Ուրիշի երեխան

19/08/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հուլիսի 16-ին ԼՂՀ ՊԲ Մարտակերտի զորամասերից մեկում զոհվել է ժամկետային զինծառայող, 22-ամյա սերժանտ Արմեն Ավագյանը: Հուլիսի 27-ին, Տավուշի մարզի Չինար գյուղի հարեւանությամբ գտնվող մարտական հենակետում զոհվել է 31-ամյա պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանը: Հուլիսի 28-ին Մարտունիում գտնվող ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում տեղի ունեցած զինված միջադեպի պատճառով զոհվել է 6 զինվորական: Սա աննախադեպ վիճակագրություն չէ՞. 12 օրում Ազգային բանակում կորցրել ենք 8 երիտասարդի: Հասարակական քննարկումների ալիքն այս անգամ եւս որքան բուռն էր, նույնքան անառողջ եւ ոչ տեղին: Քննարկումներն այնքան քաղաքականացված ու անձնավորված էին, որ հաճախ հնարավոր չէր հասկանալ` իսկ ի՞նչ է պատահել: Չգիտես ինչու` պաշտոնական տեղեկատվությունը հիշեց ադրբեջանական բանակի համանման օրինակները: Իբր` նման երեւույթները հատուկ են նաեւ հակառակորդի բանակում, հետեւաբար` անհանգստանալու անհրաժեշտություն չկա:

Սուր զգացողությունների սիրահարներին եւ կատակասերներին ոգեւորեց սոցիալական ցանցում Պաշտպանության նախարարին ուղղված ինքնասպանության առաջարկը: Լրագրողներն անգամ սկսեցին լրջորեն հետաքրքրվել քաղաքական գործիչներից` հիմա` պե՞տք է ինքնասպան լինի ՊՆ նախարարը, թե՞ ոչ: Անպտուղ քննարկումներին լրագրության ակսակալներից մեկը հակադարձեց` ինչո՞ւ պահանջել Սեյրան Օհանյանի հրաժարականը կամ ինքնասպանությունը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, Վազգեն Սարգսյանի ՊՆ նախարար եղած ժամանակ Ազգային բանակում մահվան ելքով բազմաթիվ դեպքեր են եղել: Ապա ընդդիմության ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը որոշեց հանդիպել Սեյրան Օհանյանին: Հանդիպումից հետո նա, հավանաբար` վստահ, որ սփոփում է որդեկորույս ծնողների վիշտը, ասաց, որ նախարարը վճռական է բացահայտելու հանցագործությունը: Մինչ այդ, օգոստոսի 6-ին, ՊՆ նախարարը հրավիրեց ՊՆ կոլեգիայի արտահերթ նիստ, որի ընթացքում, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ, դահլիճ բերվեցին մեղավոր զինծառայողները: Նրանք հոտընկայս եւ գլխիկոր լսեցին իրենց պատժի լուրը` աստիճանազրկում կամ հեռացում զբաղեցրած պաշտոնից: Պատժվեցին միայն զինվորականներ: Իսկ եթե լրջորեն ուսումնասիրվեին գործերը, եթե, առհասարակ, փորձ արվեր հասկանալ մահվան ելքով ավարտված յուրաքանչյուր գործ, պարզ կդառնար, որ կոռուպցիայի եւ պաշտոնական, մասնագիտական դիրքի չարաշահման համար պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ միայն բարձրաստիճան զինվորականները, այլեւ զինկոմիսարիատի պատասխանատուները, եւ առաջին հերթին այն բժիշկները, ովքեր բանակ են ուղարկում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող երիտասարդներին, երիտասարդների, ովքեր ունեն առողջական այլ խնդիրներ:

Բժշկական հանձնաժողովի եզրակացությունները, հոսպիտալներում պահվող զինվորականներին անհրաժեշտ դիագնոզ տալ-չտալը, ինչպես գիտեն զորակոչիկների ծնողները, մեծ գումարներ են: Բժիշկները կաշառք են պահանջում բացահայտ եւ ցինիկաբար: Նաեւ անպատիժ:

Արձանագրենք, որ ո՛չ հասարակական քննարկումներից, ո՛չ ՊՆ նախարարի եւ Սուրեն Սուրենյանցի հանդիպման լուրից եւ ո՛չ էլ ՊՆ կոլեգիայի նիստից հետո զոհված զինվորականների հարազատներն այդպես էլ չսփոփվեցին: Հուլիսի 28-ին զոհված զինծառայող Անդրանիկ Սարգսյանի հայրը` Սարգիս Սարգսյանը, լրագրողներին պատմել էր, թե ինչպես է իմացել որդու մահվան բոթը, եւ ինչ վիճակում են իր որդու անկենդան մարմինը տեղափոխել Երեւան եւ հանձնել ծնողներին: Այդ ամենը լսելը բավական ծանր էր: Զոհված զինվորներից մեկի մարմինն այն վիճակում է եղել, որ որդեկորույս հայրն անգամ ստիպված է եղել հուսահատությունից ծեծել կնոջն, ով փորձել է տեսնել որդուն, հրաժեշտ տալ նրան: Նման սահմռկեցուցիչ եւ տգետ վերաբերմունքը հայ զինվորի եւ զինվորի հարազատների հանդեպ, եթե կուզեք, լուրջ հարված է պետության անվտանգությանը: Եվ իրենց զավակներին բանակ ուղարկելուց առաջ ծնողներն արդեն շա՜տ ավելի երկար կմտածեն: Նման վերաբերմունքը հիշեցնում է Մուսալեռից գաղթած Արաքս տատին, ով ասում էր. «Աշխարհում ամենաէժան բանն ուրիշի երեխան է»:

Եվ յուրաքանչյուր ծնող ինքն է ստիպված զբաղվել իր զավակի անվտանգության հարցերով: Տասը հազար դոլար: Այս թիվը արդեն տասնյակ տարիներ շարունակ հայտնի է բոլոր նրանց, ովքեր ունեն զորակոչի ենթակա որդիներ: Այդ գումարը ցանկություն ունեն վճարել բոլոր ծնողները, ովքեր չեն ցանկանում, որ իրենց զավակները ծառայեն բանակում: Դատելով նրանից, որ զորակոչի ժամանակ երիտասարդները շարունակում են համալրել բանակը, վճարունակ են ոչ բոլորը:

Բնակարանը կամ արժեքավոր այլ բան վաճառելուց եւ անհրաժեշտ գումարը ձեռք բերելուց հետո միակ բարդությունը վստահելի միջնորդ գտնելն է: Կաշառքի չափը որոշել են ոչ թե ծնողները, այլ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք գիտեն բանակում ծառայելու իրական գինը եւ գումարի չափն օդից չեն վերցնում. որքան մեծ է ռիսկը, որ զորակոչիկը բանակում կկորցնի հոգեկան հավասարակշռությունը կամ, ի վերջո, կզոհվի, այնքան գումարը մեծանում է: Եվ, կարող եք հավատալ, Ազգային բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, երբ անհասկանալիորեն ընդհատվեց 8 հայ երիտասարդի կյանք, ոչինչ չեն փոխի բանակում: Հատկապես հասարակական նմա՛ն քննարկումներից հետո: Կավելանա կոռուպցիան, բանակից ազատվելու գինը կմեծանա: Ծնողներն արդեն պատրաստ կլինեն վճարել կրկնակի: Եվ վտանգավորն այն է, որ այդ ծնողներին կարելի է հասկանալ. նրանք կդիմեն ամենահուսահատ քայլերի, պատրաստ կլինեն սիրով վճարել որքան հարկն է եւ ում հարկն է, միայն փրկեն իրենց որդիներին բանակում ծառայելուց: «Գելլափի» հարցումը` հայաստանցիների քանի՞ տոկոսն է պատրաստ հեռանալ հայրենիքից, այսպիսին էր` 39 տոկոսը: Այս թիվը գոնե ինձ համար համոզիչ չէ. իմ շրջապատում իրենց ապագան Հայաստանի հետ կապող մարդիկ ահավոր քիչ են: Իսկ եթե հարցում արվի` երիտասարդների քանի՞ տոկոսն է ցանկանում ծառայել Ազգային բանակում, կռահո՞ւմ եք` ինչ պատկեր կլինի: Եռանիշ թիվ, քանի որ Ազգային բանակում զոհվելը դարձել է պարզապես մահանալու եղանակներից մեկը:

Իսկ պատերազմի հավանականության մասին զրույցները չեն լռում…