Հայաստանում ձերբակալվել է Նովգորոդի հանցավոր հանրության ենթադրյալ առաջնորդ Թելման Մխիթարյանը: Նա մեղադրվում է Ռուսաստանում ապօրինի ձեռներեցության համար: Gazeta.ru-ն` վկայակոչելով Նովգորոդի շրջանի իրավապահ մարմինների իր աղբյուրներին, տեղեկացրել է, որ երեկ Հայաստանի ոստիկանությունում որոշում էին նրա արտահանձնման հարցը: Մխիթարյանը, որը Մեծ Նովգորոդի պատվավոր քաղաքացի է, մի շարք ձեռնարկություններ ու կազմակերպություններ ունի Նովգորոդում, եւ հետխորհրդային շրջանում վերահսկել է այդ շրջանի տնտեսության զգալի մասը: Նա եղել է Նովգորոդի ներկայիս քաղաքապետի քաղաքական հարցերով խորհրդականը: 2005թ. քաղաքի ռեստորաններից մեկում նրա դեմ մահափորձ էր կատարվել: Այդ հանցագործությունը դեռ չի բացահայտվել: 2007թ. նոյեմբերին նրա դեմ ապօրինի ձեռներեցության մեղադրանք էր առաջադրվել ՌԴ ՔՕ 171 հոդվածով, որը նախատեսում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում: Մեղադրանքը հեռակա է հարուցվել, քանի որ այդ պահին նրա գտնվելու վայրը հայտնի չէր: