Եթե Թուրքիան թույլ չտա ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներին անցնել իր տարածքով, Հայաստանում նախատեսված զորավարժությունները կտապալվեն: «Ռեգնումի» փոխանցմամբ՝ նախօրեին, երեկոյան հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի երկրների վարչության ղեկավար Մեհմետ Ֆաթիհ Ջայլանը: Նա չի բացառել, որ Թուրքիան կարճ ժամանակով կբացի սահմանը եւ կթույլատրի ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար անհրաժեշտ սարքավորումները Հայաստան տեղափոխել Թուրքիայի տարածքով: «Այս զորավարժությունների սցենարը ռազմական բնույթ չունի, դրանք վերաբերում են արտակարգ իրավիճակների դեմ պայքարին»,- նշել է նա` ընդգծելով, թե ստեղծված իրավիճակում, հանդիսանալով Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամ, Անկարան չի կարող արգելել ՆԱՏՕ-ի շարասյան անցումն իր սահմանով, սակայն դա չի նշանակում, թե Թուրքիան պաշտոնապես բացում է ՀՀ-ի հետ սահմանը: