Հայաստանյան կինոարտադրության խնդիրները, որպես կանոն, սկսվում են հենց նախագծային փուլում։ Եվ գրեթե անհնար է սթափ տրամաբանությամբ հասկանալ, թե ինչո՞ւ են այս կամ այն ֆիլմերի նախագծերը օժանդակություն ստանում պետությունից։ Ընդունված է համարել, որ նախագծերի ընտրության հարցում հաշվի են առնվում մի քանի գործոններ, որոնցից ամենաէական ու շոշափելի չափանիշը սցենարական փաթեթն է, որի մեջ արդեն իսկ պատրաստի ֆիլմի ուրվագիծն է երեւում (իհարկե, առանց վիզուալ շարքի, սակայն վիզուալ այնպիսի մանրամասնություններով, որ հստակ կդառնան եւ ծախսերը, եւ ֆիլմի պատրաստման ժամկետները, եւ վերջիվերջո՝ ծախսեր անելու նպատակահարմարությունը)։ Գրագետ կազմված սցենարը թույլ է տալիս ոչ միայն ստեղծագործական գնահատականներ տալ ապագա ֆիլմի ոճի, թեմայի մասին, այլեւ՝ պատկերացում կազմել, թե որքան օր է պահանջվելու նկարահանումների համար, ի՞նչ վայրերում եւ ինչպիսի՞ տեխնիկայով է այն արվելու։ Այդ ամենը կինոընտրող հանձնաժողովին պետք է՝ իր պրոֆեսիոնալ եզրակացությունը (եւ հետեւաբար` հնարավոր ֆինանսավորումը) տալու համար։ Առավելեւս այն դեպքում, երբ ընտրող այդ հանձնաժողովի անդամները գումարը սեփական գրպանից չեն տալիս, այլ գործ ունեն պետական (այսինքն` մեր՝ հարկատուներիս) փողերի հետ։ Սա ենթադրում է, որ հանձնաժողովը հաշվետու է իր ընտրության համար, եւ կինոոլորտը չի դիտարկում սոսկ որպես փակ շրջանառության մեջ գտնվող, դուրս ու ներս անող գումարների հոսք (այսինքն՝ դու՝ ինձ, ես՝ քեզ)։
Հայրենի կինոհանձնաժողովի անդամներն այս տարի առավել ցինիկ եղանակով են ընտրությունը կատարել՝ թույլ տալով, որ ոմանք «Ես՝ ինքս ինձ» մոդելով գործեն։ Խոսքը «Կեչի կամ Զորավարի ընկուզենին» ֆիլմի նախագծի մասին է, որը ներկայացվել է արտադրության` բազմաթիվ պրոտոկոլային խախտումներով եւ, ամենակարեւորը, առանց հստակ սցենարական փաթեթի: Կինոկենտրոնի ներկայացրած փաստաթղթերում, օրինակ, որպես «Կեչի» ֆիլմի ռեժիսոր է նշված մոսկվաբնակ Կարեն Հովհաննիսյանը, սակայն հայտնի է, որ նա դեռ չի հասցրել որեւէ կերպ մասնակցել ֆիլմի նկարահանումներին։ Փոխարենը աշխատում են երկրորդ ռեժիսորներն ու ասիստենտները։ Տվյալ իրավիճակը մշուշոտ է բացատրվում. Կ. Հովհաննիսյանը շատ զբաղված է, միգուցե նա կհասցնի մոնտաժային աշխատանքների՞ն մասնակցել: Իսկ երկրորդ ռեժիսորը ռուս կին է, որի մասին ոչ ոք Հայաստանում չի էլ լսել: Հայտնի է, որ ֆիլմի նկարահանումներին մասնակցող անձանց մեծ հոսք կա, աշխատակազմը համալրված չէ պրոֆեսիոնալներով: Որպես ֆիլմի սցենարիստներ՝ նշված են դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանն ու ռուսաստանցի Թերեզա Վարժապետյանը: Մ. Պողոսյանը, իհարկե, լավ դերասան է, սակայն ո՞վ ասաց, որ լավ դերասանները նաեւ լավ սցենարիստներ են: Հայտնի է, որ դերասան-սցենարիստը (երբ իրենից սցենար են ուզում) առաջարկում է պատմել սցենարը` նշելով, որ այդպես ավելի պատկերավոր կլինի: Եվ այդպես պատմություններ պատմելով էլ` Միքայել Պողոսյանը հայտնվել է ՀՀ Մշակույթի նախարարության կազմավորած կինոհանձնաժողովի կազմում ու «լոբբինգ» արել մի նախագիծ, որը թեեւ` միայն օդում կա, սակայն իրենն է: Եվ «իրենը» լինելու փաստը այնքան է ազդել հանձնաժողովի մյուս անդամների վրա, որ նրանք (շրջանցելով հանձնաժողովի անդամների նախագծերին չաջակցելու սկզբունքը), դերասանի համար «կանաչ լույս» են վառել ու հատկացրել են 19 մլն դրամ (ըստ Մշակույթի նախարարության ներկայացրած տվյալների): Իսկ որպես այդ ֆիլմի ընդհանուր բյուջե՝ նշված է 187 մլն դրամը: Հետո դերասան ու հանձնաժողովի անդամ Մ.Պողոսյանը սկսել է այլ տեղեր դիմել` ֆիլմի գումարը ավելացնելու համար: Ի դեպ, նա տարբեր տեղերում վստահությամբ ասել է, որ հիմա գնալու է Ղարաբաղ` «փող կպցնելու», եւ քանի որ ֆիլմի թեման առնչվում է Ղարաբաղի հետ, «փող կպցնելու» գործը բարդ չի լինի: Որոշ փողեր արդեն իսկ «կպել» են, քանի որ սփյուռքահայերից ոմանք որոշել են աջակցել Միշիկին: Նման աշխատաոճը հիշեցնում է Ուրախների ու հնարամիտների ակումբի աշխատաոճը, քանի որ իմպրովիզացիան ուղղակի խեղդում է պրոֆեսիոնալիզմը: Իսկ տեղափոխվելով մեծ կինո` ուղղակի տրագիֆարս է դառնում` պետության համար: Թեեւ եթե ճշգրիտ լինենք, կնկատենք, որ «ուրախ» տղաները արդեն վաղուց լուրջ պրոֆեսիոնալներ են, ու երբ ֆիլմ են նկարահանում` շատ լավ հասկանում են, թե ո՞ր լսարանի համար է այն, եւ ի՞նչ են շահելու (եւ՛ ֆինանսական, եւ՛ իմիջի առումով): Իսկ «Կեչի» ֆիլմի դեպքում փաստն այն է, որ պետության կողմից հովանավորություն ստացած եւ նկարահանումային փուլ մտած ֆիլմը չունի սցենար: Այսինքն` ամեն բան հենց նկարահանման հրապարակում է որոշվում, չկա հստակ աշխատանքային գրաֆիկ, քանի որ, եթե չգիտես` ի՞նչ ես նկարահանում, չգիտես նաեւ` ե՞րբ եւ որտե՞ղ ես դա անում: Ամեն բան ինքնահոսի է թողնված, բոլորը կարծում են, որ հեշտ ու թեթեւ կանեն մի գործ ու ոչ մեկի առջեւ պատասխանատվություն չեն կրի: Դա խորհրդային կինոարտադրության ժառանգությունն է, որից Հայաստանը ոչ մի կերպ չի կարող հրաժարվել: Եվ դրան գումարվում են նաեւ «փուչիկ» համարվող կինոնախագծերը, որոնք մեկնարկում են ոչ թե ֆիլմ դառնալու, այլ` ոմանց հարստացնելու կամ ոմանց էգո-ն բավարարելու համար: Ի դեպ` տարբեր տեղերում Մ.Պողոսյանը հասցրել է նշել, որ հենց որ փող ստանա ֆիլմի համար, հող է գնելու Աշտարակում: Բացեիբաց ցինիզմն, իհարկե, բուն է դրել տարբեր ոլորտներում, սակայն կինոն, որն առանց արհեստական «փուչիկների» էլ` Հայաստանում դատարկություն է արտադրում, հիմա հայտնվել է խոշորացույցի տակ: Եվ եթե նույնիսկ ոմանք ցանկանում են ամեն բան փակի տակ դնել ու ձեւացնել, որ գործ են անում, ապա չպիտի մոռանան, որ այդ դատարկությունը վերարտադրելու համար մի օր պատասխան են տալու: Եթե ֆիլմը (կոշիկը, հաստոցը կամ ցանկացած այլ պրոդուկտ) չունի ամուր կմախք, ինչ էլ որ անես` պրոդուկտը փլվելու է: Ուզում ես՝ կմախքի վրա սիրուն շորեր հագցրու, լավ մակիաժ արա, հոնքեր ու շրթունքներ նկարիր, միեւնույն է` սարքածդ փուլ է գալու, եթե ոսկորները սխալ են դասավորված կամ էլ ընդհանրապես բացակայում են: Եվ պարզից էլ պարզ է, որ «Կեչի» ֆիլմը, որը չունի կմախք-սցենար, անհաջող պետական ներդրում է եւ չի կարող լավ ֆիլմ դառնալ:
Ամեն մարդ պետք է իր գործն անի. դերասանը խաղա, հանձնաժողովն էլ սցենար քննարկի: Իսկ հիմա ստացվում է, որ մեկը համ պարում է, համ երգում է, համ ինքն իրեն ծափահարում, համ էլ` իրեն փող է տալիս: Եվ եթե սխալվում ենք, ուրեմն Մ. Պողոսյանը պետք է ազնիվ գտնվեր ու հանձնաժողովի կազմից դուրս գար: Գոնե սկզբի համար նրան դա պետք է պարտադրեր Մշակույթի նախարարությունը: Իսկ հետո արդեն իր «նկուղներից» հաներ սցենար չլինելու փաստը: