– Ե՞րբ ձեւավորվեց «Փառապանծ ազատամարտիկներ» միությունը:
– 2000թ., երբ տոնում էինք Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների տասնամյակը: Այդ ժամանակ հատուկ նշանակության ջոկատների մարտիկները հուսալքված էին: Երբ 1988թ. տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը, սկսվեց նաեւ Խորհրդային Միության աստիճանական փլուզումը: Այդ ժամանակ ՀՀ-ում հիմք դրվեց ազգային-ազատագրական պայքարին, եւ ինչպես Խորհրդային Միության մյուս պետությունները, Հայաստանը եւս ձգտում էր անկախության: Ու դեռ երկրաշարժի վերքերը չապաքինված, հայ ազգը Ադրբեջանի հետ ներքաշվեց չհայտարարված պատերազմի մեջ: Այդ տարիներին ՀՀ-ում տիրեց լիակատար անիշխանություն, իսկ, ավելի ճիշտ` իշխանությունների գործունեությունը պարալիզացվել էր: Հայաստանի տարբեր գյուղերում ֆիդայական ջոկատներ ձեւավորվեցին: Ջոկատների մի մասը ազնվաբար պայքար էր մղում ռազմաճակատում, իսկ մյուս մասը զբաղվում էր ներքին ալան-թալանով, այսինքն` ձեւավորվեցին հանցախմբեր, որոնք ազատամարտիկի անվան տակ սեւ գործ էին անում: 1990թ. ՀՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրամանով ստեղծվեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը, իսկ Երեւանի ՆԳ վարչության բազայի վրա գոյություն ուներ արագ կողմնորոշման վաշտ, որի հիմքի վրա ստեղծվեց Միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատը` թվով 1500 հոգի: Բացի այդ, Ոստիկանությունում ստեղծվեցին խմբեր, որոնք մեկնում էին ռազմաճակատ: Մեր հիմնական ուժը դարձան Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները, որոնք կատարում էին երկու ֆունկցիա` ռազմաճակատում կռվում էին իբրեւ մարտիկներ, իսկ երկրի ներսում` իբրեւ իրավապահներ, վնասազերծում ու զինաթափում էին հանցավոր խմբերին: Մենք եւս ունեցանք բավական կորուստներ` 150 զոհ, 75 գերեվարված, մի քանի տասնյակ վիրավորներ ու անհայտ կորածներ: 1991թ., երբ Խորհրդային բանակն իրականացնում էր հայտնի «Օղակ» օպերացիան, այդ ժամանակ ՀՀ-ում ձեւավորվեց Պաշտպանության կոմիտեն, որը պարտավոր էր վերահսկել կամավորական ջոկատների գործողությունները: Զուգահեռ՝ Երեւանի կենտրոնական հավաքակայանում ձեւավորվեց Միլիցիայի հատուկ գունդը, իսկ սահմանամերձ գոտիներում` Հատուկ գնդի վաշտեր: Եվ այս ջոկատների ու Հատուկ գնդի հիմքի վրա ձեւավորվեցին Հայոց բանակն եւ ՀՀ Ներքին զորքերը: Իսկ ահա 2000թ., տեսնելով Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների հիասթափված լինելը, որի պատճառով ոմանք մեկնեցին արտերկիր, միտք հղացավ ստեղծել այս միությունը:
– Իսկ ովքե՞ր են միության անդամները:
– Միության մեջ ընդգրկված են Միլիցիայի հատուկ ջոկատների մարտիկները` շուրջ 5000 հոգի: Մենք կամավորական ջոկատներից որեւէ մեկին չենք գրանցել քանակ ապահովելու համար: Նշեմ նաեւ, որ ՀՀ բոլոր մարզերում ունենք մեր միության ստորաբաժանումները: Ցավով եմ նկատում, որ այսօր բազմաթիվ շահարկումների առարկա է դարձել Ոստիկանությունը: Շատ հաճախ լսում եմ այնպիսի կարծիքներ` իբր ոստիկանը պատերազմի ժամանակ չի կռվել եւ այլն: Մինչդեռ ունենք այնպիսի հերոսական տղաներ, ովքեր պատերազմի ժամանակ կռվել են: Ավելին, այսօր գրքեր են գրվում Արցախյան գոյամարտի ժամանակ իբր մասնակից-մարտիկների մասին, ովքեր իրականում ռազմաճակատից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էին: Հուսանք, որ մի օր կգրվի այնպիսի մի գիրք, որում կլուսաբանվի իրականությունը: Մեր միության նպատակը հայ-ադրբեջանական պատերազմին մասնակից մարտիկներին, ովքեր աշխատում էին ՆԳՆ համակարգում, աջակցելն է` սոցիալապես, իրավապես, բարոյապես, որպեսզի նրանք չհուսահատվեն հայրենիքից:
– Այսօր ցանկացած միության նկատմամբ վստահություն չկա, անգամ այնպիսի միությունների, ինչպիսին Ձեր միությունն է: Դրանք, կարծես, ձեւական բնույթ են կրում:
– Համամիտ եմ, որ այսօր հասարակության մեջ անվստահություն կա միությունների նկատմամբ: Այսօր շատ միություններ ստեղծվում են գլխաքանակ լրացնելու համար, որոնք ուռճացնում են անդամների թիվն ու, մեծամասամբ, մասնակից են դառնում քաղաքական «խաղերին», պարում այս կամ այն քաղաքական գործչի դուդուկի տակ:
– Ձեր միությունը չի՞ պարում:
– Մեր միությունն ընդհանրապես չի խառնվում քաղաքական ինտրիգներին: Դա ամրագրված է անգամ մեր միության կանոնադրության մեջ: Մենք միայն արդարության կողմնակիցն ենք:
– Հայաստանում արդարություն կա՞:
– Մի առիթով մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ հայ ազգը հիասթափված է ոչ թե սոցիալական վատ վիճակից, այլ սոցիալական անարդարությունից: ՀՀ-ում չկա սոցիալական արդարություն: Յուրաքանչյուրս մեր ուժերով պետք է սատար կանգնենք մեր երկրի նախագահին` վերականգնելու սոցիալական արդարությունը թե՛ ազատամարտիկների, թե՛ հանրության շրջանում: Իսկ դրան հասնելու համար պետք է գործել: Պետք է անել այնպես, որ ազատամարտիկն իր ուրույն տեղն ունենա: Նպաստել ԱԺ-ում ազատամարտիկի մասին օրենքի ընդունմանը, Կառավարությունն էլ իր որոշումներով նպաստի ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավմանը: 1992թ. Կառավարության որոշում կար, ըստ որի` ազատամարտիկները սոցիալական ծառայություններից օգտվում էին 50% զեղչով: Այդ որոշումը գոյատեւեց մինչ 1998թ., եւ Կառավարությունն այդ որոշումը, չգիտես ինչու, սառեցրեց: Եվ հիմա ազատամարտիկը հայրենիքին մատուցած ծառայություններով հանդերձ՝ մի տեղեկանքի համար ընկնում է դռնեդուռ, եւ ինչ-որ հղփացած հաստավիզ նրան կոպտում է` ասելով` ում համար կռվել ես` նրան էլ դիմիր: ՀՀ-ում պետք է տարվի կադրային ճիշտ քաղաքականություն, ինչն արդեն սկսել է ՀՀ նախագահը: Թող այնպիսի տպավորություն չլինի, թե ես քաղաքական շահարկումներով եմ զբաղված: Յուրաքանչյուր մարդ պետք է իր տեղն ունենա մեր հասարակության մեջ:
– Ձեր նշածը մեր իրականությունից շատ հեռու չէ՞, հատկապես հաշվի առնելով այն, որ հենց մեր օրերում, ռազմաճակատից հազարավոր մղոններով հեռու ու «քոլերի» տակ թաքնվածներին նույն իշխանությունները պաշտոններ են «շաղ» տվել: Եվ այսօր այդ նույն մարդիկ հայրենասիրության մասին պոռոտախոսություններով են զբաղված, իսկ նրանք, ովքեր իրականում մարտնչել են, այսօր կամ չքավորության մեջ են, կամ էլ հեռացել են ՀՀ-ից: Սա ինչպե՞ս կմեկնաբանեիք:
– Ես ազգի զինվոր եմ, եւ ոչ քաղաքական գործիչ: Կարծում եմ` մեկնաբանությունները պետք է տան հենց քաղաքական գործիչները: Այո, անարդարությունն է տիրում մեզանում: Ցավով եմ նշում, բայց մեր օրերում փառքի են տիրանում այն մարդիկ, ովքեր, կրկնում եմ, պատերազմական գործողություններից հարյուրավոր կիլոմետրեր հեռու են եղել, փառքի են տիրանում նրանք, ովքեր զոհված ազատամարտիկի արարքը իրենց են վերագրում, մինչդեռ մեր հերոսական տղաները կանգնել են սոցիալական լուրջ խնդիրների առաջ, ավելին` օրվա հաց հայթայթելու խնդրի առաջ: Ու եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, կրկին այդ տղաներն են գնալու մարտադաշտ: Ինչպես ասում են` պատերազմը մտածում են մտավորականները, իրագործում են ֆանատները, իսկ հիմարները վայելում են: Անարդարությունները շատ են, բայց, լիահույս եմ, որ դրանք աստիճանաբար շտկվելու են:
– Ինչպե՞ս:
– Իրական ազատամարտիկներից խլած փառքը պետք է վերադարձնել նրանց: Իսկ դա պետք է անենք համատեղ ուժերով:
– Անգամ այն պարագայո՞ւմ, երբ Ոստիկանությունը, մեղմ ասած` հարգանք չունի քաղաքացու նկատմամբ, ով ամեն քայլափոխի իրեն ստորացված է զգում: Մի՞թե ինչ-որ բան փոխվել է, թե՞ ուղղակի Դուք լավատես եք:
– Իհարկե, լավատես եմ: Դուք նշում եք ոստիկան-քաղաքացի հարաբերությունների մասին: Ոստիկանությունը հզոր եղել ու մնում է: Միայն թե Ոստիկանության դերն ու նշանակությունը պետք է բարձրացնել: Ինչի՞ համար: Ոստիկանության աշխատանքների համար խոչընդոտում են միջազգային, եվրոպական կառույցները, որոնք, իրավունքները դրոշ դարձրած, ներխուժել են ՀՀ եւ իրենց կամքն են թելադրում: 1990-ական թթ. անիշխանության տարիներին Ոստիկանությունն ինչպե՞ս էր իրեն դրսեւորում, ինչպե՞ս շտկեց իրավիճակը: Ոստիկանությունը միշտ էլ ծառայել ու ծառայում է հասարակությանը: Ես ուղղակի խնդրում եմ ՀՀ իշխանություններին՝ թույլ չտալ եվրոպական կառույցներին ներխուժել Հայաստան:
– Չե՞ք կարծում, որ ՀՀ քաղաքացին միջազգային կառույցներին դիմելով՝ արդարություն է որոնում:
– Հայ ազգն ունի իր մենթալիտետը, իր մշակույթը, արժեհամակարգը: Եվրոպացիներին ապավինելով` մի օր մենք կկորցնենք նաեւ մեր հայրենիքը: Ազգային ժողովն իրավունք չուներ ընդունել աղանդավորների եւ համասեռամոլների մասին օրենքները: Այսօր որքան երեխաներ ու երիտասարդներ են ինքնասպանություն գործում աղանդների հողի վրա: Չպետք է թույլ տրվեր, որպեսզի եվրոկառույցները ներխուժեին հայ ընտանիք: Բելառուսը չի անդամակցում եվրոպական կառույցներին, իսկ ո՞նց է ապրում: Պետությունը պետք է բարձրացնի Ոստիկանության դերը:
– Օրեր առաջ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշվեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների 20-ամյակը, եւ միության պատվո նախագահ ճանաչեցիք ՀՀ ոստիկանապետին: Ի՞նչ է տալու միությանը նման «համագործակցությունը»:
– Այո, օգոստոսի 28-ին հոբելյանական բազմաբովանդակ միջոցառումներով հանդիսավոր նշվեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՄՀՆՋ) 20-ամյա հոբելյանը։ Միջոցառումներն ավարտվեցին Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում, որտեղ ՄՀՆՋ-ի Վետերանների միության խորհրդի 20.08.2010թ. թիվ 35 որոշմամբ ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սերգեյի Սարգսյանը պաշտոնապես ճանաչվեց որպես միության Պատվավոր նախագահ։ Մեր միությունը գործում է շուրջ 10 տարի, եւ մինչ օրս չի ունեցել պատվավոր նախագահ, թեպետ շատ-շատերի չիրականացված երազանքն է եղել ՄՀՆՋ-ի վետերանների միության պատվավոր նախագահ դառնալը։ Սակայն, ի հեճուկս իրենց երազանքների` ՄՀՆՋ-ի վետերանների միության պատվավոր նախագահ ճանաչվեց մարդ, որը շատ կարճ ժամանակահատվածում բարձրացրեց Ոստիկանության հեղինակությունը, վերականգնեց հանրության վստահությունը ոստիկանի նկատմամբ եւ, ամենակարեւորը, մոռացված եւ հուսալքված ազատամարտիկ ոստիկաններին հույս եւ հավատ ներշնչեց վաղվա օրվա նկատմամբ։
– ՄՀՆՋ վետերանների միությունը 10 տարիների ընթացքում ի՞նչ է արել:
– Շուրջ 1700 ազատամարտիկների շնորհեցինք գերատեսչական պարգեւներ: Մեր միության անդամներից 700-ն արդեն ստացել են պատերազմի մասնակցի կարգավիճակ: Բացի այդ, մեր միությունը կազմակերպել է մի շարք օգնություններ ազատամարտիկ-ոստիկանների ընտանիքներին` առողջապահության, կրթության ոլորտներում (վիրահատություններ, վարձավճարի զեղչեր) եւ այլն: Իսկ գլխավորը՝ մենք ազատամարտիկների մեջ փորձում ենք վերականգնել հավատը: Չմոռանամ նշել նաեւ, որ մեր միությունն անդամագրվել է Միջազգային ոստիկանության ասոցիացիային, որի կենտրոնը Լոնդոնն է: Ասոցիացիայի անդամ-երկրների թիվը 64 է: Մենք առայժմ ներկայանում ենք իբրեւ Ռուսաստանի մասնաճյուղ, իսկ 2011թ. ՀՀ-ն արդեն կդառնա այդ ասոցիացիայի լիիրավ անդամը: Մենք բոլորս մեր ուժերով պետք է վերականգնենք արդարությունը: Ես այսօր հպարտությամբ եմ նշում, որ մեր միությունը ոչ մեկի ձեռքի գործիքը չի եղել ու չի լինի: Բոլորն էլ գիտեն մեր ուժն ու հզորությունը եւ այն, որ մենք մշտապես հեռու ենք քաղաքականությունից:
– Քաղաքականությունն այդքան սարսափելի՞ է:
– Քաղաքականությանը պետք է շատ լուրջ վերաբերվել, այլ ոչ թե մտնել այդ ոլորտ` ժողովրդին հարստահարելու, թալանելու համար: Քաղաքական գործիչը պետք է ծառայի ժողովրդին, երկրին, այնինչ ՀՀ-ում, ցավոք, որոշ մարդիկ քաղաքականությանը վերաբերվում են որպես բիզնեսի: Այսօր Հայաստանն այնքան խնդիրներ ունի` սոցիալական, տնտեսական, չմոռանանք նաեւ այն, որ պատերազմը դեռ չի վերջացել: Մենք հզոր կլինենք, երբ մեր ամբողջ ազգը համախմբված կլինի: Ի վերջո, ամեն ինչ չէ, որ կախված է իշխանություններից, յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, եւ բոլորս մեր բաժին պատասխանատվությունն ենք կրում: Միայն այդ դեպքում կարող ենք ասել` հզոր ենք:
– Ի՞նչ է պետք անել:
– Իրերը եւ երեւույթները պետք է կոչել իրենց անուններով: Այսօր ազատամարտի տղաները ցավով են խոսում, որ այս կամ այն մարդը պատերազմական դաշտում «չլինելով»` ազատամարտիկի անվան տակ փառքի է տիրացել: Կարծում եմ` ՀՀ նախագահի կողմից պետք է ստեղծվի հանձնաժողով, որը կվերանայի պատերազմի մասնակցի կարգավիճակ ստացած մարդկանց: Տասնյակ-հազարավոր մարդկանց Արցախյան պատերազմի մասնակցի կարգավիճակ է տրվել, այնինչ այդքան թվով մարդ չի մասնակցել: Եթե այդ տասնյակ-հազարավոր մարդիկ մասնակցեին, ապա մենք կազատագրեինք նույնիսկ Մասիսը: Պետք է պայքարել կեղծ վկայականներ ստացած «ազատամարտիկների» դեմ: