Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության արժեհամակարգն իսկական ուսումնասիրության թեմա է: Մարդիկ այստեղ իրար հարգել գիտեն: Պատերազմի հետեւանքը մարդկանց բնավորության մեջ սրբագրումներ է արել. շատ կորուստներ են ունեցել, դրա համար էլ յուրաքանչյուր մարդու կյանքն անգնահատելի է: Այստեղ մարդու համար ամենաթանկը մարդն է: Ասում են. «Մենք առաջնորդին հետեւողներ ենք: Մեր արյան մեջ նստած է. բոլորս առաջնորդի թիկունքին կանգնած ենք»: Շարքային գյուղացիներն ասում են, որ նույնիսկ քաղաքականության մեջ ընդդիմադիր ուժ գոյություն չունի, քանի որ երկրում երկու ուժերի հակասությունները կարող են թուլացնել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը. «Մեզ մոտ մի իշխանություն կա, ու անկախ բոլոր թերություններից ու առավելություններից՝ մենք կանգնած ենք մեր նախագահի կողքին: Ձեր մոտ ուրիշ ա, հայը հայի դեմ ա դուրս գալիս: Թշնամու նման եք իրար վերաբերվում: Եթե մենք նույն բանն անենք` թուրքը րոպեական կհարձակվի: Մեր մոտ իշխանության ու ժողովրդի պահանջը նույնն ա` ոչ պատերազմին, ու մեր տարածքներին տեր կանգնելը»,- ասում են նրանք: Այստեղ ամեն քաղաք, ամեն գյուղ, ամեն ընտանիք ունի իր լիդերը, որին ենթարկվելն օրինաչափություն է: Մարդիկ ընտրում են առաջնորդին ու առանց բարդույթի շարժվում են նրա առաջնորդած ճանապարհով: Իրար վստահելու գիտակցությունն այս հողի վրա ապրող մարդկանց խաղաղասեր ու հաշտարար է դաստիարակել: Չեն ժխտում, որ թերություններ ու անօրինականություններ կան. պայքարում են, բայց ոչ երբեք իրար դեմ: Հիշողությունները որքան էլ ցավոտ, բայց նաեւ զգուշավորություն են թելադրում:
Մի բան էլ կա, որ Ղարաբաղի ժողովրդին հատուկ է. նրանք ընդգծված պատկառանքով են վերաբերվում ծերերին, հատկապես, եթե նրանք երբեւէ հանուն հայրենիքի զենք են բարձրացրել:
Մարտակերտի շրջանի Վանք գյուղում Մեսրոպ Պողոսյան անուն-ազգանունով մի պապիկ կա, ով կյանքով ու ճակատագրով հերոս է: Նա գյուղի միակ այն տարեցն է, ով մասնակցել է Հայրենական պատերազմին, իսկ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ` կռիվ տեսած մարդու իր գիտելիքներով, օգնել է կռվողներին: Ասում է. «Տարիքս թույլ չէր տա, որ ես կռվեի, բայց խորհուրդներով, փորձով եմ օգտակար եղել»: Վերջերս Վանք գյուղում մեծ շուքով նշվել է Մեսրոպ պապի 90-ամյակը: Գյուղի «մեծերը» հոբելյարի տարեդարձը վերածել են տոնախմբության: Մեսրոպ պապն այնքան ինքնագոհ ու հպարտությամբ է պատմում այդ արարողության մասին, որ Հայաստանի Հանրապետությունում ապրող Հայրենական պատերազմի մասնակից տատիկ-պապիկները նախանձով կլսեին մեծարանքի երեկոյի այդ ճոխ նկարագրությունը. «Մատաղ ըլնեմ մեր գյուղի տղա Լեւոն Հայրապետյանին. գյուղի ողջ ժողովրդին հավաքեց իրա ռեստորանում, իսկ ինձ հերոսի պատվով մեծարեց: 200 հոգանոց ծնունդ էր: 1000 դոլար էլ նվեր ստացա: Իմ տարիքի մարդուն ավել ի՞նչ ա պետք՝ էդ երջանկությունից, ուշադրությունից բացի: Ամբողջ գյուղն իմ կենացն էր խմում, հարգում, պատվում էր»: Մեսրոպ պապը համարում է, որ «ֆռոնտ» գնացած մարդկանց հերոսացնելը նաեւ դաստիարակչական է, որովհետեւ ջահելները հասկանում են, որ կյանքի հաշվին կռվելը հերոսություն է: Հակառակ դեպքում, նրա ասելով` մեր սահմանները կթուլանան, քանի որ պատերազմ գնացած ու թշվառության, անուշադրության պայմաններում ապրած մարդը մյուսների մոտ վախ է ներշնչում: «Ես շատ լավ վիստուպատ եմ ըլյում»,- ասում է Մեսրոպ պապը` նկատի ունենալով իր ելույթները, որի միջոցով ինքն արտահայտում է 90 տարվա կյանքի իր փորձառությունը: Ասում է, որ տոնից տոն, միջոցառումից միջոցառում՝ ինքը հանդես է գալիս ելույթներով: ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ Մեսրոպ պապի խոսքն ու ելույթը պարտադիր ուշադրության է արժանանում. «Իմ վիստուպլենիները մարդիկ սիրում են: Բակոյի (խոսքը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մասին է.- Լ.Ս.) հետ էլ եմ վիստուպատ եղել, վարչապետի, էն մյուսների հետ էլ…»: Հետո Մեսրոպ պապի հետ երկար-բարակ փորձում ենք ի մի բերել, թե նա քանի երեխա, քանի թոռ, քանի ծոռ ու կոռ ունի: Այն, որ չորս երեխաների հայր է` միանշանակ հիշում է, բայց թոռների, ծոռների թիվը չի կարողանում հստակ մտաբերել` «ծերացած» հիշողության պատճառով: Մի հարյուր անգամ հաշվելով, բայց կրկին ետ գնալով ու նորից հաշվելով՝ ասում է. «Չորսը ըրեխա ունեմ, 10-ը, չէ, չէ, 12 թոռ ունեմ: Է, չէ 14 թոռ ունեմ: 3-4 հատ կոռ ունեմ…»: «Բա ծոռնե՞րը, Մեսրոպ պապ»,- հարցնում եմ, որի պատճառով Մեսրոպ պապը երեխաների, թոռների, ծոռների ու կոռների հաշիվը կրկին կորցնում է: Ասում է` «Դե, կոռները ամենացածր պյաներն են էլի, անա իրեք հատ են»: 1940 թվից «ֆռոնտում» ծառայած Մեսրոպ պապը շատ բան է տեսել իր կյանքում` սով, պատերազմ, մահ, հաղթանակ… Սպայի կոչում ստացած այս ծերուկն ասում է, որ մի «մեշոկ» մեդալ ունի «ֆռոնտից»: «Ծառայության ընթացքում եղել եմ Գրոզնիում, Նովոռոսիյսկում, եկել եմ Օդեսա ու վիրավորվել եմ: Հետո քաղաքից քաղաք եմ տեղափոխվել: Երեք անգամ վիրավորվել եմ, սակայն պատերազմից տուն եմ վերադարձել հաղթանակով, պատվով, փառքով»: Պատերազմից վերադառնալուց հետո Մեսրոպ պապը եղել է գյուղսովետի նախագահ. «Էն ժամանակ սենց կընանիք չկային: Ես ֆռոնտից յակալ եմ ու 28 տարեկան հասակում ամուսնացալ եմ մի պատվով, նամուսով կնկա հետ` Գրիգորյան Սիրան Երեմի: Էս 2 տարի ա մըհացալ ա, 88 տարեկան հըսակում մահացավ»: Հարցնում եմ` «Մեսրոպ պապ, երեւի կարոտում ես, չէ՞»: «Վաահ, իհարկե… Լյավ կին ա եղել: Ամբողջ ռայոնի ակուշեռկան ա էլյալ: Ամբողջ գյուղի ջահելներին ազատալ ա: Մեծ կին ա ըլյալ, խոխա ջան»,- ասում է նա: Հայրենական պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ Մեսրոպ պապը, ով, չնայած մենակությանն ու կնոջ հանդեպ ունեցած կարոտին, այսօր` «առոք, փառոք ապրում եմ»: Այդուհանդերձ, կա մի բան, որից Մեսրոպ պապը դժգոհ է` «Պենսյան քիչ ա: 80.000 ռուբլի եմ ստանում: Սովետի վախտով մեր պենսեքն ամենաբարձրն էր: Ռասիայում 240.000 ռուբլի են ստանում Հայրենական պատերազմի հաշմանդամները»: ԼՂՀ նախագահը, վարչապետը եւ շատ այլ պաշտոնյաներ անձամբ են ճանաչում Մեսրոպ պապին եւ հարկ եղած դեպքում աջակցում են ինչով կարողանում են. «Ես ղեկավարության հետ շատ եմ վիստուպատ ըլյում, դպրոցի բացմանն էլ եմ վիստուպատ ըլյալ»: Հետո Մեսրոպ պապը հիշում է Ղարաբաղյան պատերազմի տարիները, երբ իր տունը շտաբի նման էր. «Կռվողները գալիս էին մոտս, ասում էի` թորքը կռվող չի, արխային քինյացեք: Ասալ ամ` խոխեք ջան, ինչքան կարաք՝ կտորեք թորքին, նա կռվելու իսան չի: Եվ էդպես էլ եղել ա: Վազգենը յակալ ա, ու ես նրա հետ հանդիպում եմ ունեցել: Խոսալ ենք, հըսկացալ ենք, թե վունց ա ճիշտը: Մեր մարդիկը միահամուռ կերպով կռվալ են ու հաղթությունը տարալ են»:
Մեսրոպ պապն ինձ խորհուրդ է տալիս թերթի էջերում տարեցների, մասնավորապես՝ «ֆրոնտ» տեսած մարդկանց վերաբերյալ հրապարակումներին հնարավորինս շատ տեղ տալ: Ասում է, որ ջահելների փոքրիկ ուշադրությունն էլ իրենց կյանքը երկարացնում է: Հազար ու մի «մեծական» խորհուրդ տվող Մեսրոպ պապին համագյուղացիներն, «առքով-փառքով» հարցազրույցի բերելուց հետո, նույնքան հանդիսավոր էլ ուղեկցում են տուն: Այնտեղ, որտեղ պատերազմի ժամանակ շատերի համար Մեսրոպ պապի տունը շտաբ է համարվել: