Ի գիտություն

02/09/2010

Երեւանի պետական համալսարանի եւ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2010 – 2011 ուս. տարվա մագիստրատուրայի առաջին կուրսեցիների

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մարգարիտ Աճեմյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երեւանի պետական համալսարանի հայ լրագրության ֆակուլտետի եւ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում 5 հաղթողների ուսման վարձը կվճարի ՀՕՖ-ը՝ ամերիկահայ բարերար Մարգարիտ Աճեմյանի կողմից հատկացրած միջոցներից:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր՝

ա) ընդունվել են վերոհիշյալ բուհերի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրա,

բ) ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի ծրագրով սովորելու տարիներին,

գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,

դ) պարտավորվում են սովորել լավ եւ գերազանց գնահատականներով,

ե) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել եւ աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:

«Մարգարիտ Աճեմյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը

Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները ցանկության դեպքում կարող են 2010թ. սեպտեմբերի 2-13-ը (ներառյալ շաբաթ եւ կիրակի օրերը) ք. Երեւան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի գրասենյակ ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝

– դիմում (ձեւը կարող եք վերցնել ՀՕՖ-ից եւ նշված բուհերի դեկանատներից)

– բակալավրի աստիճանի դիպլոմի պատճենն իր հավելվածով

– տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց պաշտոնի եւ աշխատավարձի չափի վերաբերյալ (եթե չեն աշխատում` տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից` աշխատանքային գրքույկի պատճենի հետ միասին)

– նպատակի հիմնավորում (1 համակարգչային էջ` նշելով ով ես, ինչի ես հասել մինչ օրս, ինչ հաջողություններ ես ունեցել, ինչու ես ուզում ուսումդ շարունակել հենց այս մասնագիտությամբ, ինչ կտա այն քեզ, ինչպես ես կիրառելու ձեռք բերվածը: Նշեք նաեւ քաղաքացիական մասնակցության, գիտական աշխատանքներում ներգրավվածության մասին):

– լրագրողական նյութեր (հոդվածներ, ռեպորտաժների նյութեր, ձայներիզներ, տեսաերիզներ),

– ժուռնալիստական թեստ (կհանձնվի ՀՕՖ-ի գրասենյակում. ժամկետների մասին դիմումատուները կտեղեկացվեն լրացուցիչ):

Սույն ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը, որից հետո ուսանողի եւ ՀՕՖ-ի միջեւ կկնքվի պայմանագիր: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ծրագրի համակարգող Էդուարդ Կարապետյանին հետեւյալ հեռախոսահամարներով 52-66-60 եւ 56-11-08: