Ծանոթությունների կայք` տգեղ եւ շատ տգեղ մարդկանց համար

28/08/2010

Միլիոնատեր Ջեյմս Հովարդը տգեղ եւ շատ տգեղ մարդկանց համար ծանոթությունների կայք է ստեղծել` TheUglyBugBall.co.uk հասցեով: Նրա կարծիքով` Մեծ Բրիտանիայի բնակչության կեսից ավելին տգեղ է, եւ դա տխուր փաստ է, սակայն տգեղ մարդիկ արժանի են երջանկության ոչ պակաս, քան գեղեցիկները: The Frisky-ի փոխանցմամբ` այս կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է օժտված լինել ոչ գրավիչ արտաքինով, հակառակ դեպքումգ կայքի աշխատակիցները կբացահայտեն խաբեությամբ տգեղ համաքաղաքացիների հասարակություն ներթափանցելու փորձ կատարող գեղեցիկ մարդուն: Չնայած, որ կայքի աշխատանքների առաջին օրերին տվյալների բազայում արդեն հայտնվել են ծանոթանալ ցանկացող 1500 բրիտանացիների անուններ, այդուհանդերձ TheUglyBugBall.co.uk-ն ունի նաեւ բազմաթիվ քննադատներ: Նրանք վստահեցնում են, որ տգեղության չափանիշներ գոյություն չունեն, եւ քննադատում են քթի կամ ականջի սխալ ձեւ ունեցող մարդկանց հանդեպ Ջեյմս Հովարդի «դաժան» վերաբերմունքը: Նշենք, որ այս տարի բացված BeautifulPeople.com-ը համարում է իրեն աշխարհում ամենասեքսուալ կայքը, որտեղ մուտքը թույլատրվում է միայն գեղեցիկ մարդկանց, որոնց գնահատում է կայքի լսարանը: Ի դեպ, այս կայքում գրանցվելու մերժում ստացածների մեծ մասը բրիտանացիներ են: