Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան (ԱԻԿԱ) այս ամառ համայնքային արվեստի փառատոն էր կազմակերպել, որն անցավ Երեւանում ու Իջեւանում` համախմբելով հայաստանցի ու օտարերկրյա արվեստագետներին։ Երեւանում ու Իջեւանում ոչ միայն արվեստի ցուցադրություններ, այլեւ՝ շնորհանդեսներ, դասախոսություններ, կլոր սեղանի ձեւաչափի քննարկումներ ու համերգներ անցկացվեցին:
«Ժամադրություններ սահմանների վրա» խորագիրն ունեցող ժամանակակից արվեստի այս փառատոնը փորձ արեց հետազոտել համայնքային կյանքն իր բոլոր դրսեւորումներով` սոցիալական, քաղաքական, գեղագիտական, պատմամշակութային: Համայնքն ինքնին ենթադրում է, որ համայնք ձեւավորած մարդիկ որոշակի սահմանազատում են անում: Օրինակ, ասում են` սա մենք ենք, իսկ սա՝ դուք:
Եվ եթե կան համայնքներ, ապա նաեւ այդ համայնքները զատող սահմաններ կան: ԱԻԿԱ-ն` անդրադառնալով սահմանների գաղափարին` իր ծրագրերի թեման այսպես էր ձեւակերպել. «Սահմաններն անցնում են պատմամշակութային ժառանգության եւ ներկայի մշակութային քաղաքական համատեքստով, քաղաքի եւ բնության, աշխարհաքաղաքական կենտրոնների ու ծայրամասերի, հանրային ու մասնավոր ոլորտներով: Սահմանները չեզոք վայրեր են ու դուրս են որեւէ ռեժիմի գերիշխանությունից, այստեղ են կուտակվում սոցիալ-քաղաքական, ուրբան, բնապահպանական, մշակութային, լեզվական եւ այլ լարումները»:
Սահմանները կարող են պաշտպանական դեր կատարել, սակայն կարող են եւ վտանգի սկիզբ դնել, քանի որ սահմանափակումը միշտ էլ նեխման պրոցեսի մասին է ահազանգում: Սակայն ամենահետաքրքիր հայտնագործումները սկսվում են այն ժամանակ, երբ համայնքներն իրար մեջ են ներթափանցում: Եվ այդ դեպքում համայնքները բաժանող սահմանները կարող են դիտարկվել՝ որպես հաղորդակցության ու փոխհարստացման վայր: Ասենք` իջեւանցին տեսնում է, թե ինչպես եւ ինչով է ապրում մեքսիկացին Մեխիկոյի լոկալ ու ինքնամփոփ Տապիտո թաղամասում: Գերմանուհի Կարմեն դը Միշելի «Տեպիտո` արվեստ «կոպիտ» թաղամասում» նախագծի հիմքում վատ համբավ ունեցող մի շրջան է, որտեղ գողեր, մարմնավաճառներ ու բոքսի չեմպիոններ են ապրում: Դա առասպելական մի թաղամաս է, որի բնակիչները հպարտությամբ իրենց մարմնի վրա դաջում են Սուրբ մահ կմախք-աստվածուհու դեմքն ու փորձում են իրենց բարկությունն արտահայտել արվեստի միջոցով: Արվեստի հետքերով փորձել էր առաջ շարժվել նաեւ արվեստագետ Ջուլիան Վիգոն, ով աղետի գոտի դարձած Հայիթիում հետազոտել էր երկրաշարժից հետո տեղի ունեցած արվեստի գործերի անհետացումը: Եթե մարդկային կյանքը գին չունի, գին չունի նաեւ արվեստը: Ընդհանրապես ժամանակակից արվեստի ֆենոմենը նրանում է, որ արվեստը չի ստացվում միայն արվեստի ոլորտում «բանտարկել», այն այնպայման դուրս է գալիս նեղ շրջանակներից ու ներխուժում է կյանք: Նման ներխուժում կազմակերպել էր վրացի արվեստագետներից բաղկացած «Բուլյոն» խումբը, որն իր հանրային ակցիայով առաջարկել էր բնակարանային դիտանցքները` «գլազոկները» վերափոխել` դուրսը ներս դարձնելով, իսկ ներսը` դուրս: Կարող ես մոտենալ ցանկացած դռանն ու տեսնել` թե ինչ է կատարվում բնակարանի ներսում: Չէ՞ որ դիտանցքը կարող է նաեւ ներսը ցուցադրելու համար լինել: Ի դեպ` «Դեպի ներս» էր կոչվում նաեւ Գոռ Ենգոյանի քայլարշավ-նախագիծը, որը փորձել էր ուսումնասիրել Իջեւանի կիսակառույց ճոպանուղու հետքերը: Ձախողված, դատարկ, չբնակեցված տարածքները հարմար առիթ են եղածը գույքագրելու ու չեղածը հավաստիացնելու համար: Եվ այս ամառվա ընթացքում Իջեւանում տեղի ունեցած իրադարձությունները կարելի է քաղաքային միջավայր ներթափանցելու փորձեր անվանել: Թե որքանով այդ փորձերը ստացվեցին, դժվար է ասել, համենայնդեպս ակնհայտ է, որ Իջեւանը բավական սառնորեն ընդունեց փառատոնը: Թեեւ, իհարկե, նման հավաքը շատ բան տվեց հենց մասնակիցներին (որոնք իրար լսելու ու իրար հետ հաղորդակցվելու գեղեցիկ առիթ ստացան), սակայն մեծ իմաստով քաղաքն անհաղորդ մնաց այդ իրադարձությանը։ ԱԻԿԱ-ի նախագահ, արվեստաբան Նազարեթ Կարոյանը նկատում է, որ ակտիվության ալիքը չի կարող արագ առաջանալ: «Ազդեցություն գործելու ու զանգվածներ ապահովելու համար երկու միջոց կա. մեկը վարչական կարգադրումներն են, իսկ մյուսը` ֆինանսները: Եվ քանի որ մենք չունենք ոչ առաջին, ոչ էլ երկրորդ միջոցները, ստիպված ենք դիմել ստեղծագործականության «վարակի» տարածմանը»: Արվեստաբանները, որոնք հավաքվել էին Իջեւանում, կեսկատակ ասում էին, որ փորձում են Իջեւանում «վիրուս» գցել (մշակութաբան Վարդան Ջալոյանի ձեւակերպումն է): Իսկ այդ պրոցեսը ենթադրում է, որ ժամանակ է պետք` վիրուսի հասունացման ներգործության համար:
Հանրայինի ու մասնավորի սահմանագծում տեղի ունեցող զրույցներ, շփումներ, բանավեճեր ստեղծելը բարդ գործ է: Եվ ցանկությունը մեկն է. ակտիվ, զգոն ու արթուն վիճակում պահել քաղաքային միջավայրը՝ թույլ չտալով, որ հանրային կյանքը սառչի ու միայն կենցաղային խնդիրներով լցված միապաղաղ օրերի շարանների վերածվի։ Ն.Կարոյանը վստահ է, որ Իջեւանում կարելի է ակտիվ քաղաքային միջավայր ստեղծել: «Իջեւանցիները ներքին կամային դիրք ունեն, պարզապես նրանց վերահետաքրքրել ու հեռանկարներ ցույց տալ է պետք: Իսկ հեռանկարները եւ նյութական, եւ մշակութային կյանքին են վերաբերում: Այսինքն, մարդը պետք է տեսնի, որ իր շուրջ տեղի ունեցող ամենօրյա կյանքը ինքնին հետաքրքիր է, եւ հարկ չկա երկնագույն թռչունի ետեւից ընկնել: Այդ պատճառով էլ մենք փորձում ենք նրանց հենց ժամանակակից արվեստը ցույց տալ: Եվ ոչ թե պարողների ու երգողների, այլ ռոք խմբեր ենք բերում Իջեւան: Չէ՞ որ ընդամենը մի բան առաջարկելը աղքատության նշան է, եւ 24 ժամ հեռուստատեսությամբ պտտեցվող իրականությունը մարզեր տանելը նույն բանն է, ինչ միայն խորոված առաջարկել ու ասել, որ հենց դա է հայկական խոհանոցը: Բազմազանությունը շերտավորում ու հարստացում է բերում եւ լայնացնում է կյանքից հաճույք ստանալու հնարավորությունները: Միգուցե մեր առաջարկածը նուրբ ու նոսր բան է (համեմատելով, ասենք, քարե սիմֆոնիաների կամ քարե բալետների հետ), բայց ես վստահ եմ, որ եթե 20 հազարանոց քաղաքում գոնե 5 հոգի հետաքրքրվեց մեր արածով, արդեն լավ է: Իջեւանում ուսանողություն ու տուրիզմի ռեսուրսներ կան, իսկ դա նշանակում է, որ մշակույթի անհրաժեշտություն կա»:
Իջեւանը նիրհի մեջ է գտնվում, բոլորը ինչ-որ բանի են սպասում: Սակայն այդ սպասումը ակտիվ չէ, ինչպես այն չքնաղ բնությունը, որի մեջ բախտ է վիճակվել այդ փոքր ու մեծ պոտենցիալ ունեցող քաղաքին` ծնվել ու իր տեղը գրավել Հայաստանի քարտեզի վրա:
Նման տարածք Երեւանում չես գտնի
ԱԻԿԱ-ն իր փառատոնի բացումը (օգոստոսի 18-ին) կազմակերպել էր Իջեւանի պատկերասրահում, որը վերջերս հիմնովին վերանորոգվել է: Մհեր Ազատյանը, Տիգրան Խաչատրյանը, Նորայր Չիլինգարյանն ու Գագիկ Չարչյանը ներկայացնում էին «Միջանկյալ դիրքեր» ցուցադրությունը, որի հիմքում մի կողմից անցյալի հուշերն էին (որպես կենդանի դիակներ որակվող հիշողության մնացուկները), իսկ մյուս կողմից՝ սպասելիքները, ապագայի տեսլականները: Երկուսն էլ չկան, սակայն հենց դրանց սահմանին էլ գտնվում է այսօրը, որը արվեստագետները փորձել են ներկայացնել վիդեոինստալյացիաների, ինտերնետային կայքէջերի ֆորմատ ունեցող գործերի ու փողոցային արվեստին հատուկ ֆորմաների միջոցով:
Ցուցահանդեսի բացման ընթացքում տեսանելի դարձավ, որ ամենաակտիվ այցելուները մանուկ ու երիտասարդ իջեւանցիներն են, որոնք ուզում էին ամեն բան տեսնել, հասկանալ ու զրույցի բռնվել հյուրերի հետ: Նյույորքցի արվեստագետ Ռենե Գաբրին էլ, օրինակ, մեծ հաճույքով շփվում էր երեխաների հետ` ուշադրությամբ որսալով նրանց կարծիքները: «Շատ հետաքրքիր է, երեխաները կարծես սպիտակ թուղթ են ու ինֆորմացիայի մեծ պահանջ ունեն»,- նկատեց նա:
Իսկական «սպիտակ թուղթ» է նաեւ Իջեւանի պատկերասրահը, որը շատ գեղեցիկ, լուսավոր ու բազմահարկ շինություն է։ Այն ամբողջովին դատարկ է եւ չի «վերաբնակեցված» արվեստով (ԱԻԿԱ-ի կազմակերպած բացումը առաջինն էր երկարատեւ դադարից հետո)։ Ու թեեւ պատկերասրահն իր պահոցներում հավաքագրված արվեստի գործեր ունի (որոնք խորհրդային տարիների ժառանգությունն են), սակայն բուն պատկերասրահի տարածքը զրոյական դիրքում է գտնվում։ Եվ հենց դա է Իջեւանի պատկերասրահի առավելությունը, քանի որ «զրոյական» վիճակը շատ լավ մեկնակետ է՝ ժամանակակից արվեստը ներկայացնելու համար (կարծրատիպեր քանդելու կարիք չկա, տարածքը «մաքուր» է)։ Սակայն մյուս կողմից էլ՝ պարզ է, որ եթե շենքի պատերի ներսում ոչ մի նկար (կամ թեկուզ պաստառ) չկա, ապա այն չի կարող ընկալվել որպես արվեստի կենտրոն։ Իջեւանցիներն, օրինակ, հստակ չեն պատկերացնում, թե ինչպես է դասավորվելու իրենց պատկերասրահի ճակատագիրը։ Շատերը նույնիսկ չգիտեն էլ, որ այդ շենքը պատկերասրահ է, իսկ ավելի բանիմացները ակնարկում էին, որ այդտեղ նախատեսվում է ռեստորան բացել։ Կային այնպիսիները, որոնք պնդում էին, որ պայքարելու են պատկերասրահը պահպանելու համար։ Սակայն ամեն դեպքում պարզ է, որ Իջեւանի իշխանավորները ցանկություն ունեն արվեստի այդ տարածքը չվերապրոֆիլացնել։ Ն. Կարոյանը նշում է. «Կարծես թե արվեստի տարածությունից դուրս գալու վտանգն անցել է։ Համենայնդեպս տպավորություն է ստեղծվում, որ այդպիսին է ոչ միայն մեր ասոցիացիայի, այլեւ՝ Իջեւանի քաղաքային իշխանությունների ցանկությունը։ Սակայն, դա միայն ցանկություն է, այլ ոչ թե՝ արձանագրված փաստ։ Մենք ընդամենը կարող ենք մեր փորձով, հնարավորություններով, կապերով նպաստել այդ կենտրոնի աշխատանքների վերսկսմանը: Նշեմ, որ դա հիանալի տարածք է արվեստի կենտրոնի համար: Նման տարածք Երեւանում չես գտնի»։ Ի դեպ` արվեստագետներից շատերը մեծ ոգեւորությամբ էին խոսում հենց պատկերասրահի շենքի մասին ու ցանկություն հայտնում իրենց աշխատանքներով գալ Իջեւան: Այնպես որ, «վիրուսը» կամաց-կամաց բուն է դնում մարդկանց մեջ, մնում է, որ արձագանքեն իջեւանցիները: Ու թեեւ Ն.Կարոյանը նշում է, որ արագ արձագանք չի կարող լինել, քանի որ միջավայր փոխող խողովակները արվեստագետների ձեռքում չեն, սակայն Իջեւանի պատկերասրահը հիանալի փոխկապակցող խողովակ է, որը կարող է շփման դաշտ ստեղծել: Իհարկե, տեղացիներին արվեստի իրադարձությունների մեջ ներգրավելն ու շփման մակերեսներ ստեղծելը բարդ գործ է։ Եվ եթե շփումը ինքնաբուխ կերպով չի ձեւավորվում, ապա այն կարող է տեղի ունենալ եւ կամայականորեն, այսպես ասած՝ հրահանգներ տալու եղանակով։ Մոտավորապես այդպես էլ՝ հրահանգների ձեւաչափով 5 տարի շարունակ (1985-91թթ.) Իջեւանում քանդակի միջազգային սիմպոզիում էր անցկացվում: ԱԻԿԱ-ի կուրատորական դպրոցի շրջանավարտները անդրադարձել էին այդ տարիների արխվային նյութերին ու հետահայաց հետազոտում անցկացրել: Խորհրդային կայսրության փլուզման նախօրեին սկիզբ առած քանդակի սիմպոզիումը Իջեւանը լցրեց բազմապիսի քանդակներով: Տարբեր քանդակագործներ կայանում էին Իջեւանում, աշխատում ու իրենց քանդակները նվիրում քաղաքին։ Դա մի քայլ էր, որը թեեւ պարբերականություն էր կրում, սակայն չէր բխում քաղաքի ներքին պահանջներից։ Եվ դա առավել ակնհայտ է 20 տարի անց, երբ քայլելով Իջեւանի կենտրոնի ծառուղիներով՝ ամեն քայլափոխին կողք կողքի տեղադրված քանդակների ես հանդիպում (արվեստաբան ու կուրատոր Ռուբեն Արեւշատյանը մեծաքանակ քանդակները նմանեցրեց «պատկերային սպամի»)։ Իջեւանն ուղղակի ողողված է քանդակներով, որոնք որպես ստատիստներ արդեն չեն էլ նկատվում քաղաքի բեմի վրա, քանի որ բոլորն արդեն սովորել են դրանց ներկայությանն ու ոչ հիանում, ոչ էլ ընդվզում են դրանց առատության դեմ։ Ի դեպ՝ Երեւանի ու Իջեւանի ուսանողները ցանկանալով ուսումնասիրել քանդակի սիմպոզիումի հետքն այսօրվա Իջեւանում՝ հարցում էին անցկացրել ու պարզել, որ իջեւանցիների 30%-ը նույնիսկ չգիտեն, որ իրենց քաղաքում քանդակներ կան, թեեւ ամեն օր անցնում էին քանդակների պուրակով։ «Այդ փաստի բացատրություններից մեկը անտարբերությունն է։ Մարդիկ դադարել են ուշադրություն դարձնել այն բանի վրա, որոնք իրենց կենցաղային հետաքրքրություններից դուրս են։ Նկատելի է, որ մշակութային, սոցիալական ապատիա գոյություն ունի։ Եվ մեր նպատակներից մեկն էլ մարդկանց վերաարթնացնելն է»,- ասում է Ն. Կարոյանը: Նա վստահ է նաեւ, որ չի կարելի մշակույթը նվեր տալ, քանի որ դա երկկողմանի աշխատանք է, որը ընդամենը կարելի է խթանել, բայց` ոչ պարտադրել: «Կարող եմ ասել, որ փոսից դուրս գալու համար մենք ստիպված ենք օգտագործել Մյունհաուզենի միջոցն ու սեփական մազերից ձգելով` դուրս քաշել մեզ փոսից: Ազդեցության այլ խողովակներ մենք չունենք»,- ասում է Արվեստի քննադատների ասոցիացիայի նախագահը:
Ժամանակին խորհրդային կարգերը արվեստին հսկայական քարոզչական դեր տալով՝ անընդհատ շեշտում էին, որ արվեստը վերեւից ներքեւ ուղարկվող նվեր է։ Ինչը, բնականաբար, ենթադրում էր, որ արվեստը կարող է ծնվել միայն բուրգի վերեւում, իսկ հետո տիրաժավորվելով ու փաթեթավորվելով՝ «իջեցվել» մարզեր, քաղաքներ, գյուղեր, ինչպես ասում էին՝ մտնել հասարակ աշխատավորի տուն։ Եվ այն պնդումը, որ արվեստի ծննդավայրը միայն մայրաքաղաքներն են (ինչպես նաեւ մայր-թատրոնները կամ մայր-բուհերը), շարունակում է շրջանառվել նաեւ մեր օրերում՝ կենտրոնացնելով ու միաժամանակ՝ ամայացնելով արվեստի ներկայացման ու քննարկման հարթակները։ Եվ եթե ընդունենք այն միտքը, որ արվեստի նպատակը վերջիվերջո քննարկում, դիսկուրս առաջացնելն ու խթանելն է, ապա այսօր Հայաստանում ամեն բան արվում է արվեստի ցանցային տարածումը կանխելու համար (խոշոր մեդիաներն ու վերահսկվող հարթակները խուսափում են սկսել մի զրույց, որի ավարտը կանխորոշված քարոզչությունից դուրս է)։ Եվ այդ պատճառով էլ ԱԻԿԱ-ի առաջ քաշած բանաձեւը (հաղթահարել սահմանները համայնքային արվեստի միջոցով) չափազանց ակտուալ է։ Ժամանակակից արվեստը` իր ցանցային բնությամբ, միտված է հեղինակի ու հանդիսատեսի անջատ վիճակը ջնջելուն ու անէացնելուն: Ժամանակակից արվեստը ենթադրում է, որ պետք է իրական համամասնակցություն լինի, եւ եթե, ասենք, տարիներ առաջ քանդակագործները գալով Իջեւան՝ օգնեցին քաղաքին ասֆալտապատել ճանապարհները կամ փոքր-ինչ բարձրացրեցին քաղաքային սերվիսի որակը, ապա դա արդեն իսկ արդյունք է: Այսինքն` արվեստի դաշտն այնքան մեծ է, որ կարող է ցանկացած եզրահանգում «կուլ տալ» ու նոր դիսկուրսի դաշտ բացել: Ժամանակակից արվեստի դիտակները կարող են զարմանալի տարածքներ մուտք գործել: Իջեւանի սրճարաններից մեկում, օրինակ, տեղադրված է վանդակ, իսկ վանդակում արծիվ է: Կողքին էլ ազատական կոչեր են: Իսկ կենտրոնական վայրում գտնվող Հանրապետական կուսակցության գրասենյակը տեղակայված է այն շենքում, որի մի հատվածում գիշերային ակումբ է: Դիմացն էլ Ավետարանչական եկեղեցին է, որը նախկինում կինոթատրոն է եղել (եւ հիշելով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի վտանգված ճակատագրի մասին, մտածում ես, որ եկեղեցին ու կինոն իրար գոյության հետ կարծես թե չեն հաշտվում. կամ մեկը պետք է լինի, կամ մյուսը): Ի դեպ` նախկինում «Ռուզան» կոչվող կինոթատրոնի մասին շատ ջերմ հուշեր պատմեց մի տարեց իջեւանցի, ում համար կինոթատրոնը երիտասարդության խորհրդանիշն էր: «Հիմա երիտասարդները կինոթատրոնի երես չեն տեսել: Շատ ափսոս, որ կինոթատրոն չկա, ճիշտն ասած` թատրոն էլ չկա: Ոչ էլ գործարաններ»,- ասաց նա: Ամեն ինչն էլ կարող է արվեստի ուսումնասիրության նյութ դառնալ (ինչպես ասենք` կա ու չկա, իմը ու քոնը, դուրսը ու ներսը): Առավելեւս ուշագրավ են փոքր քաղաքներում եղած նյութերը, քանի որ համայնքային կյանքն այնտեղ բոլորի աչքի առջեւ է: Եվ յուրաքանչյուր անգամ, երբ փաստագրվում է եղածը, այն նաեւ վերաիմաստավորվում է: