Ձեւավորում են նոր կուսակցություն

19/08/2010 ԱՐՄԻՆԵ ԱՎԵՏՅԱՆ

«Չեմ թաքցնում, որ նոր ուժի ստեղծման անհրաժեշտությունը տեսնում եմ եւ ամեն ինչ անելու եմ, որ այդ ուժը ստեղծվի: Ես ինքս բավական գործուն մասնակցություն եմ ունենալու դրա մեջ: Ես գտնում եմ, որ մեր հասարակությանը, մեր քաղաքական դաշտին անհրաժեշտ է նոր ուժ: Ինքս տալիս եմ այդ նոր ուժի գաղափարական հիմնավորումներն իմ հոդվածներով: Բնականաբար, գաղափարական վեկտորների հստակեցումից, համախոհների թիմի առկայությունից հետո կգնա կազմակերպչակառուցվածքային պրոցես, եւ կփորձենք մասնակցել քաղաքական գործընթացներին»,- ասում է «7օր» կայքի հիմնադիր Անդրանիկ Թեւանյանը` խոսելով քաղաքական նոր թիմ ձեւավորելու մասին: Ավելացնենք, որ երեկ այդ կայքում տեղադրած իր խմբագրականը նա ավարտել էր այս տողերով. «…ստեղծվել է քաղաքական վակուում, որը բնության բոլոր օրենքներով չի կարող երկար պահպանվել ու կլցվի նոր ուժի կողմից, եթե, իհարկե, մենք որոշել ենք Նոր Հայաստան կառուցել ու չհամակերպվել իրերի այսպիսի դրության հետ»: Եվ հատկապես այս խմբագրականից հետո քաղաքական շրջանակներում խոսակցություններ շրջանառվեցին, որ Ա.Թեւանյանի հիշատակած «նոր ուժն» իրականում ստեղծված է, մնում է միայն այդ մասին հանրությանն իրազեկել: Ընդհանրապես Ա.Թեւանյանն ու իր վերը նշված լրատվամիջոցը առանձնանում են եւ՛ գործող իշխանություններին, եւ՛ արմատական ընդդիմության` ՀԱԿ-ին ուղղված սուր քննադատություններով: Եվ այստեղ շատ հաճախ տեղ գտած նյութերը ու դրանց հեղինակների անունները ենթադրությունների տեղիք են տալիս, որ այն սպասարկում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահերը: Այս հանգամանքները նկատի ունենալով` արդյո՞ք Ա.Թեւանյանի ակնարկած ու նրա մասնակցությամբ ձեւավորվելիք ուժը նույն Ռ.Քոչարյանի նախաձեռնությունը չէ: Մեր զրուցակիցը ուղղակի չպատասխանեց այս հարցին, ընդամենն ասաց, թե իրեն հայտնի է, որ Ռ.Քոչարյանը քաղաքականությամբ չի զբաղվում: Իսկ թե երբ այդ նախաձեռնությունը կդառնա թիմ, Ա.Թեւանյանը չասաց` նշելով, թե դա դեռ պրոցես է, դեռ գաղափարներ են առաջ քաշվում: Նրա խոսքերով՝ եթե զգան, որ հասարակության մեջ դրա անհրաժեշտությունը կա, կձեռնարկեն կազմակերպչակառուցվածքային պրոցեսը: Շրջանառվող խոսակցությունների համաձայն, սակայն, այդ կառույցն ու կազմակերպչական աշխատանքները արդեն ավարտին են մոտենում, եւ առաջիկայում կհայտարարվի նոր քաղաքական կուսակցության ստեղծման մասին: Ա.Թեւանյանը նաեւ չցանկացավ ասել, թե իրենից բացի՝ ովքեր են ընդգրկված այդ նոր թիմում: «Ես այս պահին չէի ուզենա անուններ տալ, որովհետեւ սա այդ թեմայով առաջին հարցազրույցն է: Եվ այդ մարդկանց հետ անուններ տալու պայմանավորվածություն չկա: Բայց կան հասարակության մեջ բավական հարգանք եւ հեղինակություն վայելող մարդիկ: Նրանք հիմնականում մտավոր, վերլուծական բնագավառից են»,- ասաց Ա.Թեւանյանը` ավելացնելով, թե քաղաքական գործիչներ կամ նախկին պաշտոնյաներ չկան այդ թիմում: Մեր հարցին, թե արդյոք իր համախոհները կայքում վերլուծական հոդվածներով հանդես եկող անձի՞նք են, Թեւանյանը դրական պատասխան տվեց: