Լեռնաձորում հորատանցքեր են անում

02/09/2010

«Այո, ես համամիտ եմ, որ պետք է կանգնեցնել, եթե ես ունենամ տրամաբանական փաստեր, պրոֆեսիոնալ փաստեր, որ այս որոնողական աշխատանքների արդյունքում մենք վնաս ենք հասցնելու առողջությանը, մարդուն եւ էկոլոգիային»,- երկու ամիս առաջ Կապանի քաղաքապետարանում Լեռնաձորում ուրանի պաշարների հետախուզական աշխատանքների դադարեցման մասին նշել էր ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Արեգ Գալստյանը: Սակայն մինչ օրս Ա. Գալստյանը այդպես էլ չի գտել մարդու առողջությանը վտանգ սպառնացող «տրամաբանական», «պրոֆեսիոնալ» փաստեր: Ավելին` հանքավայրում սկսել են հորատման աշխատանքներ: Այս մասին մեզ հեռախոսազրույցում նշեց Կապանի «Խուստուփ» հ/կ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը: «Իհարկե, ծրագիրը չի կասեցվել: Ըստ քաղաքում շրջանառվող խոսակցությունների, բացի հետախուզական աշխատանքներից, սկսել են նաեւ հորատանցքեր բացել»,- ասաց Վ. Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 6-ին ՀՀ Բնապահպանության նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության «Ռոստամ» ատոմային էներգետիկայի պետական կորպորացիայի միջեւ հուշագիր ստորագրվեց, որով ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման հիմք դրվեց: Համաձայն այդ հուշագրի` Կառավարությունը որոշեց ՀՀ ամբողջ տարածքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման գործունեություն իրականացնել: Այդ նպատակով էլ Կառավարությունը սկսեց բանակցություններ վարել ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ի հետ` փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու համար, որի արդյունքում հիմնվեց «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն: Այս ընկերությանն էլ տրվեց ՀՀ-ում ուրանի պաշարների հետազոտության եւ ուրանային հանքավայրերի շահագործման մենաշնորհը: Իսկ ընկերության կողմից ուսումնասիրությունները սկսվել են 2009թ. օգոստոսից եւ կավարտվեն 2014թ. օգոստոսին: