Գյումրիում լարված ընտրապայքար է սպասվում

09/10/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Գյումրիում հոկտեմբերի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրությունները բավական թեժ ու հետաքրքիր պայքար են
խոստանում: Հանրապետության
երկրորդ քաղաքում քաղաքապետի պաշտոնի համար մրցակցությունն ընթանալու է ացառապես իշխանական թեկնածուների միջեւ:

Այստեղ առաջադրվել են Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ
պատգամավոր, ՀՀԿ-ական Մարտին Սուքիասյանը, մարզպետարանի տրանսպորտի բաժնի
պետ Մարզպետունի Մարգարյանը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի նախկին պետ
Աշոտ Մկրտչյանը եւ Գյումրու ավագանու անդամ, «Գյումրի տեքստիլ» ԲԲԸ
անվճարունակության գործով կառավարչի օգնական Հունան Ավետիսյանը: Ու թեեւ
թեկնածուները հինգն են, սակայն հիմնական պայքարն ընթանալու է գործող
քաղաքապետ, անկուսակցական Վարդան Ղուկասյանի եւ ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական
Մարտին Սուքիասյանի միջեւ: Թեեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը
որպես իր հիմնական հակառակորդ ընդունում է նախկին թիմակցին՝
քաղաքապետարանի մշակույթի բաժնի նախկին պետ Աշոտ Մկրտչյանին եւ չի կիսում
մեր այն տեսակետը, թե առաջադրելով ՀՀԿ-ական Մարտին Սուքիասյանին,
իշխանություններն այդկերպ իր դեմ են ելել: Ավելին, Վարդան Ղուկասյանի
հավաստիացումներով` հենց Մարտին Սուքիասյանը չունի իշխանությունների
աջակցությունը: «Իմ ունեցած տեղեկություններով, ՀՀԿ-ն ձեր մատնանշած
թեկնածուին (խոսքը Մարտին Սուքիասյանի մասին է,-Ա.Գ.) չի սատարելու: Ինքն
առաջադրվել է որպես անհատ՝ ինքնառաջադրման կարգով»,- ասաց Գյումրիի գործող
քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Իսկ ինչ վերաբերում է իրեն, ապա պարոն
Ղուկասյանը դեռ չգիտի, թե որ կուսակցությունն է առաջիկայում պաշտպանելու:
«Կնայենք, կտեսնենք, թե որ կուսակցությունը կպաշտպանի, բայց հաստատ գիտեմ,
որ ինձ ժողովուրդն է աջակցելու»,- հայտարարեց նա: Իսկ Աշոտ Մկրտչյանն իր
հասցեին հնչեցված հայտարարություններին հումորով է վերաբերվում: Բայց եւ
նկատում է. «Դե եթե քաղաքապետի այդ թեկնածուն այդպես է ասում, ուրեմն
իրական հիմքեր կան»: Զրուցակցիս կարծիքով, քանի որ ինքը ժամանակին աշխատել
է Վարդան Ղուկասյանի հետ, գիտի նաեւ ներքին խոհանոցը եւ այդ առումով ինքը
կարող է բավական վտանգավոր լինել Վարդան Ղուկասյանի համար: Չնայած,
Գյումրիում այն կարծիքը կա, որ Աշոտ Մկրտչյանը հօգուտ Մարտին Սուքիասյանի
առաջիկայում ինքնաբացարկ է հայտնելու: «Ես չգիտեմ, դա կախված է դեպքերի
ընթացքից, միգուցե ստացվի այնպես, որ հենց Վարդան Ղուկասյանն ինքնաբացարկ
հայտնի»,- ասում է նա: Իսկ ՀՀԿ-ական Մարտին Սուքիասյանն այս օրերին
զբաղված է հանձնաժողովներում իր մարդկանց տեղավորելով: Ու քանի որ Վարդան
Ղուկասյանը վստահաբար հայտարարել էր, թե ՀՀԿ-ն Սուքիասյանին
այնուամենայնիվ չի աջակցելու, երեկ այդ տեղեկությունը ճշտելու համար
դիմեցինք հենց թեկնածուին: «Ոչ, ՀՀԿ-ն ինձ սատարելու է եւ հանձնաժողովի իր
տեղերն էլ արդեն տվել է»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, ինչպե՞ս է ստացվել, որ հանրապետության երկրորդ քաղաքում
իրար դեմ դուրս են եկել իշխանության մաս կազմող ՀՀԿ-ի ներկայացուցիչն ու
նախագահի «դաբրոն» ունեցող թեկնածուն: Շատերին է հայտնի, որ Գյումրիի
գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վայելում է ՀՀ նախագահ Ռոբերտ
Քոչարյանի վստահությունը: Իսկ դա նշանակում է, որ իշխող կոալիցիայի մաս
կազմող ՀՀԿ-ն ոչ միայն չպետք է թույլ տար, որ Քոչարյանի կողմից
հովանավորվող թեկնածուի դեմ որեւէ մեկն առաջադրվի, այլեւ ինքը պետք է ամեն
ինչ աներ այդ թեկնածուին քաղաքապետ դարձնելու համար (ինչպես արեց 2002
թվականի ՏԻՄ ընտրություններին): Բայց քանի որ ՀՀԿ-ական պատգամավորը
մասնակցելու է ընտրություններին, ապա հարց է առաջանում. ՀՀԿ-ն փորձում է
հակադրվե՞լ Քոչարյանին, թե՞ ուղղակի Վարդան Ղուկասյանն արդեն կորցրել է
նախագահի վստահությունը եւ հիմա եկել է հատուցման ժամը: Առաջին տարբերակը
քիչ հավանական է, քանի որ ՀՀԿ-ն երբեք այդքան «դուխ» չի ունեցել, որ դուրս
գա Քոչարյանի դեմ: Մանավանդ, որ Մարտին Սուքիասյանը առաջադրվելիս հստակ
նշել է իր կուսակցական պատկանելությունը՝ այսպիսով նաեւ ակնկալելով
հանրապետական «բոսերի» աջակցությունը: Ուստիառավել հավանական է այն
տարբերակը, որ Քոչարյանը որոշել է պատժել գործող քաղաքապետին: Իսկ
պատճառը, ըստ էության, այն է, որ իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում
Գյումրիի քաղաքապետը հասցրեց վարկաբեկել ոչ միայն իրեն, այլեւ` այն
անձանց, ովքեր օգնել են իրեն այդ պաշտոնում ընտրվել (այդ թվում` եւ
Քոչարյանին): Վերջերս Գյումրիում տեղի ունեցած որոշ արտակարգ միջադեպերը,
սպանություններն ու կրակահերթերը, որոնք, ի դեպ, վերագրում են քաղաքապետին
ու նրա ընտանիքի անդամներին, լցրել են համբերության բաժակը: Էլ չենք ասում
բնակբաշխման ոլորտում ի հայտ եկած օրինազանցությունները, չնչին գնով
տարածքներն օտարելն ու դրանով պետությանը հսկայական վնասներ պատճառելը,
որոնց կապակցությամբ, ի դեպ, դատախազությունում նյութեր նախապատրաստվեցին
ու քրեական գործեր հարուցվեցին: Ու հիմա կարծես բոլորը Գյումրիում խնդիր
են դրել օր առաջ ազատվել Վարդան Ղուկասյանից:

Հ.Գ. Ի դեպ, ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նա Գյումրիում
իրեն վաղուց է սպառել: Արդեն մեկ ամիս է, «Հանրապետություն» կուսակցության
Գյումրիի կառույցը չկա: «Արդարություն» դաշինքը, ի դեմս ՀԺԿ-ի, չունենալով
քաղաքապետի հարմար թեկնածու, այս օրերին զբաղված է իշխանական
թեկնածուներին հանձնաժողովի իր տեղերը վաճառելով: Նույնը վիճակում է նաեւ
«Ազգային Միաբանությունը»: Այնպես որ, ընդդիմությունը Գյումրիի ՏԻՄ
ընտրություններին չի կարող մասնակցել նույնիսկ ավագանու անդամության
թեկնածուի մակարդակով: