Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Նաիրիտ» քիմիական գործարանը մատնվել է պարապուրդի: Այս տարվա փետրվար ամսից գործարանը ոչ մի կիլոգրամ արտադրանք չի տվել, իսկ նախկինից մնացած կաուչուկը վաճառվել է վաղուց:
Այս թեմային մեր թերթը բազմիցս անդրադարձել է: «Նաիրիտից» սակայն մեզ տեղեկացրել էին, որ, չնայած գործարանում առաջացած խնդիրներին, բոլոր աշխատակիցների աշխատավարձերը վճարվում են ժամանակին: Բայց պարզվում է, որ գործարանը ընդհանրապես ֆինանսական միջոցներ չունի, եւ բացի այն, որ հսկայական պարտք ունի օգտագործած գազի եւ լույսի դիմաց, նաեւ 3 ամսվա աշխատավարձի պարտք է կուտակել: Գործարանի աշխատակիցները որոշել են դիմել նախորդ տարիների փորձված մեթոդին` նորից գործադուլ անել ու ցույցի դուրս գալ: Հիշեցնենք, որ թե 2008-ին, եւ թե անցյալ տարի «նաիրիտցիների» աշխատավարձերը վճարվեցին միայն կառավարության շենքի առջեւ երկօրյա ցույցերից հետո: Սակայն, հիմա գործարանի վիճակը շատ ավելի վատ է, քան 1 կամ 2 տարի առաջ: Եթե նախորդ տարիներին «Նաիրիտի» ղեկավարությունը կարողացել է իր հիմնական միջոցների գրավադրմամբ վարկ վերցնել ու պարտքերի մի մասը մարել, հիմա դա արդեն անհնար է: Բանկերն ու վարկային կազմակերպությունները հրաժարվում են վարկ տրամադրել, քանի որ գործարանը այդ գումարները հետ վերադարձնելու որեւէ իրական երաշխիք չի կարող ներկայացնել: «Գրանդ Թորնթոն» անկախ աուդիտորական ընկերությունը, որն իրականացրել է «Նաիրիտ» գործարանի ֆինանսական վիճակի աուդիտը, բավականին ուշագրավ թվային տվյալներ է բացահայտել: Այդ հաշվետվությանը ծանոթանալուց հետո պարզ է դառնում, թե ինչու գործարանը չի կարողանում վճարել աշխատավարձերը: Այսպես, նախորդ տարի գործարանի ղեկավարությունը 2 անգամ շատ գումար է հատկացրել գործուղումների եւ ներկայացուցչական միջոցառումների համար, քան 2008-ին: Եթե 2008-ին այդ նպատակով ծախսված գումարը կազմել է 31 մլն դրամ, ապա նախորդ տարի այն հասել է 64 մլն դրամի:
Ուշագրավ է նաեւ այն, որ չնայած գործարանի ճգնաժամային վիճակին, բարձրացվել են ղեկավար կազմի աշխատավարձերը: Եթե 2008-ին գործարանի ղեկավար կազմը, այսինքն՝ 20 հոգի միասին ստացել են 187 մլն 506 հազար դրամ աշխատավարձ, ապա նախորդ տարի նրանց աշխատավարձ տրամադրելու համար հատկացվել է 234 մլն 428 հազար դրամ: Ստացվում է, որ յուրաքանչյուր աշխատող միջինը ստացել է տարեկան ավելի քան 11,5 մլն դրամ աշխատավարձ: Մինչդեռ 2100 բանվորների աշխատավարձը տարեկան կազմել է ընդամենը 140 մլն դրամ: 1 բանվորի համար սահմանված է միջինը 66 հազար դրամ աշխատավարձ, որը, փաստորեն, ամիսներ շարունակ չի վճարվում:
Նշենք նաեւ, որ եթե 2008-ին կաուչուկի վաճառքից գործարանն ունեցել է մոտ 5 մլրդ դրամի հասույթ, ապա նախորդ տարի այն կազմել է ընդամենը 1 մլրդ 601 մլն դրամ, որը հազիվ բավականացրել է ղեկավար կազմի աշխատավարձերի եւ վարկերի տոկոսները վճարելու համար: Գումարի մի մասն էլ տրամադրվել է գազի եւ հոսանքի պարտքի մարմանը: Այսօրվա դրությամբ «Նաիրիտը» ունի ավելի քան 300 մլն դրամի հասնող հարկային պարտավորություններ: Բացի այդ, չի մարվել նաեւ ԱՊՀ միջպետական բանկից ստացված 36 մլրդ դրամ պարտքը, որի տոկոսների մարման համար գործարանը ավելի քան 2 մլրդ դրամ տոկոս է վճարել:
Աշխատակիցներն ասում են, որ, գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը երեկ իրենց հորդորել է, որ ցույց չանեն, չբողոքեն, ու հավաստիացրել է, որ չնայած հսկայական պարտքերին, 1-2 օրվա ընթացքում նրանց աշխատավարձերը կվճարվեն: Սակայն աշխատակիցներն այդ խոստումներին արդեն չեն հավատում, նրանք ասում են, որ նման խոստումներ լսում են գրեթե ամեն օր: Տեղեկացանք նաեւ, որ Վ. Մելքոնյանը խուսափում է աշխատավայրում գտնվելուց: Չի բացառվում, որ առաջիկայում նա ազատվի աշխատանքից: Հայաստանում աշխատանքային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ Աշխատանքի պետական տեսչությունը: Աշխատանքային պայմանների, աշխատողների աշխատանքային իրավունքների, այդ թվում՝ նաեւ աշխատավարձի ժամանակին վճարման հետ կապված խնդիրները եւս մտնում են տեսչության իրավասությունների մեջ: «Նաիրիտի» աշխատակիցների խնդրի հետ կապված երեկ զրուցեցինք նաեւ տեսչության պետի տեղակալ Արմեն Սմբատյանի հետ: Պարոն Սմբատյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք գործարանի աշխատակիցներից հարցի առնչությամբ դժգոհություն չեն ստացել: Իսկ գրավոր դիմում-բողոք ստանալուց հետո միայն իրենք կարող են «Նաիրիտում» ստուգումներ իրականացնել:
Երեկ «Նաիրիտի» գործադիր տնօրեն Վահան Մելքոնյանին խնդրեցինք պարզաբանել գործարանում ստեղծված իրավիճակն ու տեղեկացնել, թե երբ կվճարվեն աշխատավարձերը: «Այո, ճիշտ է, գործարանն այսօր աշխատավարձի պարտք ունի: Այն կազմում է մոտավորապես 820 մլն դրամ: Պարտքի կեսը կամ կեսից ավելին կմարվի վաղը, իսկ մյուս մասը՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը: Այսինքն, վաղը կմարվի 500 միլիոն դրամի չափով աշխատավարձ»: Վ. Մելքոնյանն ասաց, որ ղեկավար կազմը եւս չի ստացել աշխատավարձ, բացի այդ, նրանց պարտքը ժամկետի առումով ավելի շատ է, քան բանվորներինը: Պարոն Մելքոնյանի տեղեկացմամբ, 1 բանվորի միջին աշխատավարձը 130 հազար դրամ է: Իսկ մեր այն հարցին, թե ինչ միջոցներով են վճարվելու աշխատավարձերը, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Գործարանի սեփական միջոցների հաշվին, որը հիմնականում ձեւավորվում է արտադրանքի իրացումից: Ճիշտ է, գործարանը հիմա չի աշխատում, բայց արտադրանքի իրացումը միշտ ավելի ուշ է տեղի ունենում, քան արտադրվում է: Այնպես որ, իրացումը դեռ շարունակվում է»: Ինչ վերաբերում է իր` աշխատանքից ազատմանն ու նրան, որ աշխատակիցներից ոմանք գործարանի քարուքանդ եղած վիճակի համար մեղադրում են հենց տնօրենին, պարոն Մելքոնյանն ասաց. «Ես նման տեղեկություններ չունեմ: Եթե շինարարությունը նշանակում է քարուքանդ վիճակ, ապա նման դիտարկումներին ես ոչինչ չեմ կարող պատասխանել: Այս պահին գործարանում ընթանում են վերակառուցման աշխատանքներ»: