ՀՀ գյուղատնտեսության Սննդամթերքի եւ անասնաբուժության պետական տեսչության աշխատակիցները օգոստոսի 21-ից ստուգումներ են իրականացնում «Գեղամա» ռեստորանում: Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին «Գեղամա» ռեստորանում ընթացող հարսանյաց հանդեսին մասնակցող թվով 41 մարդ էր թունավորվել եւ տեղափոխվել տարբեր բուժհիմնարկներ: Առողջապահության նախարարության կողմից ռեստորանում իրականացված ստուգումների արդյունքում մի շարք նմուշներից անջատվել է ոսկեգույն ստաֆիլոկոկ եւ էնտերոպաթոգեն աղիքային ցուպիկ, ինչով էլ պայմանավորված է եղել թունավորումը: Ստուգումները կավարտվեն սեպտեմբերի 2-ին, եւ մասնագետների կողմից համապատասխան պարզաբանումներ կտրվեն: Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը Tert.am-ին ասել է, որ ռեստորանի խոհանոցն այսօրվա դրությամբ դեռ փակ է: «Մեր մասնագետներն այցելում են ռեստորան, խոհանոցում այժմ մեր պահանջով համապատասխան աշխատանքներ են իրականացվում` սեղանների մակերեսներն են փոխվում եւ այլն»,- մանրամասնել է մասնագետը: Ըստ նրա` ռեստորանի բոլոր աշխատակիցները ենթարկվել են բուժզննման, արդյունքում պարզվել է, որ նրանք առողջական խնդիրներ չունեն. «Միանշանակ կարող ենք ասել՝ թունավորումն աղցանից է: Հավի մսից պատրաստված աղցանում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլոկոկ, իսկ մսից եւ սնկից պատրաստված «Գեղամա» կոչվող աղցանում` էնտերոպաթոգեն աղիքային ցուպիկ»,- ասել է մասնագետը: Ըստ Բաբայանի` նման իրավիճակ ստեղծվել է, քանի որ ռեստորանի աշխատակազմը սննդամթերքի պատրաստման, մշակման սանիտարական կանոնների խախտումներ է թույլ տվել: Համաճարակաբանը նմանօրինակ հաստատություններին խորհուրդ է տալիս սննդամթերքը պատրաստելուց առաջ այն լավ լվանալ խոհանոցից դուրս առանձին վայրում, ախտահանել այն սեղանները, որոնց վրա դրանք պատրաստվելու են:
Նշենք, որ «Գեղամա» ռեստորանում տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: