ԱՄՆ-ի եւս մեկ կոնգրեսական հայտարարել է Հայոց ցեղասպանության 252 բանաձեւին աջակցելու իր մտադրության մասին: Ըստ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի, Նյու Յորք նահանգից ընտրված կոնգրեսական Փիթ Քինգը խոստացել է պաշտպանել բանաձեւը, որում կոչ է արվում «համարժեքորեն արտացոլել Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանությունը»: «Մենք շատ ուրախ ենք բանաձեւին աջակցողների շարքերում տեսնել Փիթ Քինգին: Հուսով ենք, որ բանաձեւը կընդունվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում»,- ասել է ANCA-ER-ի գործադիր տնօրեն Կարո Մանջիկյանը: Իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Փիթ Քինգը նաեւ հանդես է եկել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին օտարերկրյա օգնությունն ավելացնելու եւ Արցախի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության օգտին: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսում բանաձեւը ներկայացվել է 2009թ.: