Ինչպես արդեն հայտնի է, օգոստոսի 5-ից Ռուսաստանն արգելել է հացահատիկի եւ դրանից պատրաստված մթերքների արտահանումը: Ըստ ՌԴ կառավարության այս որոշումը պայմանավորված է նրանով` որ շոգ եղանակի հետեւանքով առաջացած երաշտն ու հրդեհները ոչնչացրել են ավելի քան 11 մլն հա ցանքատարածություններ: Ցորենի խոշորագույն արտահանող երկրի այս անակնկալ որոշումը բացասաբար անդրադարձավ մի շարք երկրների, այդ թվում՝ նաեւ Հայաստանի վրա: Հայաստանում արտադրվող ցորենը բավարարում է երկրի պահանջարկի մինչեւ 30 տոկոսը: Նշենք, որ այս ցուցանիշը տարեցտարի նվազում է, նախորդ տարիներին հացամթերքների պահանջարկի ավելի քան 40 տոկոսը բավարարվել է ներսում արտադրված ցորենի հաշվին: Հացահատիկ ներկրող խոշոր ընկերությունները` «Մանանա Գրեյնը», «Մանչո Գրուպը» եւ «Ալեքս Գրիգը», տարիներ ի վեր պայմանագրեր են կնքել ու ցորեն ներկրել հիմնականում ռուսական ընկերություններից: Նշենք նաեւ, որ այս տարի, մինչեւ հունիս ամիսը ներկրվել է մոտ 140 հազար տոննա հացահատիկ, իսկ ընդհանուր պահանջարկը բավարարելու համար պետք է առնվազն եւս 270 հազար տոննա: Բացի այն, որ Ռուսաստանից ներկրվող ցորենի ինքնարժեքը անհամեմատ ցածր է, ռուսական ցորենն, ի տարբերություն, ասենք, բուլղարականի կամ պարսկականի, որակական հատկանիշներով եւս բարձր է: Հայկական ընկերությունները ստիպված են նոր երկրներում նոր գործընկերներ փնտրել: Բացի այդ, առանց այդ էլ միջազգային շուկայում թանկացած ցորենի գնին կավելանան նաեւ տրանսպորտային ծախսերը: Սա էլ կհանգեցնի հացամթերքների, իսկ առաջին հերթին` հացի գնաճի: Նշենք, որ Ռուսաստանից Վրաստան ցորենի ներկրման ժամանակ 1 տոննա ցորենի ճանապարհածախսը կազմում է 20-25 դոլար, եւ եւս 50 դոլար կազմում է Վրաստանից Հայաստան տեղափոխման գինը: Հասկանալի է, որ այլ երկրներից ներկրելու ժամանակ այս ծախսերն անհամեմատ կավելանան: Խանութներում վաճառվող հացն ու ալյուրը արդեն թանկացել են: Սակայն, ցորենի խոշորագույն ներկրողները տեղեկացնում են, որ այսքանով թանկացումները չեն ավարտվի, իսկ ներկայում սահմանված գներն էլ պայմանական են: «Մանչո Գրուպ» ընկերության սեփականատեր Վանիկ Մոսոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այն գինը, որով մենք հիմա վաճառում ենք ալյուրը, ռեալ գին չէ: Դրանք արհեստական իջեցված գներ են: Այսօրվա պայմաններում մեկ պարկ բարձր տեսակի ալյուրի գինը պետք է արժենա 12 հազար դրամ` ներկայիս 10 հազար դրամի փոխարեն: Եվ դա սարսափելի չէ, քանի որ Հայաստանը միշտ էլ շատ ավելի ցածր է վաճառել ալյուրը, քան անգամ ցորեն արտադրող երկրները: Հայկական շուկայի վերջին թանկացումները համահունչ չեն միջազգային շուկայի գներին, հիմա բոլոր ալրաղաց գործարանները աշխատում են վնասով»:
Պարոն Մոսոյանն ասաց, որ Ռուսաստանի սահմանած արգելքի պատճառով շատ պայմանագրեր չեղյալ են համարվել. «Բավականին խմբաքանակ բերեցինք, բայց 10 հազար տոննա ցորեն չկարողացանք ներկրել, մնաց: Հիմա հավանական է, որ կարողանանք ներկրել Ուկրաինայից, այնտեղ մի նավ բարձած էր արդեն, բայց չկարողացանք հանել, որովհետեւ արգելեցին, բայց արգելքի մասին պաշտոնական գրություն չկար»: Ըստ պարոն Մոսոյանի, որպես այլընտրանքային երկիր կարող են դիտվել Ղազախստանը, Հունգարիան եւ Բուլղարիան: Թեեւ նա նշում է, որ գերադասելին ղազախական ցորենն է. «Մյուսների ցորենի որակը այնքան էլ լավը չէ: Ճիշտ է, հաց կստացվի, բայց դե այն չէ, ինչ ռուսական ցորենը: Ամսի 29-ին Ղազախստանի ներկայացուցիչների հետ հանդիպում ունեմ, պետք է վերջնական ճանապարհ մշակենք, որ կարողանանք այնտեղից ցորեն ներկրել»: Իսկ մինչ այդ, երեկ արդեն «Մանչո գրուպը» ցորեն է ներկրել Պարսկաստանից: Վ. Մոսոյանը դժգոհում է, որ Հայաստանում արտադրվող ցորենը շատ քիչ է ու անորակ. «Մենք միատարր ցորեն չունենք, քանի որ ցանում են այն, ինչ կա: Դրսից բարձրորակ սերմացու չեն ներկրում: Բացի այդ, տեղական ցորենը շատ քիչ է: Այդ թվերը, որ բարձրաձայնում են, իրականությանը չեն համապատասխանում: Ամենաշատը կարող է լինել 150 հազար տոննա, որի միայն չնչին մասն է օգտագործվում պարենային նպատակներով»: Ինչ վերաբերում է վերջերս հաճախ շրջանառվող այն խոսակցություններին, որ առաջիկայում հնարավոր է հացի դեֆիցիտ, ապա պարոն Մոսոյանն ասում է. «Դեֆիցիտ միանշանակ չի լինի: Իմ ներկրած քանակի համապատասխան՝ ես 6 ամսվա պաշար ունեմ, գիտեմ, որ մյուս 2 խոշոր ներկրողների մոտ այն եւս կա: Թանկացումն այլ բան է, դեֆիցիտը`այլ: Հաց խանութներում միշտ կլինի եւ շատ մատչելի գներով: Եթե հիմա 1 պարկ այլուրը թանկանա 2000 դրամով, ապա հացը կթանկանա ընդամենը 20 դրամով»: Հայաստանում ցորենի խոշոր մատակարար է համարվում նաեւ «Մանանա Գրեյն» ընկերությունը, որին պատկանում է Արմաշի ալրաղացն ու հացի գործարանը: Այս ընկերության մասնաբաժինը շուկայում կազմում է 34,4 տոկոս: Ընկերության սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանն ասում է, որ ըստ սահմանված կարգի, Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերը դեռեւս 90 օր ուժի մեջ են, սակայն հավելում է, որ կան բազմաթիվ չկատարված պայմանագրեր, որոնց հետեւանքով իր ընկերությունը կրել է բավականին մեծ վնասներ եւ ակնկալում է, որ դրանք կփոխհատուցվեն Ռուսաստանի կողմից: Պարոն Նիկողոսյանը կարծում է, որ արգելքի հետ կապված Ռուսաստանի պատճառաբանությունները հիմնավոր չեն. «Տեղեկություններն այնպիսին էին, որ ցորենի գները պետք է իջնեին, եւ տենդենցը գնում էր դրան, բայց 10 օրվա ընթացքում ամեն ինչ փոխվեց: Ռուսաստանի կառավարությունը դա պայմանավորում է նրանով, որ տարին իբր չորային է եղել, բայց իրականում դրանք մեծ ընկերությունների խաղերն են: Ճիշտ է, չորային եղանակ եղել է, բայց ոչ այն մակարդակի, որ նման իրավիճակ ստեղծվեր: Սա երեւի չորրորդ դեպքն է իմ աշխատանքային փորձի ընթացքում, բայց սա ավելի արագ էր ու աննախադեպ եւ տեխնիկապես ոչ ճիշտ»: Ըստ Գ. Նիկողոսյանի, որպես ցորենի մատակարար երկրներ՝ կարելի է դիտարկել Խորվաթիան, Բուլղարիան, Սերբիան, որոնք շատ հեռու չեն, եւ ճանապարհածախսն էլ շատ թանկ չի լինի: Արձագանքելով այն պնդումներին, թե հացի վերջին թանկացումները անհիմն էին, քանի որ խոշոր ներկրողները ցորենը ներկրել էին դեռեւս թանկացումից առաջ, պարոն Նիկողոսյանն ասում է. «Նման բարբաջանքներով նպաստում են երկրում տիրող աժիոտաժին եւ հնարավորություն են տալիս, որպեսզի սպեկուլյանտներ մտնեն շուկա եւ բարձրացնեն ապրանքի գինը: Եթե նման կարծիք ունեցողները կարողանան ապացուցել իրենց ասածը, ապա մենք պատրաստ ենք համապատասխան տուգանք վճարելու մեր պետությանը: Ասեմ, որ մինչեւ թանկացումը ցորենը Հայաստանում շատ քիչ է եղել, ընդամենը մոտ կես ամսվա պաշար ենք ունեցել»: Նման պնդման հեղինակներին նա խորհուրդ է տալիս բիրժայի ներկայիս գներին գումարել տրանսպորտային ծախսերը, ավելացված արժեքի հարկը, եւ համոզվել, որ այսօր ալյուրը վաճառվում է շատ ավելի էժան գնով, քան պետք է լինի: Իսկ տեղական ցորենի արտադրության մասին պարոն Նիկողոսյանն այս կարծիքին է. «Մեր գյուղացիական տնտեսությունները հաշվարկել են, որ եթե ցորեն ցանեն, իրենք վնաս են կրելու: Դրա համար էլ զբաղվում են այլ կուլտուրաների մշակմամբ, այդ պատճառով էլ մեզ մոտ հացահատիկի արտադրությունը կտրուկ կրճատվել է: Այսօր գյուղացուն ավելի ձեռնտու է պոմիդոր ցանել-վաճառել եւ հաց գնել, քան ցորենի մշակմամբ զբաղվել»: Նա եւս հավաստիացնում է, որ ավելորդ խուճապի կարիք չկա, միշտ էլ հաց կլինի. «Հիմա դեռ փնտրում ենք այլընտրանքային ճանապարհներ, բայց հանրապետությունում 3-4 ամսվա պարենային ցորենի պաշար կա: Հաց կլինի, բայց` բիրժայի օրենքներին համապատասխան»: «Ալեքս Գրիգ» ընկերությանը պատկանող Բաղրամյանի ալրաղաց-գործարանի տնօրեն Սայաթ Գասպարյանը եւս հավաստիացնում է, որ ցորենի պաշարները բավարար են, խուճապի մատնվելու կարիք չկա: Նա ասաց, որ Ռուսաստանի փոխարեն ցորեն կներկրվի թերեւս Ղազախստանից կամ Կանադայից: Թե նախկինի համեմատ գնային որքան տարբերություն կլինի, պարոն Գասպարյանը խուսափեց պատասխանել, միայն խորհուրդ տվեց թերթերում այս թեմային ընդհանրապես չանդրադառնալ, «որովհետեւ ժողովուրդն այդպես ավելի շատ է խուճապի մատնվում»: Քանի որ մշտապես խոսվում է այն մասին, որ գերիշխողները ներկայում թանկ են վաճառում այն ալյուրը, որն արտադրվել է էժան ցորենից, ապա փորձեցինք նաեւ թանկացումների հիմնավոր լինելու հետ կապված պարզաբանում ստանալ նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: Հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը մեզ փոխանցեց, որ ցորենի եւ ալյուրի շուկայում կատարվել են ուսումնասիրություններ, հանձնաժողովը ներկրողներին հարցումներ է ուղարկել իրացման ծավալների եւ գների փոփոխությունների հիմնավորումների վերաբերյալ. «Տնտեսվարողներից արդեն պատասխանները ստացվել են: Հիմա ուսումնասիրությունների փուլն է, որից հետո արդեն հնարավոր կլինի եզրակացություն անել: Օրենքով նախատեսված է հանձնաժողովի վարույթներն ավարտել 90 օրվա ընթացքում, բայց հաշվի առնելով հարցի նկատմամբ հասարակական հետաքրքրությունն ու հարցի սոցիալական հնչեղությունը, հանձնաժողովի մասնագետներն աշխատում են արագացված ռեժիմով, եւ մենք առաջիկայում հայտարարություն կունենանք այս հարցի շուրջ»: Ցորենի շուկայում ստեղծված իրավիճակը քննարկվել է նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարած այցի ժամանակ: Քննարկումից հետո կառավարությունը որոշակի հանձնարարականներ է տվել Գյուղնախարարությանը: Նախարարությունից տեղեկացանք, որ այս պահին այնտեղ եւս հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում: Ցորենի շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջիկայում կանդրադառնանք նաեւ Գյուղնախարարության տեսակետին: