Նախորդ տարի արձանագրված տնտեսական երկնիշ անկումը երեւի դեռ երկար կմնա մեր տնտեսության վիճակագրության ամենատխուր էջը։ Տարիներով երկնիշ աճին սովորած մեր բնակչությունը չէինք ասի, թե խոր սթրեսի մեջ ընկավ այդ ցուցանիշներից, սակայն մի տեսակ, ինչպես ռուսներն են ասում, «օբիդնո» էր՝ մանավանդ որ անկման ցուցանիշով ռեկորդ սահմանեցինք տարածաշրջանում։
Սակայն տարվա սկիզբը փոքր-ինչ հաջող դասավորվեց (թվերի առումով)։ Կանխատեսված 1.2% տնտեսական աճի պարագայում, հունվարին ունեցանք 2.2% աճ, հունվար-փետրվարին՝ 2.5%։ Հաջորդ ամիսներին աճի ցուցանիշը աստիճանաբար մեծացավ` համապատասխան չափով երկարացնելով իշխանությունների լեզուները։ Հունվար-մայիսին արդեն ՀՆԱ աճի տեմպը նախորդ տարվա առաջին 5 ամիսների համեմատ կազմեց 8.8%՝ գրեթե երկնիշ ցուցանիշ։
Մեկը մյուսին հերթ չտալով՝ շատերը սկսեցին մեկնաբանել այս թվերը՝ ցուցանիշի աճը բացատրելով առաջին հերթին կառավարության հակաճգնաժամային քաղաքականությամբ։ Ավելին՝ սկսեցին խոսել, որ սխալվել են կանխատեսումների մեջ, որ տարին կփակենք մի քանի անգամ ավելի մեծ տնտեսական աճով։ Ու ժամանակից առաջ ընկած՝ սկսեցին խոսել հարկման բազայի վերանայման անհրաժեշտության մասին։
Այդ ամենը շարունակվեց մինչեւ հուլիս, երբ հրապարակվեցին այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները։ 8.8%-ի փոխարեն՝ տնտեսական աճի ցուցանիշը նվազեց 6.7%-ի։ Ոգեւորությունը փոքր-ինչ թուլացավ, բայց ճոռոմ ելույթները չդադարեցին, մինչեւ… մինչեւ այս ամսվա 20-ը։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի ցուցանիշները՝ ազդարարելով, որ տնտեսական աճը կազմել է ընդամենը 4%։
Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի վատ բան չկա։ Ի վերջո, կանխատեսվածից 3 անգամ ավելի մեծ աճ ունենք։ Սակայն դա այդպես չէ, մեղմ ասած։
Տնտեսական աճը համեմատության մեջ է դիտարկվում։ Այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ու երբ նայում ենք այս տեսանկյունից, պատկերը շատ մռայլ է դառնում։ Այսպես, 4% աճ արձանագրել ենք նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ։ Իսկ նախորդ տարվա հունվար-հուլիսը մեր տնտեսական անկման պիկը կարելի է համարել՝ անկումը կազմում էր 18.5%։ 2009թ. հունվար-մայիսին ցուցանիշն ավելի բարվոք էր՝ 15.7% անկում, եւ այդ ֆոնին այս տարի 8.8% աճ էր արձանագրվել։ Իսկ հիմա, երբ բազային ցուցանիշը ավելի վատն է, եւ աճը պիտի ավելի մեծ լիներ՝ հակառակ միտումն է նկատվում։
Բացասական դինամիկան երեւում է նաեւ ըստ ամիսների արձանագրված վիճակագրությունից։ Այսպես՝ 2010թ. հուլիսին արտադրված ՀՆԱ-ի ծավալը 19.2%-ով զիջում է հունիսի ցուցանիշին։ Համեմատության համար նշենք, որ նախաճգնաժամային 2008թ. այդ ցուցանիշը 21.4% էր, բայց՝ դրական նշանով։ Ավելին, այդ ցուցանիշով մենք զիջում ենք նաեւ ճգնաժամային տարվան. 2009թ. հուլիսին արտադրված ՀՆԱ-ն 6.3%-ով գերազանցում էր հունիսի ցուցանիշը։
Իշխանական քարոզչամեքենան այս մանրամասնություններին իհարկե չի տրվում։ Պեղում ու ներկայացնում են միայն այն ցուցանիշները, որտեղ աճ է արձանագրվել։ Օրինակ՝ մի մեջբերում լրատվամիջոցներից մեկից. «Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա յոթ ամիսների ընթացքում աճել է 11,4 տոկոսով` կազմելով 434531,2 մլն դրամ։ Այս տարվա ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 16,0 տոկոսով` կազմելով 3789,9 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հունվար-հուլիսին կազմել է 189782,0 մլն դրամ»։ Այս երեք նախադասությունների մեջ մի հետաքրքիր տարբերություն կա. արդյունաբերության եւ էլեկտրաէներգիայի արտադրության մասին խոսելիս, ծավալներից բացի, նշվում է նաեւ աճի տեմպը։ Իսկ գյուղատնտեսության համար՝ ոչ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ գյուղատնտեսությունը չի աճել, այլ խայտառակ անկում է ապրել՝ 23%-ով։ Ճգնաժամային տարվա համեմատ 23% անկումը ամոթալի ցուցանիշ է։ Բայց դե, այդ մասին, իհարկե, ավելի լավ է մեծահոգաբար լռել՝ բացասական տրամադրություններ չձեւավորելու համար։ Ահա այսպիսի ազնիվ մղումով են առաջնորդվում տնտեսական լուրերի որոշ պատասխանատուներ։ Սակայն, ցավոք, նրանց այդ մղումը նպատակին չի ծառայում, քանի որ վիճակագրությամբ չհետաքրքրվող ազգաբնակչությունը գյուղատնտեսության խայտառակ անկումը զգում է անմիջապես իր կաշվի վրա՝ գյուղմթերքների գների խայտառակ թանկացման ձեւով։ Անգամ պաշտոնական վիճակագրությունը հաստատում է, որ սպառողական ապրանքների գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.4%-ով։ Ըստ վիճակագիրների, մրգի ապրանքախմբում 2010թ. հուլիսին 2009թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 22.4% գնաճ, իսկ բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում՝ ավելի բարձր, 53.5% գնաճ։
Եվ այս ֆոնին հպարտությամբ ազդարարելը, թե «ոչ պետական հիմնարկների անվանական միջին աշխատավարձը աճել է 4.4%-ով», միեւնույն է, չի օգնի, որ պետծառայողը մի քանի կիլոգրամ ավելի տանձ գնի։ Ընդ որում, այս բոլոր ցուցանիշները վերաբերում են տարվա առաջին 7 ամիսներին։ Օգոստոսի տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն շուկայից առեւտուր անող ցանկացած մարդ շատ հիմնավորված կապացուցի, որ օգոստոսին գյուղմթերքների (եւ ոչ միայն) գներն ավելի շատ են աճել։
Այսքանից հետ արդեն պարզ է, թե ինչու ԱՎԾ-ի հրապարակմանը չհաջորդեցին չափից դուրս ոգեւորված ելույթներ։ Նշենք նաեւ, որ ըստ ամենայնի՝ ոգեւորված խոսելու բան չի լինի նաեւ մեկ ամիս անց։ Օգոստոս ամիսը, ինչպես մասնավոր զրույցներում նշում են գործարարները, «մեռած» ամիս է։ Դժվար է ասել՝ շոգե՞րն էին պատճառը, թե՞ դրսից եկած փողերն են պակասել, ամեն դեպքում բոլորը դժգոհում են։ Եվ շատ հավանական է, որ հունվար-օգոստոսին տնտեսական աճը 4%-ից էլ պակաս լինի։ Ամեն դեպքում, դրանից պետք չի նեղսրտել, քանի որ 4%-ի դեպքում էլ ենք նույն կերպ ապրում, 14%-ի դեպքում էլ։