ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, ԱՄՆ Մարշալի Գերմանական Հիմնադրամի (GMF) ավագ փորձագետ Դեւիդ Կրամերի կարծիքով` Վաշինգտոնը հազիվ թե արձագանքի ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացմանը: «Այս շաբաթ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կայանալիք այցի ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու ռուսական ռազմական բազայի վերաբերյալ 1995թ. կնքված համաձայնագրի ակնկալվող նորացումը»,- «Մեդիամաքսին» ասել է Դ. Կրամերը` նշելով, թե ՀՀ-ում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետի երկարացումը մինչեւ 2044թ. կամրապնդի Ռուսաստանի դիրքերը ՀՀ-ում: «Այդ համաձայնագիրը կհետեւի Ղրիմում ռուսական Սեւծովյան նավատորմի ներկայության երկարացմանը մինչեւ 2042թ.: Այդ քայլերը Ռուսաստանի վերադարձի ապացույցն են` որպես տարածաշրջանում գերիշխող դերակատար»,- ասել է նա: Պաշտոնաթող դիվանագետը նշել է, որ «որոշակի մտավախություն կա այն կապակցությամբ, որ համաձայնագրի երկարացումը թանկ կարժենա Հայաստանի համար` նրան չափազանց կախյալ դարձնելով ՌԴ-ից»: «Մյուսները կարծում են, որ Հայաստանն այլընտրանք չունի` հաշվի առնելով լարվածությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի սառեցումը: ԱՄՆ արձագանքն այդ զարգացմանը քիչ հավանական է, քանի որ երկու կողմերն այդ քայլին են գնում սեփական կամքով, թեեւ ոմանք կհակադարձեն` ասելով, որ դա հնարավոր չէ` հաշվի առնելով երկու երկրների անհամաչափությունը»,- ասել է Դ. Կրամերը: