Մեկ-երկու օրից պաշտոնական վիճակագրությունը մեզ «կուրախացնի» իր հերթական ցուցանիշներով։
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին կիսամյակում վիճակագրությունն արձանագրել էր համախառն ներքին արդյունքի 6.7% աճ՝ գլուխ գովելու լավ առիթ տալով իշխանություններին եւ իշխանամետ գործիչներին։ Մերոնք արձանագրված ցուցանիշը բացատրում են «կառավարության հակաճգնաժամային միջոցառումներով», երբեմն-երբեմն էլ մեծահոգաբար ավելացնելով, որ համաշխարհային տնտեսության աշխուժացումը նույնպես իր լուման ունեցել է կանխատեսվածից բարձր տնտեսական աճ ունենալու գործում։ Չենք կարող ասել, թե հունվար-հուլիսի համար վիճակագիրները մեզ ինչ թիվ կհրամցնեն, սակայն կարելի է ենթադրել, որ այն զգալիորեն բարձր կլինի կանխատեսված 1.2%-ից։ Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, մեկը մյուսի ետեւից ելույթ կունենան իշխանական եւ ընդդիմադիր գործիչները։ Առաջինները կրկին կհիանան իրենք իրենց արած գործով, իսկ ընդդիմադիրները կապացուցեն, որ վիճակագիրները շարունակել են թվանկարչությունը։ Քննադատության տեղ իրոք կա եւ կլինի։ Ընդ որում, քննադատության հիմքը ոչ այնքան թվերն են, որքան թվերի ֆոնին հնչող հիացական խոսքերը։ Օրինակ, երբ խոսվում է արդյունաբերության տպավորիչ աճի մասին, ցանկացած ոք կարող է բացել նույն վիճակագրությունն ու ապացուցել, որ արդյունաբերության աճ ասվածը տեղի է ունեցել հիմնականում հանքահումքային արտադրանքի համաշխարհային գների աճի հաշվին։ Երբ խոսվում է շինարարության աճից, կառավարությանը կարելի է հիշեցնել իր իսկ խոսքերը՝ շինարարության դերի նվազեցման անհրաժեշտության մասին։ Սակայն այդ մասին չէ, որ ուզում ենք խոսել։ Արդեն որերորդ անգամ կրկնվելով՝ նշենք, որ այդ խուճուճ ցուցանիշները հետաքրքրում են միայն հենց իրենց՝ մասնագետներին, եւ այդ թվերի հիման վրա իրենց աշխատանքի համար «պտիչկաներ» ստացող միջազգային ֆինանսական կառույցներին։ Շարքային հայ քաղաքացուն հետաքրքրում են ավելի իրական, շոշափելի կատեգորիաներ, օրինակ՝ գյուղմթերքների գների անմարդկային թանկացումը, աննախադեպ շոգը, եւ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների այցելության պատվին արագ-արագ արվող ասֆալտապատումը։ Ու նաեւ՝ նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ, «կենացանման» հարցազրույցներ են հնչում՝ ի պատիվ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության։ «Ռուսական ներդրումները Հայաստանում այսօր հասնում են 2.75 միլիարդ դոլարի»,- «Ռոսիա 24» ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում անթաքույց հպարտությամբ ասում է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Ռուսաստանը Հայաստանի համար շատ կարեւոր առեւտրատնտեսական գործընկեր է։ Այն Հայաստանի հիմնական ներդրողն է։ Ռուսաստանը նաեւ հայկական արտադրանքի սպառման գլխավոր շուկան է»,- ասում է նախարարը՝ ավելացնելով, որ Հայաստանում այսօր գործում են ռուսական կապիտալով 1400 ընկերություններ։ Ոչ պակաս հպարտությամբ եւ անթաքույց քծնանքով Էդ. Նալբանդյանը խոսում է նաեւ հայ-ռուսական դարավոր բարեկամության, ռուսաց լեզվի նկատմամբ մեր ունեցած անհուն սիրո եւ այլ արժեքների մասին, սակայն եկեք կենտրոնանանք տնտեսական ասպեկտի վրա։
Թվերի հարցում չհամաձայնելու պատճառ չկա։ Ավելին՝ բացելով խոշոր հարկատուների ցանկը, կարելի է առարկայորեն տեսնել ռուսական ներկայությունը Հայաստանում՝ արտահայտված ամենախոշոր հարկատու «ՀայՌուսգազարդով», «ՎիվաՍել-ՄՏՍ»-ով, «ԱրմենՏել-Բիլայնով» եւ այլ ընկերություններով։ Սակայն արդյո՞ք դա ուրախանալու առիթ է։ «Կանադան դա մի երկիր է, որի տնտեսությունը ամբողջությամբ կախված է ամերիկյան իմպերիալիզմի կապիտալից»,- ասում էր «3+2» ֆիլմի հերոսը իր ընկերուհուն։ Եթե այսօր Կանադայում նման մի ֆիլմ նկարվեր՝ նույն սյուժեով, այդ երկխոսության մեջ հանգիստ կարելի էր Կանադայի եւ ԱՄՆ-ի փոխարեն օգտագործել, համապատասխանաբար, Հայաստան եւ Ռուսաստան տեղանունները։ Եթե, իհարկե, հերոսը կամ առավելեւս նրա ընկերուհին երբեւէ լսած լինեին Հայաստանի մասին։ Ընդ որում, Ռուսաստանից մեր կախվածությունը պայմանավորված է ոչ միայն ռուսական կապիտալի ներկայությամբ, այլեւ Ռուսաստանում աշխատող եւ իրենց այստեղի բարեկամներին ապրուստի միջոցներ ուղարկող մեր հայրենակիցների քանակով։ Միայն այս երկու հանգամանքը հաշվի առնելով՝ կասկածից վեր է, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է փակել մեր թթվածինը։ Եվ չնայած Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն է, սակայն իրականում մենք ավելի անկախ չենք, քան, ասենք, Կաբարդինո-Բալկարիան կամ Չուկոտկան։ Ավելին, ի տարբերություն Չուկոտկայի, մենք թշնամական հարաբերությունների մեջ ենք մեր չորս հարեւաններից երկուսի, եւ լարված հարաբերությունների մեջ՝ մեկի հետ։ Եթե այս ամենին էլ գումարենք կեղծվող ընտրությունները, բռնությունները եւ իշխանական ողջ վերնախավի վրա ունեցած կոմպրոմատները, որոնց «ստվերը» երբեմն-երբեմն երեւում է ռուսական որոշ ԶԼՄ-ներում, ապա դժվար է այս ամենի մեջ ուրախալի երանգներ գտնել։
Սակայն, թերեւս, հենց այս դաժան պատկերի գիտակցումն է մեր պաշտոնյաներին ստիպում գոհունակությամբ արտահայտվել հայ-ռուսական հարաբերությունների, այդ թվում՝ դրանց տնտեսական ասպեկտի մասին։ Ամեն ինչ շատ պարզ է՝ այլ բան տրված չէ, պետք է ռեալ նայել իրավիճակին եւ չլարել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դա հղի է շատ մեծ վտանգներով։ Մեր դեպքում չեն բավարարվի որոշ տնտեսական պատժամիջոցներով եւ ռուսական հեռուստաալիքներով մեր ղեկավարներին վարկաբեկելով, ինչպես արեցին Լուկաշենկոյի հետ։ Դժգոհելն իմաստ չունի, քանի որ օգուտ տալու փոխարեն՝ այն կարող է մեծ վնաս հասցնել երկրին։ Այս իրողությունն, ի դեպ, ընդունում են ոչ միայն պետական պաշտոնյաները, այլ որոշ գերպետականամետ քաղաքագետ-վերլուծաբաններ։ Ու այդ տրամաբանությամբ առաջնորդվելով՝ դեմքի լուրջ արտահայտությամբ բացատրում են, որ զենիթային C 300 կայանքների հնարավոր վաճառքը Ադրբեջանին ոչ միայն ի վնաս մեզ չէ, այլ հակառակը՝ նպաստում է խաղաղությանը, քանի որ պատերազմ լինում է, երբ խախտվում է սպառազինությունների հավասարակշռությունը։ Խոսքերն, ինչպես ասում են, ավելորդ են։ Մնում է համակերպվել եւ իսկական հայավարի հյուրասիրություն կազմակերպել ամենակարեւոր երկրի նախագահի համար։