«Այս մոդելով զարգացած երկիր չենք դառնա», – ասում է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը

19/08/2010 ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում պաշտոնապես 6,7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, շինարարության, արտահանման ու ներմուծման, ինչպես նաեւ ծառայությունների ոլորտում նախորդ ամիսների աճի տեմպերը պահպանվել են: Սակայն գյուղատնտեսության ոլորտը բավականին մեծ անկում է ունեցել` 13,1 տոկոս: Նշենք նաեւ, որ ամսական կտրվածքով արձանագրվել է տնտեսական աճի տեմպի դանդաղում մոտ 2 տոկոսով: Հունիս-մայիս ամիսներին աճը 8,8 տոկոս էր: Արդյո՞ք այս թվերը խոսում են Հայաստանի տնտեսության վերականգնման մասին, եւ առաջիկայում կարո՞ղ ենք հասնել նախաճգնաժամային` 12 տոկոս ցուցանիշին, թե՞, այնուամենայնիվ, ինչպես պնդում են տնտեսագետներից ոմանք, պետք է պատրաստվել ճգնաժամի երկրորդ փուլին: Այս հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, ներկայումս «Avag solutions» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Արմեն Եղիազարյանի հետ:

– Խոսելով մինչ 2008թ. Հայաստանի տնտեսության մասին, Դուք ժամանակին ասել էիք, որ այդ տարիներին ունեցել ենք էժան փող եւ երկնքից թափվող ոսկի անձրեւ: Այդ տարիներին ունեցել ենք մինչեւ 12 տոկոս տնտեսական աճ: Հաշվի առնելով ճգնաժամը, այս կիսամյակի ցուցանիշները եւս կարծես թե այնքան էլ վատ չեն: Ըստ Ձեզ, կարելի՞ է արդեն խոսել տնտեսության վերականգնման եւ զարգացման միտումների մասին:

– Ընդհանրապես, միջազգային չափանիշներով, ռեցեսիան համարվում է վերջացած այն ժամանակ, երբ 2 հաջորդական եռամսյակում աճ է գրանցվում: Հիմա մեզ մոտ այդ աճը կա: Բայց դուրս ենք եկել ճգնաժամից, թե ոչ, դեռ հնարավոր չէ ասել, քանի որ խոսակցություններ են գնում ճգնաժամի երկրորդ փուլի մասին: Կարծում եմ, որ այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն տարեվերջին: Հիմա կառավարությունը ինչ-որ բաներ անում է, այսինքն՝ անում է այն, ինչ ի վիճակի է, կամ ինչ որ թույլ են տալիս: Եթե անգամ շատ էլ ուզենա, ավելի բան չի կարող անել: Փող են տալիս արտադրողներին, բանկերին, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ եղած զարգացման մոդելը հանդիպել է որոշակի արգելքների:

– Նկատի ունեք ա՞յն, որ այսօր Հայաստանը դարձել է տրանսֆերտներից կախված երկիր:

– Այո, այսօր մեր երկիրը կախված է դրսի ֆինանսավորումից, բայց խնդիրն այն է, թե որքան ժամանակ կարող ենք գնալ այդ ճանապարհով: Եթե կարողանանք 100 տարի այդ ճանապարհով գնալ ու լավ երկիր դառնալ, շատ լավ է: Ավելին ասեմ, եթե միշտ էլ այդպես լինի, կարծում եմ՝ վատ չի, եւ նույնիսկ շատ լավ է: Չէ՞ որ դրսից ստացված փողն այստեղ է ծախսվում: Ո՞վ ասաց, որ անպայման պետք է երկրում հսկայական խողովակներ լինեն, այդ խողովակներից միշտ ծուխ դուրս գա, մարդիկ էլ ինչ-որ բան սարքեն, արտահանեն, որ երկիրը զարգանա: Խնդիրն այն է, կարո՞ղ ենք տնտեսության այդ մոդելը զարգացնել, թե՞ ոչ:

– Աս տարվա առաջին կիսամյակում, փաստորեն, գյուղատնտեսության ոլորտը բավականին մեծ անկում է արձանագրել, մինչդեռ խոսվում էր այս տարի գյուղատնտեսական հումքի վերամշակման եւ արտահանման ծավալները մեծացնելու մասին: Այլ ոլորտներում աճ է գրանցվել: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված ոլորտների անհամաչափ զարգացումը:

– Կարծում եմ, որ կոնկրետ գյուղատնտեսության ոլորտում մեծ դեր է խաղում բնական գործոնը` պայմանավորված եղանակային վատ պայմաններով: Աճն ու անկումը կարող են պայմանավորվել նաեւ դրանով: Բայց ես կարծում եմ, որ Հայաստանում գյուղատնտեսության մեջ շատ կարեւոր է ներդրումների խրախուսումը:

– Իսկ Ձեր կարծիքով՝ այսօր Հայաստանը բարենպա՞ստ երկիր է օտարերկրյա ներդրումների համար:

– Ֆորմալ առումով այո, իսկ ռեալ` իհարկե ոչ: Այսօր բիզնեսմենները իրենց բիզնեսը ապահովագրելու համար ձգտում են ինտեգրվել իշխանություններին, եւ ում դա հաջողվում է, նրանք արտոնյալ պայմաններ ունեն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում խոշոր ձեռնարկությունները լավ պայմաններ ունեն, միջին ձեռնարկությունները՝ մի փոքր ավելի վատ, իսկ ամենավատ պայմաններում փոքր բիզնեսն է: Այսինքն՝ դա նշանակում է, որ ինչքան մոտ ես իշխանություններին, այնքան մեծ է բիզնեսդ ու պայմաններն էլ՝ լավ: Այսօր բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճում են, որն, իհարկե, բացասական երեւույթ է:

– Իսկ Ձեր պաշտոնավարման տարիներին, երբ Դուք էկոնոմիկայի նախարար էիք, նման բացասական երեւույթներ չկայի՞ն:

– Կային իհարկե, բայց ավելի քիչ, որովհետեւ նման երեւույթները նոր էին սկսվում: Չի եղել այն աստիճանի, ինչքան հիմա, բայց հիմքերն այն ժամանակ են դրվել: Դա է մեր ազգի մտածելակերպը, հո չե՞նք կարող գնալ Շվեյցարիայից մարդ բերել:

– Մեր տնտեսության մեծագույն խնդիրներից մեկն էլ մոնոպոլիզացիան ու մեծ ստվերայնությունն է: Տարիներ շարունակ խոսվում է այդ արատավոր երեւույթների մասին, բայց դրանք կարծես թե վերանալու կամ պակասելու միտում չունեն: Վերջերս նման օրինակ տեղի ունեցավ ձվի շուկայում: Ի՞նչ եք կարծում, նման տնտեսության պարագայում կարելի՞ է խոսել զարգացումների մասին:

– Նախ պետք է այնպես անել, որ բիզնեսմենները չհայտնվեն խորհրդարանում: Եթե դա չեն անում, արդեն ամեն ինչ խառնվում է իրար: Չէ՞ որ իշխանություն ունենալը նպաստավոր է բիզնեսի համար: Այսօր խնդիրն այն է, թե ձեր ասած մոդելով ու այս ժողովրդով մինչեւ ուր ենք հասնելու: Պարզ է, որ հաստատ միջին մակարդակից չենք անցնի ու զարգացած երկիր չենք դառնա:

– Ըստ Ֆինանսների նախարարի, տարեվերջին 7-8 տոկոս տնտեսական աճ կապահովվի, պետբյուջեով էլ նախատեսված է 1,2 տոկոս աճ: Ձեր կանխատեսմամբ՝ ցուցանիշներն ինչպիսի՞ն կլինեն:

– Մեր բյուջեն կազմվել է 2009 թվականին, ամեն եռամսյակը մեկ համաշխարհային զարգացման սցենարները փոխվում են: Այսինքն՝ բյուջեն կազմելիս, մանավանդ անկումից հետո ճիշտ գնահատական տալը շատ բարդ է: Բայց եթե հիմա ունենք 6,8 տոկոս տնտեսական աճ, ապա մի բան պարզ է. սովորաբար տարեվերջին արտադրության ծավալներն ավելանում են: Ոչ մի խանգարող հանգամանք այս պահին չկա, որպեսզի մտածենք, որ այս տարի այդպես չի լինի: 14 տարի անընդմեջ տնտեսական աճ ենք ունեցել, եւ բոլոր տարիներին երկրորդ կիսամյակում ցուցանիշներն ավելի բարձր են եղել: Եթե այս տենդենցը հիմք ընդունենք, ապա կարծում եմ, որ տարեվերջին հանգիստ 8-9 տոկոս տնտեսական աճ կունենանք:

– Ըստ Ձեզ, Հայաստանը ե՞րբ կվերադառնա, կամ կվերադառնա՞ արդյոք նախաճգնաժամային ցուցանիշներին:

– Սովորական թվաբանություն է: Եթե մենք մոտ 15 տոկոս անկում ենք ունեցել, եւ այս տարի մոտ 8 տոկոս աճ ունենանք, 2 տարվա մեջ, կարծում եմ, նորից կհասնենք նախաճգնաժամային ցուցանիշներին: Եթե անգամ ճգնաժամի երկրորդ փուլ լինի, այն մեզ մոտ կարտահայտվի միայն որոշակի ֆինանսական հոսքերի պակասով: Մեր բանկերն ու ձեռնարկությունները առանձնապես մեծ պարտքեր չունեն:

– Գուցե ձեռնարկություններն ու առեւտրային բանկերը մեծ պարտքեր չունեն, բայց փոխարենը՝ պետությունը հսկայական արտաքին պարտք ունի:

– Այո, 16 տոկոս պետական պարտքից այսօր համարյա հասնում ենք 50-ի (ՀՆԱ-ի հետ հարաբերակցությունը.- Գ.Ս.): Բայց մինչեւ 60 տոկոս թույլատրելիի սահմանում է: Մինչ այդ սահմանը համաշխարհային նորմատիվներով համարվում է նորմալ, եւ ես ենթադրում եմ, որ այդ վարկը մենք ի վիճակի ենք ժամանակին մարել: 50-60 տոկոս արտաքին պարտքը վտանգ չի ներկայացնում: Ճիշտ է, ինչքան շատ է պարտքը, այնքան խնդիրները շատ են, բայց ստանդարտ ցուցանիշներով ներկա վիճակը վատ չէ: