Մարդուն պետք է հավատալ ծայրահե՞ղ դեպքում

02/09/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Թե որն է կրթական ոլորտի ներկայացուցիչներին Գիտելիքի օրը Մայր Աթոռ տանելու ու օրհնության արժանացնելու իմաստը, մեծ ցանկության դեպքում գուցեեւ կարելի է հասկանալ: Վեհափառի օրհնությունը պիտի որ ուսումնական ողջ տարվա ընթացքում զգոն պահի հայ մանկավարժներին, հատկապես տնօրեններին, ովքեր այնպես հնարամտորեն են հաջողացնում շրջանցել Տասը պատվիրանները: Տեսեք, թվում է` դրանք չեն խախտվում, սակայն չեն էլ կատարվում, քանի որ անգամ Աստվածաշունչը չէր կարող ներառել այն, ինչի ունակ է մանկավարժությամբ զբաղվող հանրույթը` հատկապես ընտրությունների ժամանակ: Սակայն կրթության պատասխանատուները եւս մոլորության մեջ են. կարծեմ, մեկ-երկու ամիս առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարն ընդունեց որոշում, որ ուսուցիչները պետք է երդվեն: Այսինքն` նրանց խոսքի անկեղծությանը հավատալ պետք է ծայրահեղ դեպքում, իսկ ավելի լավ է, որ ուսուցիչները երդվեն: Սակայն դա էլ արդեն լուրջ հակասություն է քրիստոնեության հետ: Նախ` Ավետարանն ուղղակի ասում է` սուտ երդում տվողները պետք է պատասխան տան Տիրոջ առաջ եւ, առհասարակ, պատվիրում է ընդհանրապես չերդվել (Մատթեոս 5,33): Ստացվում է, որ քրիստոնեական արժեքների ներմուծումը կրթական համակարգ արվում է մեխանիկորեն, ձեւի համար: Եվ զարմանալի չի լինի, եթե հաջորդ ուսումնական տարում սկսի գործել, ասենք, նզովքի մեխանիզմը. այն կարելի է կիրառել երդմնազանց ուսուցիչների հանդեպ: Բայց այս ամենը, հասկանալի է, լուրջ չէ:

ԿԳ նախարարի գոհունակ խոսքից երեւում է նրա վստահությունը, որ ա) իր այս որոշումները նախադեպ չունեն, բ) պատմական են եւ

գ) արմատապես փոխելու է ուսուցիչների մոտեցումն իրենց գործին: Սակայն երդումն ինքնին կոտրած գրոշի արժեք չունի, եւ դա նախեւառաջ գիտի ինքը` տարիներ առաջ Բժշկական համալսարանում երդում տված նախարարը:

Եվ խնդիրն անգամ կրթական անկատար ծրագրերն ու կրթության ոլորտում բանիմաց, փորձառու ու անկաշառ մարդկանց սուր պակասը չէ: Խնդիրը նախեւառաջ պետության վերաբերմունքն է մարդու` աշակերտի, ուսանողի, ուսուցչի հանդեպ:

Հետաքրքիր է, հարցրե՞լ են ուսուցիչների կարծիքը` ցանկանո՞ւմ են նրանք օրհնվել այդպես` զանգվածաբար ու տեսախցիկների առաջ: Թե՞ նախապես բոլորին ներկա-բացակա են արել` պարտադրելով հանկարծ օրհնվելուց չխուսափել եւ նախապես երդվել, որ չեն բացակայի: Դժվար չէ գլխի ընկնելը, որ ուսուցիչների համար նույնքան նվաստացուցիչ է զանգվածային այս օրհնությունը, որքան հարկադրաբար երդում տալը:

Նույն անհասկանալի իրավիճակում նաեւ աշակերտներն են: Իրենց ուսուցիչներին տեսնելով թե՛ ընտրությունների ժամանակ, թե՛ Էջմիածնում օրհնվելիս, կեղծ բարեպաշտության տիրույթում անցկացնելով ամբողջ տասը կամ տասներկու տարի, նրանք չեն կարող դառնալ ինքնուրույն, գրագետ ընտրություն կատարելու ունակ մարդիկ: Երեխաների համար նաեւ ներքին լուրջ կոնֆլիկտ է, երբ բարձր մակարդակով պարբերաբար շեշտվում է, որ ժամանակակից աշակերտը, ուսանողը պետք է հարուստ լինի գիտելիքներով եւ լցված` հայրենասիրությամբ: Ի՞նչ է հայրենիքը, ի՞նչ է հայրենասիրությունը. թող սեպտեմբերի 1-ին որեւէ պաշտոնյա բաց դաս անցկացնի եւ բացատրի երեխաներին, ցանկալի է` անձնական օրինակներին հղում անելով:

Հայրենասիրությո՞ւն է, երբ իշխանությունների նախաձեռնությամբ 18-30 տարեկան 200 թե 300 երիտասարդի հավաքում են Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում, նրանց հավատացնում են, թե իրենք բազե են եւ ոչ մի դեպքում որեւէ այլ թռչուն, երբ նրանց հագցնում են ծիրանագույն, կարմիր ու կապույտ շապիկներ` ստիպելով կազմակերպել, ապա եւ մասնակցել «Արտեկ» ճամբարի երեխաներին հատուկ մանկական մրցույթներին: Ի դեպ, այս երիտասարդներն էլ հենց այնպես չեն ընտրվում. առանձնացվում են առավել հայրենասերները: «Բազեի» նախաձեռնողները հավանաբար թյուրիմացության մեջ են` կարծելով, թե, օրինակ, 30-ամյա մարդուն դնելով 13-14 տարեկան դեռահասի կարգավիճակում, հիմարություն չեն անում: Բոլորը վստահ են, որ երբ 25-ամյա երիտասարդ աղջիկը գզգզում է մազերը եւ բեմում կոտրատվում` ա լա Սինդի Քրոուֆորդ, երբ ֆիզկուլտուրայի մրցույթում կարմիր բազեները հաղթում են կապույտներին, իսկ նարնջագույնները պակաս ֆալշ են երգում, քան կարմիրները, խիստ զվարճալի է: Սակայն հատկապես 18-30 տարեկանում են տեղի ունենում մարդու կյանքի ամենաբախտորոշ, վճռական իրադարձությունները: Ալեքսանդր Մակեդոնացին 22 տարեկանում արդեն գրավել էր Փոքր Ասիան, Սիրիան եւ Եգիպտոսը: Յուրի Գագարինը Տիեզերք թռավ, երբ տակավին 27 տարեկան էր: Եվ ոչ մի պարագայում հնարավոր չէ պատկերացնել, որ պետության հաշվին, այսինքն` անվճար հանգստանալու համար նա կարող էր իր ժամանակը նման անմիտ ձեւով վատնել` հաճույք ստանալով պարան ձգելու վարժության մեջ հակառակորդին ջախջախելուց: Շարունակեմ` Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկինը հայտնի դարձավ 15 տարեկանում: Կարելի է հիշել նաեւ 4-ամյա Մոցարտին` թագավորական պալատում իր ստեղծագործությունները կատարելիս: Իհարկե, տարիքը մեջտեղ բերելու իմ փորձերին կարելի է նաեւ հակադարձել, թե Լեւ Տոլստոյն էլ 70-ից հետո սովորեց հեծանիվ վարել: Սակայն նա Տոլստոյն էր, ով արդեն գրել էր «Աննա Կարենինան» եւ «Պատերազմ ու խաղաղությունը»: Ինչո՞ւ չկազմակերպել երիտասարդական շինջոկատներ: Օրինակ` այդ երիտասարդներին չուղարկել ամռանն ազատագրված տարածքներում տներ կառուցելու, ճանապարհներ գցելու: Այդ ժամանակ կերեւար` հայրենասե՞ր են նրանք, թե՞ ոչ: Ապա եւ, ի նշան երախտապարտության, պետությունն իր միջոցներով այդ ուսանողներին կուղարկեր մեկշաբաթյա հանգստի: Թե ինչի համար եւ ինչպես կարելի է խրախուսել ուսուցչին, աշակերտին, ուսանողին, պետական այրերը չեն պատկերացնում: Հարգանքը մարդու ազատության հանդեպ. սա պիտի կարեւորեն նրանք, եւ ոչ թե զանգվածաբար մարդկանց տանեն հանրահավաքների կամ օրհնվելու: Եվ հետո` երբ երկրի առաջին դեմքերը խոսում են կրթության կարեւորության, այն գնահատելու թեմայով, պետք է անձնական օրինակով ցույց տան, թե ինչպես են իրե՛նց կրթությունը ծառայեցնում ի սպաս պետության: Եվ բացատրեն, թե ինչու, որպես կանոն, անկիրթ մարդկանց է վստահվում պետության համար կարեւոր ոլորտները: Հակառակ դեպքում, ոչ մի խոսք կշիռ չունի: Եթե անգամ դրան հաջորդի երդումը: