաղ, ինչը փոխում է իրավիճակը»,- ասուլիսում ասել է Պլատինին: Անդրադառնալով Ավանում բացված ֆուտբոլային ակադեմիային` Պլատինին ընդգծել է, որ նման կենտրոններ Եվրոպայում շատ կան, սակայն այս մեկը յուրահատուկ է. «Յուրահատուկ է իր գեղեցկությամբ: Այն իրոք շատ գեղեցիկ է: Այնքան գեղեցիկ է, որ 2 լողավազան կա»: Հարցին, թե ի՞նչ կասեր ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջիովանի Տրապատոնիին, եթե 2 օր անց նրան հանդիպեր Երեւանում, Պլատինին պատասխանել է. «Կհարցնեի, թե ինչպե՞ս է առողջությունը: Մենք մոտ ընկերներ ենք: Վերջերս Դուբլինում մասնակցում էի նոր մարզադաշտի բացմանը, սակայն Տրապատոնին ներկա չէր, քանի որ վատառողջ էր: Նրա փոխարեն Տարդելին էր եկել: 2 օր անց Ձեր դեմ են դուրս գալու «Յուվենթուսի» նախկին 2 աստղեր»:
Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը մեծապես նպաստելու համար` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Ֆրանսուա Պլատինին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է «Պատվո շքանշանով»: Ս. Սարգսյանը պարգեւը ՈՒԵՖԱ-ի նախագահին է հանձնել ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողության ընթացքում:
Կ.ՎԱՐԴԱՆՅԱՆ