Ռուսաստանն, ըստ էության, անժամկետ եւ անվճար մեր տարածքն օգտագործելու իրավունք է ձեռք բերել: Ռուսները վստահ են եւ չեն էլ թաքցնում, որ, դիցուք, հայերը, ղրղըզները, ղազախները, մյուսները չեն վաստակել իրենց տարածքները խելամտորեն եւ սեփական ռեսուրսներով օգտագործելու իրավունքը, եւ դա ստիպված, բայց հաճույքով անում են իրենք` խոստանալով անհրաժեշտության դեպքում ստանձնել նաեւ մեր երկրի պաշտպանությունը: Եվ այնքան տաղտկալի են առաջացած տարիքի մեր որոշ քաղաքական գործիչների մտքերը, երբ ՌԴ նախագահի այցի ձեւաչափին տալիս են գրոտեսկային գնահատականներ: Կարելի է վստահաբար պնդել, որ Դմիտրի Մեդվեդեւի համար անհամեմատ հետաքրքիր ու հիշարժան էր հանդիպումը U2 խմբի մենակատար Բոնոյի հետ (թեեւ, ինչպես ՌԴ նախագահի անձնական բլոգից տեղեկացա, նա Deep Purple եւ Led Zeppelin խմբերի երկրպագուն է), նրա հետ թեյի սեղանի շուրջ զրուցելը, քան այն ճռճռան եւ ձանձրալի միջոցառումները, որոնք նրա համար բեմադրվեցին Հայաստանում: Ի դեպ, հետաքրքիր է, ինչ-որ մեկը հասկացա՞վ, թե ինչ նպատակով ամպրոպի պես հանկարծակի հնչեց ՌԴ պետական հիմնը, երբ Մեդվեդեւն ուզում էր Ծիծեռնակաբերդի այգում ուղղել Ցեղասպանության զոհերի հիշատակին դրված ծաղկեպսակի ժապավենները:
Մեր կախվածությունը Ռուսաստանից նախեւառաջ հիմնավորում ենք Ղարաբաղի չլուծված խնդրով, այսինքն` անընդհատ մեր երկրի գլխին կախված պատերազմի սպառնալիքով: Հայաստանի թե՛ արտաքին քաղաքական բացթողումների, թե՛ ներքին ոչ գրագետ քաղաքականության համար Ղարաբաղի խնդիրը ձախորդ իշխանությունների համար վահան է. իբր` արված բոլոր սխալներն այլընտրանք չունեն, սակայն պետք է հանդուրժվեն, քանի որ ամեն բան արվում է հանուն Ղարաբաղի:
Սակայն, եթե փորձենք ձեւակերպել իրականությունը, ապա այս 20 տարիներին բաց թողնված օգուտը անհամեմատ մեծ է, քան այն, ինչ տեսականորեն պիտի շահեինք Ղարաբաղյան խնդիրը լուծելու դեպքում: Չոր հաշվարկը դրա ապացույցն է` մարդկային որակյալ ռեսուրս, որ կորցրեցինք պատերազմի ժամանակ: Առանց ափսոսանքի կորցրեցինք նաեւ Ադրբեջանից Հայաստան գաղթած մեր հայրենակիցներին. նրանց մի մասն այստեղ իրեն զգալով ավելի օտար, քան ադրբեջանցիների միջավայրում, հաջողացրեց հեռանալ Հայաստանից, մյուս մասը մինչ օրս ունի ինտեգրման եւ կացարանի խնդիր: Այս տարիներին ահագնացող միգրացիայի մասին նոր բան հնարավոր չէ ասել. Հայաստանից փախչում են բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեն: Եթե Ռուսաստանը վաղը-մյուս օրը փորձի հանրաքվե կազմակերպել` կո՞ղմ է Հայաստանը` դառնալ իր գուբերնիաներից մեկը, հանգիստ կարող է հավակնել «այո» պատասխանին. հենց միայն Ռուսաստանում բնակվող եւ ընտրելու իրավունք ունեցող հայերն ավելի շատ են (2,5-3 միլիոն), քան բուն Հայաստանում:
Այս իրականությունը կարելի էր դառնորեն ընդունել, եթե վստահ լինեինք, որ մեր իշխանությունները դիմադրում են այս ստորացուցիչ բարեկամությանը, իրենց կողմից անում են հնարավորը` մնալ ռուսների կրտսեր, բայց արժանապատիվ եղբայրը: Բայց ոչ:
Կորցնում ենք անընդհատ. տնտեսական ոլորտում. մեր բյուջեն համառորեն չի դառնում զարգացման բյուջե. միջոցների մեծ մասն ուղղվում է պաշտպանության ոլորտին, բանակին: Ստրատեգիական բոլոր օղակները կոռումպացված են, դրանք ղեկավարում են անազնիվ եւ ոչ պրոֆեսիոնալ կուսակցականները: Հասարակության բարոյական վիճակի մասին զրույցներով եւս ոչ մի նոր բան չես ասի. համընդհանուր բարոյալքում եւ հուսահատություն: Միայն հիմարները կարող են մխիթարվել, որ այս 20 տարիներին նույն իրավիճակում է հայտնվել նաեւ Ադրբեջանը. Ղարաբաղի գնից եւ հայտնի տարածքները ետ վերադարձնելուց ավելի մեծ կորուստներ է արձանագրել:
Իսկ երկու պետություններն էլ ունեին ամբողջ 20 տարի, որոնք կարելի է արձանագրել որպես բաց թողած հնարավորությունների տարիներ: 20 տարին քիչ ժամանակ չէ: Խելամիտ ղեկավարության դեպքում այս տարիները կարելի էր օգտագործել այնպես, ինչպես օգտագործեցին, օրինակ, Չինաստանում, Սինգապուրում:
Այս ամենի պատճառը, մասնավորապես, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում է Ղարաբաղի ստատուս-քվոյի պահպանումը: Որքան երկար ձգվի ստատուս-քվոն, այնքան վիճակը կահագնանա: Սակայն իրականությունն այն է, որ մենք կարծես այլեւս կորցնելու բան չունենք. մեզ ամբողջովին եւ անմնացորդ հանձնել ենք մեկ այլ պետությանը: Միակ արժեքավոր բանը, որ ունի մեզնից յուրաքանչյուրը, կյանքն է: Իսկ ապրելու ցանկությունը հուշում է` խաղաղության համար վճարվող ցանկացած գին անհամեմատ լավ է հնարավոր պատերազմից: Տնտեսական, բարոյական, նյութական վնասները դեռ փոխհատուցել կարելի է, մարդկանց կյանքը` ոչ:
Պատմությունն ունի նախադեպեր, որոնք ցույց են տալիս` սառեցված հակամարտությունների դեպքում պետությունները կարող են խելամիտ լինել եւ զինադադարը, անհրաժեշտության դեպքում, ձգել տասնամյակներ: Դրա օրինակներից է 1945թ. ռուս-ճապոնական պատերազմը: 1956թ. կնքվեց Մոսկովյան դեկլարացիան, որով պատերազմական վիճակը սառեցվեց, եւ Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Մինչ օրս Ճապոնիան Ռուսաստանից տարածքային պահանջներ ունի, հնարավոր առիթը բաց չի թողնում խոսելու չորս կղզիների վերադարձի մասին, երկու երկրների լիդերների ոչ հաճախակի հանդիպումների ժամանակ նրանց ձեռքսեղմումն ամենեւին ջերմ չէ, սակայն սառեցված հրադադարն, ինչպես տեսնում ենք, թույլ է տալիս երկու պետություններին էլ զարգանալ: Եվ հետո` վատ խաղաղությունը մեծ հնարավորություն է` այն աշխարհ գնալ բնական մահով, այլ ոչ թե հակառակորդի փամփուշտից: Ղարաբաղի խնդրի կարգավորումը Հայաստանի եւ Ադրբեջանի ներկա նախագահները, ոչ էլ միջնորդ պետություններն այս փուլում չեն կարող տեղաշարժել` առանց արյունահեղության: Միակ տարբերակը ստատուս-քվոյի պահպանումն է` մինչեւ ավելի խելամիտ, բարձր գիտակցություն ենթադրող լուծում:
Ոչ ոք չի ժխտում, որ սառեցված հակամարտությունները մի օր շիկանալու են, որ դրանք, այսպես թե այնպես, լուծում են ուզում, սակայն ժամանակը, սերնդափոխությունը մեծ եւ լավ հնարավորություն են` խնդիրը կարգավորել հնարավորինս առանց մարդկային զոհերի:
Հայաստանում, սակայն, մարդը, մարդու կյանքը, մարդու երջանկությունը գրոշի արժեք չունեն: Մեր երկրում արժեք չունի նաեւ այն, ինչ աշխարհում այնքան թանկ է գնահատվում` ժամանակը: Վկան` այդքան անփութորեն վատնված 20 տարիները: