«Աթոռագործ» դսեղցիներն ու «մորթվող» հաճարենիները

02/09/2010

«Էստի համեցեք»: Սա Լոռու մարզի Դսեղ գյուղի առաջին կոմիսիոնի անունն է, որն այսօր կորցրել է իր նախկին հմայքը: Խանութի կապուտաչյա աշխատակիցը երանությամբ հիշեց գյուղի «լավ ժամանակները», երբ գյուղացին ապրում էր, այլ ոչ թե այսօրվա պես գոյատեւում: Նա նաեւ հիշեց գյուղի նախկին կահույքի գործարանը, որտեղ աշխատում էին մոտ 200 հոգի: «Առաջ գյուղացին, իսկապես, լավ էր ապրում: Հիմա գյուղը քիչ-քիչ դատարկվում ա: Ապրուստի միջոց չկա: Էսքան ապրանք եմ բերում` «տետրակներով» (նկատի ունի՝ պարտքով.- Մ.Մ.) եմ տալիս, կեսն էլ փչանում ա: Ի՞նչ անենք: Հա չարչարվում ենք, բայց ծերը ծերին հազիվ ենք հասցնում, իսկ ուրիշներն էդ էլ չեն կարողանում, բա ի՞նչ անեն»,- ասաց դսեղցի կինը: Խանութից քիչ հեռու` գյուղի կենտրոնական հրապարակում, հավաքվել էին գյուղի երիտասարդներն ու տարեցները, ովքեր խուսափեցին խոսել գյուղացու դժվարությունների մասին: Ասում են` ամեն ինչ պարզ երեւում է: «Տրամադրություն չունենք խոսելու: Չե՞ք տեսնում` գյուղում ինչ վիճակ ա: Անպայման պիտի ասե՞նք»,- նշեց գյուղի տարեցներից մեկը: «Դե, հա ամեն օր էլ տեսնում ենք, որ գրուզավիկներով փայտ են տանում, բայց էդ օրինական ա: Իրանք թուղթ ունեն: Մեզ մոտ անօրինական հատումներ չեն լինում: Սաղ օրինական ա»,- ասացին նրանք` փորձելով թաքցնել գյուղում տիրող իրական պատկերը: «Տարիներ առաջ Դսեղի անտառի մեջ քարի արտադրամաս էին ուզում բացել, ավելի ճիշտ` լանջերից քար էին ուզում հանել, եւ ոչ մի ճանապարհ չկար դեպի արտադրամաս: Եվ բուլդոզերներով սկսեցին ճանապարհ բացել դեպի քարի արտադրամաս: Այդ ընթացքում հատվեցին շատ ծառեր: Սա հնարավորություն է տալիս այդ անտառից եւս ծառեր հանելու»,- նշեց Կենսաբանության գիտությունների թեկնածու, բուսաբան Անուշ Ներսիսյանը` նկատելով, որ ծառերը մեծամասամբ հատվում են զառիթափ լանջերում, ընդ որում` հատվող հիմնական ծառատեսակը հաճարենին է: Ըստ նրա` հաճարենիներն այն հազվագյուտ ծառատեսակներից են, որոնք հատումներից հետո դժվար են վերականգնվում: «Սեփականության մղումը տարավ նրան, որ մարդիկ ստեղծեցին իրենց սեփական արտադրամասերը: Ոնց որ ասում են` չկա չարիք՝ առանց բարիքի: Այսօր Դսեղում կան 20-ից ավելի փայտամշակման արտադրամասեր, եւ յուրաքանչյուրում աշխատում է 5-6 մարդ: Դա բավականին մեծ թիվ է»,- ընդգծեց Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը: Հարցին, թե այդ արտադրամասերը որտեղի՞ց են ձեռք բերում փայտը, գյուղապետը պատասխանեց. «Մեր անտառտնտեսությունից կամ հարեւան անտառտնտեսությունից, այսինքն` տեղական հումքով են պատրաստում»: «Մենք փայտը ձեռք ենք բերում անտառտնտեսությունից: Էստեղ օրինական, սանիտարական հատումներ են լինում, որի միջից մետրերով ջոկվում են, էսպես ասած` երկարաքոթուկներ: Մենք դրանք օրինական ձեռք ենք բերում»,- ասաց Դսեղի փայտամշակման արտադրամասի պետ Փաշիկ Խառատյանը, ում ղեկավարած արտադրամասը, ինչպես Դսեղի մյուս արտադրամասերը, արտադրում են հիմնականում աթոռներ: «Մենք օգտագործում ենք հաճարի տեսակի փայտ, որը ոչ թե մենակ Հայաստանում, այլ ամբողջ աշխարհի մակարդակով մեբելի համար արժեքավոր փայտ է: Իմ արտադրամասի մասշտաբով ասեմ` տարեկան կարող ենք արտադրել 4000 միջին արժեք ունեցող աթոռ, բայց էսօր ոչ թե էդ հնարավորությունը չունենք, չէ՛, ունենք, այլ իրացում չունենք»,- ասա Խառատյանը: Ըստ նրա ` հումքի թանկ լինելով էլ պայմանավորված է աթոռների ինքնարժեքի բարձր լինելը: Ընդ որում` փայտամշակման արտադրամասերի տերերը փայտը ձեռք են բերում ոչ թե խտացված, այլ պահեստային մետրերով: Զավեշտալի է նաեւ այն, որ արտադրողները փայտը գնում են անմիջապես անտառում, այսինքն` բացի փայտի գնից, ավելանում են հավելյալ ծախսեր եւ դժվարություններ: «Պահեստային մետրը կարողանում ենք ձեռք բերել 12.000 դրամով: Դրան գումարած՝ անտառից մինչեւ երկրորդ մեքենան հասցնելը դառնում ա 17-18-20.000 դրամ: Էսօրվա պայմաններում դժվար ա: Աթոռը չենք կարողանում էժանացնել, էդ գնով էլ ժողովուրդը չի ուզում առնի»,- նշեց Փ. Խառատյանը: Աթոռի միջին գինը 4000 դրամ է, եւ յուրաքանչյուր 1 մետրից արտադրամասը պատրաստում է շուրջ 40 աթոռ, իսկ տարեկան գնում է 50 մետր փայտ: Արտադրամասն ունի 4 աշխատակից, եւ ամսական պատրաստում է 200 աթոռ: «Չենք գնում էն պատճառով, որովհետեւ չենք կարողանում իրացնել»,- նկատեց Դսեղի փայտամշակման արտադրամասի պետը: Ի պատասխան հարցին, թե բացի Դսեղից՝ հաճարենիներն այլ տեղ «արտահանվո՞ւմ» են, Փ. Խառատյանն ասաց. «Եթե անգամ դուրս է բերվում` արվում է կահույքագործության նպատակով: Կամ աթոռ են սարքում, կամ էլ պարկետ»: Մենք փորձեցինք նաեւ որոշ հարցերի պատասխաններ ստանալ Դսեղի անտառտնտեսությունից, իսկ, ավելի ճիշտ` Դսեղի անտառապետ Մարտին Ավագյանից: Սակայն անտառտնտեսության շենքում գտնվողները, տեսնելով լրագրողներին, ծածկեցին վարագույրը, եւ այդպես էլ չարձագանքեցին մեզ: Ի դեպ, Դսեղի անտառտնտեսության բակում հատված ծառերի բավական մեծ զանգված կար ու ինչ-որ փակ հաստատություն, որի ներսում հաստոցներ կային…