Օրեր առաջ Թուրքիայի Հաթայ նահանգում հայտնաբերված մարմինը պատկանում է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական հետախուզության (ԳՌՈՒ) պետի տեղակալ, գեներալ Յուրի Իվանովին: Այս մասին է գրում թուրքական «Vatan» օրաթերթը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները: Պարբերականի փոխանցմամբ` ենթադրություններ կան, որ ռուս գեներալին սպանել են չեչեն գրոհայինները: «2000-ից հետո Թուրքիայում, Ադրբեջանում, Ավստրիայում եւ Կատարում չեչեն գրոհայինների առաջնորդների սպանությունները ծրագրվել եւ իրականացվել են ԳՌՈՒ-ի ներկայացուցիչների կողմից: Իսկ այդ գործողությունների իրականացման համար հրաման տվողը հենց գեներալ Յուրի Իվանովն էր»,- գրում է «Vatan»-ը: 52-ամյա Յուրի Իվանովն օգոստոսի սկզբին թիկնազորի ուղեկցությամբ այցելել էր Սիրիայի Տարտուս քաղաք` ռուսական ռազմաբազայում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով: Այնուհետեւ Սիրիական հետախուզության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար մեկնել էր Լազկիյե ծովափնյա քաղաք: Որոշ ժամանակ անց գեներալն անհետանում է: 10 օր անց Իվանովի մարմինը թուրք գյուղացիները հայտնաբերում են: Մարմնի հայտնաբերումից հետո թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին, թե Միջերկրական ծովում հայտնաբերվել է ռուս դիվանագետի մարմինը: Եվ միայն օրեր անց պարզ դարձավ, որ դա ԳՌՈՒ-ի պետի տեղակալ գեներալ Իվանովն է: