Էշթոնի կոչը

28/08/2010

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը երեկ հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնել առ այն, որ Ադրբեջանի գերագույն դատարանն օգոստոսի 19-ին անփոփոխ է թողել երիտասարդ ակտիվիստներ Էմին Աբդուլաեւի եւ Ադնան Հաջիզադեի նկատմամբ ստորին ատյանի դատարանների կայացրած վճիռները, ըստ որոնց, երիտասարդները ազատազրկման են դատապարտվում: Ք. Էշթոնը, մասնավորապես, ասել է, որ դատական գործընթացում տեղ գտած թերացումները, որոնք վերաբերում են արդարության եւ թափանցիկության միջազգային չափանիշներին, ահազանգում են Ադրբեջանում խոսքի ազատության ոլորտում տիրող վատ վիճակի մասին: Ք.Էշթոնն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Էմին Աբուլաեւին եւ Ադնան Հաջիզադեին: Հիշեցնենք, որ Է.Աբդուլաեւը ինտերնետում ակտիվ տեղեկություններ էր տարածում Ադրբեջանի սոցիալ-քաղաքական խնդիրների վերաբերյալ: Նա քննադատում էր Ադրբեջանի Սահմանադրությունում 2009թ. մարտի 18-ին կատարված փոփոխությունները, որով նույն քաղաքացուն թույլ է տրվում անվերջ նախագահ ընտրվել: Իսկ Ա. Հաջիզադեն «Օլ» երիտասարդական շարժման համակարգողն է, որը քարոզում է հանդուրժողականություն եւ բռնության դեմ պայքար: