ՀՀ մշակույթի նախարարությունն ի դեմս նախարար Հասմիկ Պողոսյանի եւ նրա կողմից կազմավորված կինոհանձնաժողովի՝ 19մլն դրամ է հատկացրել մի ֆիլմի նկարահանման համար, որը չունի սցենար: Բառի ամենաուղիղ իմաստով: Ֆիլմի պայմանական անունը «Կեչի կամ Զորավարի ընկուզենին» է, իսկ հասարակության մեջ այն հայտնի է՝ որպես «Միշիկի ֆիլմ»: Խոսքը դերասան Միքայել Պողոսյանի մասին է, որը տվյալ դեպքում հանդես է գալիս նաեւ որպես «գրդոնչի սցենարիստ»: Սույն վաստակավոր դերասանը նաեւ նշված կինոհանձնաժողովի անդամ է եւ կարողացել է պետությունից «փող կպցնել» իր ֆիլմի համար, որը նկարահանվելու է ոչ թե սցենարով, ինչպես լինում է սովորաբար, այլ էքսպրոմտ` ինչ եւ ինչպես պատահի սկզբունքով: Բավական հետաքրքիր նրբերանգներ ունեցող այս պատմությունը ուշագրավ է նաեւ նրանով, որ ըստ Մշակույթի նախարարության հրապարակած տվյալների, ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմելու է 187 մլն դրամ, որի մի մասը Մ. Պողոսյանը արդեն հաջողացրել է պոկել ինչ-որ սփյուռքահայերից: Գումարի մնացած մասը, ինչպես տարբեր շրջանակներում ասել է Մ. Պողոսյանը, նա ակնկալում է պոկել Ղարաբաղի իշխանություններից: Բանն այն է, որ ֆիլմի թեման ինչ-որ չափով առնչվում է Ղարաբաղի հետ, եւ նա հույս ունի, որ իրեն չեն մերժի: Ի դեպ, Մ. Պողոսյանը իր մտերիմների շրջապատում արդեն հպարտորեն ասել է, որ հենց ֆիլմի համար գումար ստանա, հող է գնելու Աշտարակում: Հավանաբար, կեչի կամ որեւէ ընկուզենի տնկելու համար: Իսկ գլխավոր հարցի պատասխանը` ինչո՞ւ է պետությունը նման անհեթեթությունների համար հսկայական գումարներ հատկացնում, պետք է փնտրել այս կատեգորիայի մշակույթի գործիչների առնվազն վերջին 12 տարիների կենսագրության եւ գործունեության մեջ: Նրանք իսկապես շատ են սիրում Ղարաբաղը եւ ղարաբաղցիներին: Հատկապես չորս տարին մեկ` ընտրություններից ընտրություն: