Դեռեւս չեզոք

28/08/2010

ՌԴ նախագահ Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցը եւ դրա ընթացքում ստորագրված փաստաթղթերը, մասնավորապես, Գյումրիի ռուսական ռազմակայանի` ՀՀ-ում գտնվելու ժամկետի երկարաձգման վերաբերյալ պայմանագիրը, տարբեր մեկնաբանությունների արժանացավ: Քաղաքական մեկնաբանները հատկապես կենտրոնանում էին մեր անմիջական հարեւանների՝ Ադրբեջանի ու Վրաստանի արձագանքների վրա։ Իսկ ինչպես է այս զարգացումներին վերաբերվում տարածաշրջանի մյուս «խաղացողը»` ԱՄՆ-ը: «Դա առնչվում է Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին»,- ի պատասխան նշված իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը ստանալու մեր խնդրանքին, պատասխանել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Իսկ կարո՞ղ է արդյոք դա որեւէ կերպ անդրադառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաեւ՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա: Դեսպանատունը տվել է տիպիկ ամերիկյան դիվանագիտական պատասխան. «ԱՄՆ-ը եւ Հայաստանն ունեն ամուր գործընկերություն, եւ մենք ունենք բոլոր ակնկալիքները, որ այն կշարունակվի»։ Ասել է թե՝ ոչ «այո», ոչ էլ «ոչ»: Ըստ հայեցողության եւ իրավիճակի։