Անուն, որը չպետք է տրվի

09/10/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Դուք իզուր տվեցիք նախագահի անունը: Ես անձամբ ճանաչում եմ
հանրապետության նախագահին եւ չեմ կարծում, որ նա ձեզ անձամբ կդրդեր
անօրինական գործողությունների»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի
ժամանակ Սերգո Երիցյանին ուղղված իր ելույթում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր
Ռազմիկ Մարտիրոսյանը, ով երեքշաբթի օրն արդեն բավականին պատկերավոր
նկարագրել էր ԵՊՀ-ում տիրող «աղետը»: Իսկ հիմա ավելի մանրամասն:

Ռազմիկ Մարտիրոսյանն իր կարճատեւ ուսումնասիրությունների արդյունքում
պարզել էր, որ օգոստոսին իրավաբանական ֆակուլտետ ընդունվածների թիվը եղել
է 125, իսկ սեպտեմբերին դարձել է 175: Այսօր այդ ֆակուլտետում սովորում է
202 ուսանող. այսինքն՝ 26 ուսանող հավելագրված է այդ ֆակուլտետին: Ավելին,
պատգամավորը խորանալով պարզել է, որ վիճակը նույնն է նաեւ մյուս
ֆակուլտետներում: Կանխատեսումները, որ Ս. Երիցյանն անպատասխան չի թողնի Ռ.
Մարտիրոսյանի հայտարարությունները, անհիմն չէին: ՕԵԿ պատգամավոր Հեղինե
Բիշարյանն իր կուսակից նախարարին այդ կապակցությամբ հարց ուղղեց (ինչպես
միշտ), եւ Ս. Երիցյանը բավական լուրջ դեմքով գրպանից հանեց թվերն ու սկսեց
ընթերցել` հայտարարելով, թե նման 5 դեպք է ընդամենը եղել, որին տեղյակ է
նաեւ Ռոբերտ Քոչարյանը: «Խորհուրդ կտայի նախագահի մոտ գնալուց եւ նրա
անունը տալուց առաջ անձամբ խորհրդակցեիք իրավաբանների հետ,- Երիցյանին
հորդորեց Ռ. Մարտիրոսյանը` հավելելով,- դուք 5 դեպքի մասին խոստովանեցիք
եւ այն դիմորդներին, ովքեր ընդամենը մեկ հայտ են լրացրել մեկ
մասնագիտության համար, ընդունել եք իրավաբանական ֆակուլտետ` խախտելով
մյուսների իրավունքները»: Հանրապետական պատգամավորը հայտարարեց նաեւ, որ
այս երեւույթը մասսայական բնույթ է կրում, եւ երեկ հանդիպել է Սերգո
Երիցյանից խաբված Բժշկական ինստիտուտի եւս մեկ դիմորդի, ով ստանալով 20
միավոր` դուրս է մնացել ինստիտուտից, իսկ 17 միավոր ստացած դիմորդն արդեն
ուսանող է: Ս. Երիցյանն էլ հակադարձեց` ասելով` «դեմագոգիան այն ժանրը չէ,
որ դու պետք է օգտագործեիր ու շահարկեիր: Իմ կողմից որեւէ կանոն չի
խախտվել»: Իսկ հետո ասաց, թե Ռ. Մարտիրոսյանն այդ հարցում անձնական
շահագրգռվածություն ունի, որի մասին պատգամավորն առանձնազրույց է ունեցել
իր հետ: «Սա քո հոգու ճիչն է, որն անձնական հիմքեր ունի եւ ոչ թե
հասարակական հնչեղություն կամ համալսարանականների կողմից հնչող ինչ-որ մի
բան»,- ասաց Ս. Երիցյանը: Ռ. Մարտիրոսյանը հաստատեց իր ազգականի հետ
կապված խնդիրը` ավելացնելով սակայն, որ դա միակ դեպքը չի եղել. «Ես
ընդունում եմ ձեր մարտահրավերը: Դուք մարտահրավեր եք նետում
ողջամտությանը, համալսարանական մտավորականությանն ու ինձ, եւ ես պատրաստ
եմ փաստերը ներկայացնել հանրությանը»,- սպառնաց Ռ. Մարտիրոսյանը: «Ձեր
մարտահրավերները պահեք ձեզ եւ մի՛ խառնեք համալսարանի մարտահրավերներին»,-
իր հերթին ասաց Սերգո Երիցյանը:

Իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վստահեցրեց, որ ՕԵԿ նախարարի ու ՀՀԿ
պատգամավորի վեճը չի հասնի կուսակցական բախումների. «Իրենք հետամուտ
կլինեն իրենց հարցերի պարզաբանմանը, եւ ես չեմ ցանկանա կուսակցությունները
խառնել երկու պատգամավորների հարցուպատասխանին»: