Հարցազրույց «Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիայի» նախագահ, «ARMACAD» ցանցի մոդերատոր, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Խաչիկ Գեւորգյանի հետ
«Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիան» (Armenian association for academic partnership and support) ձեւավորվեց 2007թ.: Նույն ժամանակաշրջանում ստեղծվեց նաեւ «ARMACAD» գիտական եւ կրթական տեղեկատվության ցանցը` դառնալով միջազգային գիտակրթական տեղեկատվություն ապահովող տարածաշրջանային խումբ: Զուգահեռ՝ գործում են «ARMACADEX» ցանցը, որը տարածում է ճշգրիտ գիտությունների մասին հայտարարությունները, «ARTACAD» ցանցը` արվեստի, մշակույթի, «Armenian Studies»-ը` հայագիտական ոլորտի, «ARMACAD-IT»-ն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորությունները: Այս ցանցերի բաժանորդների թիվը անցել է 5000-ից: «ARMACAD»-ն, արդեն 1 տարուց ավելի, կազմակերպում է դասախոսություններ, որոնք կարդում են աշխարհահռչակ համալսարանների գիտնականներ եւ ուսանողներ:
– Երբ այդ գիտնականները գալիս էին Հայաստան, ուսանողներին գրեթե չէին հանդիպում, եւ ավելի շատ զբաղված էին ուտել-խմելով: Նրանց այցելություններում օգտակար գործողության գործակից (ՕԳԳ) գրեթե չկար: Դեռ մեկ տարի առաջ որոշ գիտնականների հետ կապեր հաստատեցի` Հայաստան գալու ժամանակ դասախոսություններ կարդալու համար: Շատ դեպքերում գիտնականները, առանց իմանալու տեղի ներուժը, դժգոհում էին Հայաստանի գիտական մակարդակից` շեշտելով, թե իբր ՀՀ-ում գիտական բավարար մակարդակ չկա: Նախկինում ես էի հրավիրում այդ գիտնականներին, հիմա հպարտությամբ կարող եմ նշել, որ Հայաստան եկող գիտնականներն են դիմում «ARMACAD»-ի շրջանակներում դասախոսություն կարդալու համար:
– Մեր երկրում ավելի շատ խոսվում է սպորտի բնագավառում արձանագրված հաջողությունների մասին, քան` գիտության: Գիտությունը երկրորդ պլան ենք մղել: Միգուցե պատճառը գիտությամբ հետաքրքրվող իշխանավորներ չունենա՞լն է:
– Հայաստանում ստեղծվել է բավական հետաքրքիր իրավիճակ: Արտերկրյա եւ հայաստանյան ԶԼՄ-ներում հիմնականում ներկայացվում են սպորտային հաջողությունները: Օրինակ, երբ բելգիական ամենահետադեմ 3-րդ դիվիզիոնի ֆուտբոլային թիմում յան-ով վերջացող ազգանունով ինչ-որ մեկը գոլ է խփում, գրեթե բոլոր ԶԼՄ-ները գրում են այդ մասին` դա համարելով համահայկական հաջողություն: Իհարկե, խնդիրն այն չէ, թե ինչո՞ւ են գրում, բայց դրան զուգահեռ՝ պետք է լուսաբանվեն նաեւ գիտության ոլորտում հայ գիտնականների հաջողությունները: Մինչդեռ մենք ունենք հրաշալի դասախոսներ, ովքեր դասավանդում են Քեմբրիջի, Հարվարդի համալսարաններում` ներկայացնելով Հայաստանի ինտելեկտուալ հատվածը: Գիտության ոլորտի ձեռքբերումների մասին մենք մշտապես գրում ենք «ARMACAD»-ի կայքերում: Պատկերացնո՞ւմ եք` եթե մեզ միանան մյուս լրատվամիջոցները, որքան կաճի գիտությամբ հետաքրքրվողների թիվը:
– Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ ՀՀ իշխանություններն ավելի շատ ձեռք են մեկնում սպորտսմեններին, եւ ոչ թե գիտնականներին:
– Իհարկե, շատ լավ է, որ սպորտսմեններին օգնում են, բայց, ի երախտիք պետության, պետք է նշեմ, որ արդեն մի հիմնադրամ կա, որը ֆինանսավորում է այն ուսանողներին, ովքեր ընդունվում են աշխարհի լավագույն բուհերը: Չնայած այս հանգամանքին, ցավալի է, որ գիտության ոլորտում այսպիսի աջակցություն չի ցուցաբերվում:
– Արտերկիր գնացող ուսանողների համար այսօր լուրջ խոչընդոտ է տվյալ երկրի մուտքի արտոնագիր ստանալը: Ինչպե՞ս դա հասկանալ:
– Դա շատ կարեւոր խնդիր է: Կարծում եմ` հնարավոր չէ աշխատել մի ուղղությամբ եւ միանշանակ լուծում ստանալ: Ուսանողը, որը ստացել է գիտական ինչ-որ ծրագրի կամ կոնֆերանսի հրավեր, բացարձակ նպատակ չունի արտերկրում հաստատվելու, ավելին` նա նույնիսկ ցանկություն չունի իրեն հատկացված ժամանակից մեկ օր ավելի մնալու: Թվում է, թե նա որեւէ խոչընդոտ պետք է չունենա` հաշվի առնելով, որ հրավիրող կողմն ամբողջությամբ իր հոգածության տակ է առնում ծախսերը: Բայց, չգիտես ինչու, դեսպանատներում ուսանողների եւ դասախոսների առջեւ լուրջ խոչընդոտներ են ծառանում: Երբեմն դեսպանատների քաղաքականությունը հակասում է իրենց պետություններում գործող գիտակրթական քաղաքականությանը, եւ շատ հաճախ նրանք մերժում են ՀՀ քաղաքացուն, ուսանողին՝ ստանալու տվյալ երկրի մուտքի արտոնագիրը: Սա, իսկապես, խայտառակություն է, ավելին` կարծես, միտումնավոր խոչընդոտ է ՀՀ-ում գիտակրթական կյանքի զարգացմանը: ՀՀ-ում չեք գտնի որեւէ մեկին, ով կասկած անգամ չունենա, որ իրեն այնտեղ նվաստացնելու են, եւ հնարավոր է` վիզա չստանա: Այո՛, բոլորիս մեջ կա դեսպանատանը մերժվելու վախը: Այս հարցը պետք է լուծվի երեք ուղղություններով (ես խոսում եմ գիտակրթական ոլորտի մասին)` դեսպանատների դեմ ուղղված հասարակական շարժում, ՀՀ պետական կառույցների կողմից համապատասխան մոտեցում, որոնց օգնությամբ գիտնականների համար արտերկրի մուտքի արտոնագիր ստանալը պետք է լինի անարգել: Ի դեպ, Ուկրաինայում, Թուրքիայում գիտնականներն ունեն առանձին անձնագրեր, որոնց միջոցով վիզաները հեշտությամբ են ստանում: Այս մասին պետք է մտածի նաեւ մեր պետությունը: Եվ երրորդ` դեսպանատները պետք է փոխեն իրենց մոտեցումները ՀՀ քաղաքացիների նկատմամբ` անհիմն չմերժելով նրանց:
– ՀՀ-ում գործող դեսպանատները քանի՞ ուսանողի են մերժել, եւ հիմնականում ո՞ր երկրների դեսպանատներն են:
– Գրեթե բոլոր դեսպանատները, թեեւ բողոքները մեծամասամբ լինում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից, որը մերժում է նաեւ Նորվեգիա մեկնողներին: Բնականաբար, ԱՄՆ-ի դեսպանատունը եւս այդ ցանկում է: Վերջերս ԱՄՆ-ի Վայոմինգի համալսարան ամերիկագիտություն մասնագիտությամբ ընդունվել էր Օֆելյա Ավագյանը, ով մեկ անգամ եղել էր ԱՄՆ-ում ուսումնառության նպատակով, նրան մերժեցին` պատճառաբանելով, որ նա ընտանեկան բավարար կապեր չուներ ԱՄՆ-ում: Սա աբսուրդ հիմնավորում է: Մինչդեռ այդ նույն դեսպանատները մուտքի արտոնագիր տալիս են այնպիսի անձանց, ովքեր տվյալ երկիր գնում են ոչ գիտակրթական նպատակներով: Ես շատ անգամ հարց եմ ուղղել նրանց, թե ինչո՞ւ են այդպես վարվում:
– Զարգացած պետություններում գիտնականները երկրի ղեկավարներից բարձր ստատուս ունեն, հարգված են, իսկ մեզ մոտ նրանք դառնում են օլիգոպոլիայի «հպատակները»: Մենք շարունակում ենք հայաստանցի գիտնականին մոտենալ իբրեւ «փոշու մեջ աշխատողի»: Ինչո՞ւ է այդպես:
– Մեզ մոտ գիտնականներն ունեն իրենց եւ՛ դիրքը, եւ՛ հարգանքը: Փոշու մեջ նստող գիտնականների տեսլականը հենց այն գիտնականների նկատմամբ է, ովքեր դասավանդում են տարբեր բուհերում եւ վաստակում են ոչ արդար միջոցներով: Կարծում եմ` Հայաստանում բացակայում է գիտնականի սովետական մտայնությունը: Գիտության նկատմամբ չկա հարգանք, եւ դրա պատճառը պետության կողմից ոչ բավարար ֆինանսավորումն է: Իսկ ոչ բավարար ֆինանսավորման պատճառն էլ պետբյուջեում գումարի բացակայությունն է: Ըստ վարչապետի` գիտությունը պետք է դառնա շահավետ ոլորտ, որտեղ պետությունը կկարողանա ներդրում անել: Այս դիտարկումը վերաբերում է ճշգրիտ գիտություններին, ու կարծես բաց ենք թողնում գիտության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք պատմությունն է, սոցիոլոգիան, անտրոպոլոգիան, հնէաբանությունը, հին աշխարհի պատմությունը եւ այլն: Այլ կերպ ասած` պետական մակարդակով գիտության անվան տակ ընկալվում է ճշգրիտ գիտությունների կիրառական հատվածը: Սա լուրջ խնդիր է, որի լուծման տարբերակների վրա աշխատում են մարդիկ: Հուսանք` 100 տարի հետո կլինեն այդ լուծումները:
– Այսինքն` մեր երկրում գիտության զարգացման «բեռը» դրված է առանձին անհատների ուսերին:
– Այո՛: Դրսից ստացած դրամաշնորհների օգնությամբ գիտնականները կարողանում են պահել իրենց գիտական խմբերը: Այս պարագայում դժվար է խոսել լուծման տարբերակների մասին:
– Իսկ մտահոգիչ չէ՞ Հայաստանում ակադեմիական կրթություն ստացողների որակական խնդիրը:
– Նախեւառաջ նշեմ, որ մեր երկրի ակադեմիական կրթության չափանիշները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Ցանկացած դասախոս եւ ուսանող պետք է ունենա այդ ոլորտի լավագույն չափանիշը: Մեր դասախոսներից քանի՞սը կարող են հայտնի համալսարաններում դասավանդել: Մինչդեռ ՀՀ-ում կան շատ դասախոսներ, ովքեր տեղյակ չեն, թե իրենց դասասենյակից այն կողմ ինչ է կատարվում, ընդհանրապես ծանոթ չեն իրենց ոլորտի գիտնականներին, գիտական հանդեսներին: ՀՀ-ում շարունակում են սովետական ժամանակաշրջանի դասախոսությունները կարդալ նաեւ մերօրյա ուսանողների համար: Նույնը վերաբերում է նաեւ ուսանողներին, որոնց չնչին մասն է հետաքրքրվում միջազգային բուհերի դասախոսություններով: Խնդիրը կլինի այնքան ժամանակ, մինչ ՀՀ քաղաքացին չբացի իր ուղեղը աշխարհի առաջ:
– Եվ ասպիրանտուրա փողով ընդունված ապագա գիտաշխատողը մտածի գիտության, այլ ոչ թե ծանոթներ գտնելու ու փողով քննություն հանձնելու մասին…
– Խնդիրը հենց դա է: Եթե բացենք հայկական բուհերի դիսերտացիա պաշտպանած ուսանողների ցանկը, ապա կտեսնեք, թե ինչ սարսափելի պատկեր է: Առաջարկում եմ այդ դիսերտացիաները` հեղինակային իրավունքների պաշտպանությամբ, դրվեն ինտերնետում, ու թող ամբողջ աշխարհը կարդա: Իհարկե, այդ ուսանողների մեծ մասը պարզապես ծիծաղի առարկա կդառնան: Աշխատանքների գերակշիռ մասում գրագողություններ ու արտագրություններ են: Ընդ որում` հայաստանյան բուհերի դասախոսների շատ քիչ տոկոսն են անդրադառնում գրագողություններին, այնինչ օտարերկրյա բուհում տվյալ ուսանողին զրկում են ակադեմիական առաջընթացից: Այո, մեզ մոտ ասպիրանտուրայում չեն պաշտպանում արժանիները:
– Ի՞նչ անել, որ գիտակրթական ոլորտը բարելավվի` կրկին հույսներս կապենք անհատների հե՞տ, ակնկալիքներ չունենանք իշխանությունների՞ց:
– Գիտության ոլորտում պետք է բարձրացվի ֆինանսավորումը: Պետք է լինեն պետական քննություններ, որոնք կհանձնեն դասախոսները: Ընդգծեմ, որ իմ դիտարկումները մեծամասամբ վերաբերում են հասարակական գիտություններին: ՀՀ բուհերում պետք է ստեղծել տեղեկացված լինելու միջավայր, որը հաճախ կարելի է վերածել գումարի: Սակայն մեզ մոտ մարդիկ իրենց համար ստեղծել են 4 պատ եւ չեն ուզում հաղորդակից լինել աշխարհին: Այդպիսի մարդկանց պետք է պարզապես վտարել:
– Ինչպե՞ս վտարել, եթե մեզանում անգամ գիտության ոլորտ մտնելու ու մնալու համար են «լա՜վ» ծանոթներ ու բարեկամներ պետք:
– Դա չէ միակ խնդիրը, որովհետեւ հաջորդ խնդիրն այն է, թե նրանց հանելու դեպքում ովքեր պիտի փոխարինեն: Իսկ նրանք, ովքեր մեծ հաջողությունների են հասնում, մեր երկրից դուրս են գալիս:
– Ի դեպ, «ARMACAD»-ը նաեւ նախաձեռնել է Վիքիփեդիայի հայերեն թարգմանությունները: Վիքիփեդիան, որը հանրագիտարան է համարվում, հաճախ սխալ տեղեկատվություն է տարածում:
– Վիքիփեդիան գիտական չէ: Մեր նպատակը ոչ թե գիտական ռեսուրս ստեղծելն է, այլ հայատառ ու հայերենով տեղեկատվություն տարածելը: Յուրաքանչյուրը կարող է այն խմբագրել: Շատ լավ կլինի, որ այս աշխատանքներին մասնակցեն դասախոսները:
– Ե՞րբ կունենանք մրցունակ գիտակրթական ոլորտ: Լավատե՞ս եք:
– Լավատես եմ, որովհետեւ դրա իրական հիմքերը կան: Համոզված եմ` 100 տարի հետո մեր գիտակրթական ոլորտի վիճակը շատ ավելի լավ կլինի:
– Փաստորեն, մեր դեպքում սպասելն անիմաստ է:
– Բայց ոչ մեր եկող սերունդների դեպքում (մեղմ ժպտում է.- Մ.Մ.):