Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բխում է մեր շահերից

09/10/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հոկտեմբերի 3-ի ուշ երեկոյան Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության (ԵՄ)
արտգործնախարարները որոշում ընդունեցին ԵՄ-ին անդամակցության հարցով
ԵՄ-Թուրքիա բանակցություններ սկսելու մասին:

Նույն օրը Երեւանում երիտասարդ դաշնակցականները ցույց եւ երթ էին
կազմակերպել, որպեսզի ԵՄ-ին հորդորեն Թուրքիայի հետ անդամակցության հարցով
բանակցություններ չսկսել: Ընդ որում, ակցիան, ըստ էության, անօրինական է
եղել, քանի որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու
կարգի մասին» ՀՀ օրենքով` ՀՀ քաղաքացիները նման ցույց անցկացնելու համար
պետք է նախապես իրազեկեն քաղաքապետարանին եւ չմերժվելու դեպքում միայն
նման միջոցառում անցկացնեն: Իսկ քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նման
ցույց անցկացնելու մասին դիմում իրենք չեն ստացել: Ինչեւէ, երիտասարդ
դաշնակցականների կարծիքով, որը նրանք գրավոր տեսքով փոխանցեցին ԵՄ
ներկայումս նախագահող պետության՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատանը եւ ՀՀ-ում ԵՄ
գրասենյակին, Թուրքիայի հետ չպետք է անդամակցության բանակցություններ
սկսել, «քանի դեռ այդ պետությունը չի ճանաչել Հայոց Մեծ եղեռնը»: Կիսո՞ւմ
են արդյոք հայաստանյան քաղաքական ուժերն այս տեսակետը: Եվ, ի վերջո, ո՞րն
է ավելի շահավետ Հայաստանի համար. Թուրքիայի՝ ԵՄ անդամ երկիր դառնա՞լը,
թե՞ չդառնալը: «Հանրապետություն» կուսակցությունում դրական են վերաբերվում
ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությանը: Նշելով, որ այս հարցում
Հայաստանից որեւէ բան կախված չէ, կուսակցության ներկայացուցիչ Սուրեն
Սուրենյանցը կարծում է, որ Հայաստանը միանշանակորեն չպետք է խոչընդոտի այդ
գործընթացին: «Հայաստանին ձեռնտու է ունենալ եվրոպական չափանիշներով ապրող
հարեւան»,- շեշտում է նա ու ավելացնում, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ,
անշուշտ, կան վիճելի հարցեր, սակայն դրանք հայ-թուրքական երկխոսության
խնդիրներ են: Ս. Սուրենյանցի խոսքերով՝ շատ ավելի հեշտ է կնճռոտ հարցերը
լուծել երկխոսության պայմաններում, քան կեղծ հայրենասիրական լոզունգների
համատեքստում: Եվ որպես ասվածի ապացույց, «Հանրապետություն» կուսակցության
ներկայացուցիչը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
էական առաջընթաց եղավ հենց այն ժամանակ, երբ խնդիրը քննարկվում էր
Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի շրջանակներում, երբ Նյու Յորքում
գտնվող Անցումային արդարադատության միջազգային դատարանը, որին
եզրակացություն ստանալու համար դիմել էր Հայ-թուրքական հաշտեցման
հանձնաժողովը, ըստ էության, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Տրամագծորեն
հակառակ կարծիքի են Հայաստանի կոմունիստները: «Հայաստանի Կոմունիստական
կուսակցության» (ՀԿԿ) Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը
համոզված է, որ քանի սերունդ էլ փոխվի, Թուրքիայի վարած քաղաքականությունը
միշտ մնալու է գիշատիչ ու զավթողական: Ընկեր Թովմասյանի կարծիքով՝
Հայաստանը ոչ միայն պետք է խոչընդոտի Եվրախորհրդին (Ռ. Թովմասյանը ԵՄ-ի
փոխարեն միշտ «Եվրախորհուրդ» էր ասում) Թուրքիայի հնարավոր
անդամակցությանը, այլեւ` փակ պահի սահմաններն այդ երկրի հետ: Ռ.
Թովմասյանի համոզմամբ՝ չպետք է խոսել սահմանների բացման կամ Թուրքիայի՝
«Եվրախորհրդի» անդամ դառնալուն նպաստելու մասին, քանի դեռ այդ երկիրը չի
ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Բոլոր իր կատարած հանցագործությունները
Թուրքիան թաղելու է Եվրախորհրդի այն բոլոր առավելությունների մեջ, եթե
այդպիսի առավելություններ կան»,- կարծում է ՀՀԿ Կենտկոմի առաջին
քարտուղարը եւ հիշեցնում, որ Եվրոպան ծնել է Հիտլեր եւ Մուսոլինի:
Պարզվում է՝ երիտասարդ դաշնակցականների նման, հայ կոմունիստներն էլ
ձեռքները ծալած չեն նստել ու այս տարվա ապրիլին Ռ. Թովմասյանի
առաջարկությամբ նախկին ԽՍՀՄ 15 երկրների կոմունիստական կուսակցություններն
ընդունել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն եւ դիմել
են Եվրոպական կառույցներին, որպեսզի վերջիններս Թուրքիայի հետ
բանակցություններում Հայոց ցեղասպանության խնդրին առաջնային տեղ
հատկացնեն: Ի տարբերություն հայ կոմունիստների, «Ժառանգություն»
կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ ելնելով մեր
երկրի շահերից, պետք է ողջունել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության
գործընթացը: «Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության» (ՀԱԱԿ)
ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն էլ է կարծում, որ մեր երկիրը պետք է
շահագրգիռ լինի ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության հարցում: Նա վատ
է վերաբերվում երիտասարդ դաշնակցականների մի քանի օր առաջվա վերոնշյալ
ցույցին: ՀԱԱԿ ղեկավարի խոսքերով՝ պետք է ռեալ գնահատել մեր տեղն ու դերն
աշխարհում: «Մենք այնքան քաղաքական կշիռ չունենք, որպեսզի փորձենք
խոչընդոտել Թուրքիայի եւ Եվրամիության համագործակցությանը»,- կարծում է
նա: Երիտասարդ դաշնակցականների կազմակերպած ակցիան չեն ողջունում նաեւ
«Հանրապետություն» կուսակցությունում: Վերջինիս ներկայացուցիչ Ս.
Սուրենյանցն անտրամաբանական է համարում այդ ակցիան եւ կարծում է, որ այն
ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ: Նրա խոսքերով՝ այդ ակցիան ավելի շատ
զգացմունքային էր, քան քաղաքական: «Ի վերջո, նման ակցիաներն ու նման
միջոցառումները հակասում են մեր Սահմանադրության այն հոդվածին, որով
ասվում է, որ ՀՀ-ն պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենա հարեւան
երկրների հետ»,- նշում է Ս. Սուրենյանցը: Հովհ. Հովհաննիսյանն էլ կարծում
է, որ մենք պետք է փորձեինք այնպես անել, որ Թուրքիայի հետ
բանակցությունների սեղանին հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը դրված
լիներ, ինչը սակայն մեզ չհաջողվեց: «Մենք պետք է կարողանանք մեր
գործողությունները գործընթացներին համահունչ ծավալել»,- ասում է Հովհ.
Հովհաննիսյանը: Շեշտելով, որ մեզ ձեռնտու է կանխատեսելի հարեւան ունենալ,
ՀԱԱԿ ղեկավարը նշում է, որ խնդիրն այն է, թե մենք որքանով կարող ենք ճկուն
լինել, որպեսզի ԵՄ-Թուրքիա բանակցությունների փաթեթի մեջ տեղավորենք
Հայկական հարցը:

Մի խոսքով, կարելի է փաստել, որ աջակողմյան հայացքներ ունեցող հայաստանյան
քաղաքական ուժերը կամ գոնե նրանց մի զգալի մասը գտնում են, որ ԵՄ-ին
Թուրքիայի հնարավոր անդամակցությունը բխում է մեր երկրի շահերից, մինչդեռ
ձախերն ունեն հակառակ կարծիքը: